Գլխավոր Լրահոս

ԱԲ-ով կեղծված հայտնի դեմքեր՝ նույն գովազդային սխեմայում

ԱԲ-ով կեղծված հայտնի դեմքեր՝ նույն գովազդային սխեմայում

Սոցիալական ցանցերում օգոստոսի վերջից տարածվում են գովազդային տեսանյութեր, որտեղ հայտնի կարդիովիրաբույ Բագրատ Ալեքյանը իբրև ներկայացնում է արթրոզը կարճ ժամանակում բուժող բաղադրատոմս։ Դրանք տարածվում են «Պարզ ամենօրյա մեթոդ՝ առավոտյան թեթևության և ազատ շարժվելու համար: Դիտեք տեսանյութը» վերտառությամբ:

«Ընդամենը մեկ րոպեից ես ձեզ կտամ բաղադրատոմս, որը կվերադարձնի ձեր հոդերի շարժունակությունը ընդամենը 30 օրում: Իմ անունն է բժիշկ Բագրատ Ալեքյան»,-ասվում է տեսանյութերից մեկի մեջ:

Ֆեյսբուքյան հրապարակումները ուղղորդում են դեպի doc.globamed[.]vip կայքը, որտեղ տեղադրված է «5-րդ ալիքի» հաղորդավարի և Բագրատ Ալեքյանի «հարցազրույցը», ինչպես նաև ARTO NOVA դեղամիջոցի վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն։ 

Էկրանապատկերները doc.globamed[.]vip կայքից
Էկրանապատկերները doc.globamed[.]vip կայքից

#CivilNetCheck-ը պարզել է, որ տարածվող տեսանյութերը կեղծ են․ դրանցում օգտագործվել են տարբեր տեսանյութերից վերցված իրական կադրեր, իսկ հերոսների խոսքը փոխվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

Կեղծ հարցազրույց և «բաղադրատոմսի» փոխարեն դեղամիջոց

Ֆեյսբուքում տարածվող տեսանյութերում ԱԲ-ով կեղծման ակնհայտ հետքեր կան․ հայերեն խոսքը բնական չի հնչում, բառերի արտասանությունն ու շեշտադրությունը հաճախ սխալ են։

Բացի այդ, տեսանյութերից մեկը օգտատիրոջն ուղղորդում է doc.globamed[.]vip կայք՝ խոստանալով հոդացավերը բուժող «բնական միջոցի» բաղադրատոմս։ Սակայն կայքում որևէ բաղադրատոմս չկա․ փոխարենը տեղադրված է կեղծ հարցազրույց և գովազդվում է ARTO NOVA միջոցը։

Հարցազրույցը ներկայացվում է իբրև «5-րդ ալիքի» եթերում տեղի ունեցած զրույց, սակայն հաղորդավարի մասնակցությամբ հատվածը վերցված է 2025-ի հունվարի 10-ի «Հայլուր» հաղորդումից, իսկ Բագրատ Ալեքյանի կադրերը՝ Դաղստանի սրտաբանական կենտրոն նրա այցի մասին տեսանյութից։

ԱԲ-ով պատրաստված տեսանյութում Բագրատ Ալեքյանը սկզբում ներկայացվում է որպես Նոբելյան մրցանակի արժանացած գիտնական «Արմենիայից»՝ նկատի ունենալով Հայաստանը։ Ընթացքում բժիշկն ինքն էլ է երկիրն այդպես անվանում։ Հետագայում, սակայն, նույն տեսանյութում հաղորդավարը նրան արդեն ներկայացնում է որպես «ռևմատոլոգ Ադրբեջանից» և նույնիսկ հարցնում, թե արդյոք «Ադրբեջանի հիվանդանոցները չեն կարողանում դիմակայել»։

Տեսանյութում պնդվում է, թե ARTO NOVA «բնական միջոցը» կարող է 17 ժամում վերացնել հոդացավերը, իսկ կառավարության հետ համատեղ ծրագրի շրջանակում այն անվճար տրամադրվում է հոդացավեր ունեցողներին։ Հատկանշական է, որ առաքումը խոստանում են իրականացնել «Արցախի ցանկացած շրջանում»։

Ապրանքը ստանալու համար օգտատիրոջն առաջարկվում է 10 րոպեի ընթացքում լրացնել կայքի ձևաթուղթը՝ նշելով անունն ու հեռախոսահամարը։ Նշվում է, որ դրանից հետո կապ կհաստատի «բժշկի օգնականը»։

