Սոցցանցերում հոկտեմբերի 25-ից տարածվում է տեղեկություն, թե փակվում է «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանը, իսկ շենքը վաճառվում է 930 հազար դոլարով։ Պնդումների համաձայն՝ թանգարանի սեփականատերը ճնշումների է ենթարկվել և ստիպված է եղել վաճառքի հանել շենքը։
Տեղեկության սկզբնաղբյուրը previews - cinema, arts & beyond ֆեյսբուքյան էջն է, որը գրառման մեջ պնդել է, թե թանգարանի փակումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնած՝ «մեր հիշողության դեմ» արշավի մի մասն է։
«Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան ճնշման է ենթարկվել թանգարանի շենքի ներկայիս սեփականատերը, ով և ստիպված վաճառքի է հանել թանգարանի շենքը՝ նշված գումարով»,- ասվում է գրառման մեջ։

Հեղինակը նույն «արշավի» շրջանակում է ներկայացնում նաև Թալինի համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի ճակատից Զորավար Անդրանիկի խճանկարը հեռացնելու դեպքը։
Գրառման հեղինակը նաև պնդում է, թե թանգարանը վաճառելու համար դիմել են ռուսաստանցի բրոքերների, որոնք տեսանյութ են պատրաստել՝ ցույց տալով, թե ինչպես է այն վերածվում մանկապարտեզի։
Ի՞նչ «ապացույցներ» են ներկայացվում
Գրառման մեջ որպես ապացույց հղում է արվում TikTok-ում տարածված տեսանյութին։
Տեսանյութը սկսվում է Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ «Չունենք մենք հայոց պատմություն»։ Այնուհետև ԱԲ-ով գեներացված ձայնը հայտարարում է, թե «Զորավար Անդրանիկի հետևից շատ կոնկրետ են ընկած»։
Թեև Ժաննա Անդրեասյանն իսկապես նման արտահայտություն արել է, տեսանյութում այն ներկայացվում է մանիպուլյատիվ համատեքստում։ 2025-ին Անդրեասյանն ասել էր՝ «Չունենք հայոց պատմություն, ունենք Հայաստանի պատմություն»։ Սակայն տեսանյութում օգտագործվել է խոսքի միայն առաջին հատվածը՝ փոխելով ասվածի իմաստը։
Թանգարանի փակման և դրա ունեցվածքի վաճառքի մասին պնդումները շարունակվում են նաև գրառման մեկնաբանություններում։ Օգտատերերից մեկը, օրինակ, գրում է. «Վաճառվում են նաև թանգարանի ցուցանմուշները (այդ թվում՝ Անդրանիկի նամակները, թրերը և այլն)»։
Նշենք, որ «previews - cinema, arts & beyond» էջը ստեղծվել է 2025-ի դեկտեմբերի 30-ին և հիմնականում ժամանցային բովանդակություն է տարածում։ Հրապարակման պահին էջն ուներ ընդամենը 90 հետևորդ։
Թանգարանի սեփականատերն ու տնօրինությունը հերքում են տեղեկությունը
«Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի տնօրեն և շենքի սեփականատեր Ժորժետա Առաքելյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց թանգարանի փակման և շենքի վաճառքի մասին տեղեկությունը։
«Դա իրականությանը մոտ չէ, բոլորը սուտ է, լրիվ սադրանք ու խաբեություն։ Մենք բնականոն աշխատում ենք, ոչ մի նպատակ չունենք վաճառելու»,- ասաց նա։
Առաքելյանը հերքեց նաև թանգարանային նմուշները վաճառելու մասին պնդումները։ Նրա խոսքով՝ թանգարանը մասնավոր է, հավաքածուները նույնպես մասնավոր են, ուստի նախարարությունը չի կարող իրենց հրահանգել փակել թանգարանը։
«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք, մենք էլ ենք ուզում այս աղմուկի արմատները գտնել, ասում եմ՝ լրիվ սադրանք է»,- ասաց տնօրենը։
Թանգարանի մշակույթի բաժնի ղեկավար Սիլվա Սիրեկանյանը նույնպես տարածվող տեղեկությունները համարում է սադրանք՝ ենթադրելով, որ դրանք քաղաքական նպատակներ ունեն։
Նրա խոսքով՝ թանգարանը շարունակում է գործել, կազմակերպում է ցերեկույթներ, շնորհանդեսներ, մեծարման միջոցառումներ և հանդիպումներ։ Սիրեկանյանի խոսքով՝ թանգարանը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ:
Սիրեկանյանը ևս հերքեց ցուցանմուշների վաճառքի մասին պնդումը՝ նշելով, որ թանգարանը շարունակում է նոր նմուշներ ստանալ նվիրատվությունների միջոցով։
Տնօրենը նաև պարզաբանեց, որ թանգարանը կարող է փակ լինել, եթե այցելուները եկել են աշխատանքային ժամերից դուրս։ Նրա խոսքով՝ թանգարանն աշխատում է ժամը 12:00-ից 16:00-ը։
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ նախարարությունը կապ չունի թանգարանի հետ։
«Դա մասնավոր թանգարան է և մասնավոր հավաքածու։ Միանշանակ, նման հանձնարարական նախարարության կամ նախարարի կողմից չի հնչել»,- ասաց նա։
Ինչի՞ց սկսվեց Զորավար Անդրանիկի մասին աղմուկը
Հոկտեմբերի 23-ին լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություն տարածվեց, թե Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով պատրաստված խճանկարը հեռացվել է։
Այն սոցցանցերում ներկայացվեց որպես ներկայիս իշխանությունների՝ հայկական արժեքները ոչնչացնելու քաղաքականության դրսևորում (1, 2, 3)։
Աղմուկին արձագանքեց Թալինի համայնքապետ Տավրոս Սեփեյանը` հայտնելով, որ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվում է Անդրանիկի անունը կրող փողոցի սկզբնամաս՝ «Արտենիի կենտրոնում գտնվող առավել հարմար և խորհրդանշական վայր»։
Այնուհետև հրապարակվեցին տեսանյութեր, որոնցում երևում է խճանկարի տեղափոխման գործընթացը։ Մեկ այլ տեսանյութում երևում է խճանկարը նոր տեղում։
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանն անդրադարձավ նաև դպրոցի պատից Անդրանիկի խճանկարը հեռացնելու դեպքին։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է տեղական մակարդակում՝ դպրոցի տնօրինության և համայնքի համագործակցությամբ։
Ըստ նրա՝ խճանկարը տեղադրված էր բետոնե հատվածի վրա, որի կոնստրուկցիան չէր համապատասխանում նկարի ծանրությանը, և առկա էր փլուզման վտանգ։ ծ
Այսպիսով, թանգարանի փակման և 930 հազար դոլարով վաճառքի մասին տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