#CivilNetCheck-ը փորձարկման նպատակով լրացրեց doc.globamed[.]vip կայքի ձևաթուղթը։ Մեզ հետ կապ հաստատած ներկայացուցիչը, սակայն, հայտնեց, որ ապրանքն անվճար չէ․ այն առաջարկվում է «50% զեղչով»՝ 19 500 դրամով։ Ներկայացուցչի խոսքով՝ ապրանքը կառաքվի նշված հասցեով, իսկ նախնական առցանց վճարում չի պահանջվում։

Սակայն հատկանշական է, որ առևտրի հարթակներում նույն ARTO NOVA արտադրանքը վաճառվում է զգալիորեն ավելի ցածր գնով՝ մոտ 2000-5000 դրամի սահմաններում:

Էկրանապատկերը՝ առցանց առևտրի հարթակից
Էկրանապատկերը՝ առցանց առևտրի հարթակից

«Անտեսանելի» գովազդն ու տարածող էջերը

Գովազդային հրապարակումները տարածվում են Daily Health Insights, Doctor’s Wellness Desk, Expert médical անունով ֆեյսբուքյան էջերով: Երեքն էլ օգտագործում են կասկածելի ու անհասանելի դոմեններով կայքեր, երեքի հրապարակումների բովանդակությունը գրեթե նույնն են: Սակայն գովազդային կեղծ տեսանյութերը բուն էջում տեսանելի չեն: Էջերի հետևորդները տատանվում են 30-70 օգտատերերի շրջանակում:

Էկրանապատկերները ֆեյսբուքյան էջերից
Էկրանապատկերները ֆեյսբուքյան էջերից

Հատկանշական է, որ Daily Health Insights և Doctor’s Wellness Desk էջերը ստեղծվել են օգոստոսի 7-ին, և նույն օրն էլ դրանցում կատարվել են առաջին հրապարակումները։

Էկրանապատկերները ֆեյսբուքյան էջերի տվյալներից
Էկրանապատկերները ֆեյսբուքյան էջերի տվյալներից

Այս երկու ֆեյսբուքյան էջերի հրապարակումները տարածվում են նաև որպես վճարովի գովազդ։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Meta Ad Library-ում նույն բովանդակությամբ 19 ակտիվ գովազդ էր հասանելի։

Էկրանապատկերները՝ Meta Ad Library-ից
Էկրանապատկերները՝ Meta Ad Library-ից

Հին կադրեր, օտարերկրյա լրագրողներ և հայտնիների կեղծ կերպարներ 

Տարբեր էջերից տարածվող գովազդներում կրկնվում է նույն մեխանիզմը․ օգտագործվում են Բագրատ Ալեքյանի հին հարցազրույցներից հատվածներ, ինչպես նաև հայ և օտարերկրյա լրագրողների ու այլ հայտնի դեմքերի իրական կադրեր, որոնց խոսքը փոփոխվում է ԱԲ-ի միջոցով։

Օրինակ օգոստոսի 20-ից տարածվող տեսանյութում ներկայացվում է, թե հայ հաղորդավարուհին հարցազրույց է վարում Բագրատ Ալեքյանի հետ: 

Իրականում կադրերում վրացական «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող է, իսկ այդ հատվածը, ամենայն հավանականությամբ, վերցված է օգոստոսի 5-ի լուրերի թողարկումից։ Ալեքյանի մասնակցությամբ կադրերն էլ վերցված են «Медиа взгляд» յութուբյան ալիքին 2021 թվականի օգոստոսի 21-ին նրա տված հարցազրույցից։ Երկու դեպքում էլ բնօրինակ խոսքը փոխվել է ԱԲ-ի միջոցով։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս գովազդները արհեստական բանականության միջոցով իրականացվող կազմակերպված խարդախություն են։ Հայտնի բժիշկների, լրագրողների ու արտիստների հին կադրերն ու ձևափոխված ձայները չարաշահելով՝ կեղծ էջերը քաղաքացիներին մոլորեցնում են անվճար «բնական բաղադրատոմսի» խոստումով, ինչից հետո փորձում վաճառել շուկայականից մի քանի անգամ թանկարժեք միջոցներ։ 

Տես նաև՝ Հերթական խաբեությունը. հայտնի բժիշկի կերպարն օգտագործում են կասկածելի դեղեր վաճառելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում