Գլխավոր Լրահոս

«Հրաշագործ բուժումներ»՝ ԱԲ դիփֆեյքերով․ ինչպես են հայտնի դեմքերի կերպարներով թանկ գնով հավելումներ վաճառում

«Հրաշագործ բուժումներ»՝ ԱԲ դիփֆեյքերով․ ինչպես են հայտնի դեմքերի կերպարներով թանկ գնով հավելումներ վաճառում

Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնք խոստանում են «ընդամենը յոթ վայրկյանում» կամ «մեկ մթերքով» տան պայմաններում բուժել հիշողության կորուստը և հիպերտոնիան։

«Պատրաստվեք, որովհետև մեկ պարզ հնարք իրոք օգնում է մաքրել ուղեղը մակաբույծներից և վերադարձնել մտքի սրությունն ու պարզությունը, և այս ամենը առանց թանկարժեք դեղերի, անալիզների և հյուծող վարժությունների»,- տեսանյութերից մեկում իբր «պնդում է բժիշկ Վլադիմիր Դադալին»:

#CivilNetCheck-ը պարզել է, որ տեսանյութերում օգտագործվում են արհեստական բանականությամբ պատրաստված դիփֆեյքեր, որոնք օգտատերերին ուղղորդում են կեղծ կայքեր՝ տարբեր հավելումներ շուկայականից թանկ գնով վաճառելու համար:

Վլադիմիր Դադալիի կեղծ կերպարը, Anthropic-ը, ադրբեջանցի տնտեսագետն ու Աննա Ավանեսյանը

Հայալեզու տեսանյութերը հոկտեմբերի կեսերից գովազդով տարածվել են Full Self Care, Body Harmony, Caring Doctors ֆեյսբուքյան էջերի միջոցով։

Հիշողության վերականգնման վերաբերյալ տեսանյութում իբրև խոսող «43-ամյա բժիշկ» Վլադիմիր Դադալին իրականում 88-ամյա ռուս կենսաքիմիկոս ու պրոֆեսոր է։ Նրա դիփֆեյք կերպարը ստեղծվել է համացանցում առկա հարցազրույցների ու նկարների հիման վրա։

Դադալինի դիփֆեյքը պնդում է, թե հիշողության կորստի պատճառը «ուղեղի մակաբույծներն են», և առաջարկում է 7-վայրկյանանոց տնային մեթոդ։ Հավաստիություն հաղորդելու համար հոլովակում անգամ նշվում է, թե «հայկական մեթոդի» մշակմանն իբրև մասնակցել է ամերիկյան Anthropic ընկերությունը։

Տեսանյութն ուղղորդում է net-blyndor[.]rest կայք, որտեղ տեղադրված է ԱԲ-ով ստեղծված մոտ 15 րոպե տևողությամբ «հարցազրույց»։ Դրա տակ հրապարակված են նաև ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների անունից գրված գոհունակության մեկնաբանություններ։

«Հարցազրույցը» վարող լրագրողի կադրերը վերցվել և ԱԲ-ով մշակվել են Հանրային հեռուստաընկերության «Ծնողական ժողով» հաղորդումից։ Կադրերում իրականում հաղորդավարուհի Աննա Ավանեսյանն է։

Էկրանապատկերները՝ Հանրային հեռուստաընկերության «Ծնողական ժողով» հաղորդման թողարկումներից
Էկրանապատկերները՝ Հանրային հեռուստաընկերության «Ծնողական ժողով» հաղորդման թողարկումներից

Կեղծ «հարցազրույցում» օգտագործվել են նաև իբրև բուժման մեթոդից գոհ քաղաքացիների կադրեր։ Նրանցից մեկը ադրբեջանցի տնտեսագետ Վահիդ Մահարրամլին է, որի դրվագները վերցվել են նրա հարցազրույցներից։

Տեսանյութի ավարտից հետո հայտնվում է «Сила Пчелы» սննդային հավելման գովազդը։ Այն առաջարկվում է ձեռք բերել իբր «50% զեղչով»՝ 9 900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցի գինը տատանվում է 1 900-2 800 դրամի սահմաններում։ Կայքում տեղադրված է նաև անձնական տվյալների լրացման դաշտ, որի միջոցով օգտատերերին առաջարկվում է պատվիրել ապրանքն ու ձևակերպել առաքումը։

Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից:
Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից:

Կույրաղիքի վիրահատություն, թուրք գյուղացի և հիպերտոնիայի կեղծ «բուժումներ»

Հիպերտոնիան «մեկ մթերքով» կամ սոդայով բուժելու մասին գովազդային տեսանյութերում նույնպես օգտագործվել են այլ թեմաներով հարցազրույցների կադրեր։

Տեսանյութերից մեկում իբրև բժիշկ ներկայացվող տղամարդը պնդում է, թե Երևանի բժշկական համալսարանում գիտական աշխատանք կատարելիս հայտնաբերել է ճնշումն իջեցնելու «հրաշագործ մեթոդ»։ Իրականում օգտագործվել են ռուսական բժշկական կլինիկայի մասնագետի հարցազրույցի կադրերը։ Բնօրինակ տեսանյութում բժիշկը խոսում է կույրաղիքի բորբոքման վիրահատության ժամկետների և պերիտոնիտի վտանգների մասին։

Մեկ այլ տեսանյութում իբրև 65-ամյա «Արմենը» ներկայացվող տղամարդը պատմում է, թե առավոտյան ջրի մեջ սոդա ավելացնելով հնարավոր է «մաքրել» անոթները։ Իրականում կադրերում Թուրքիայի 70-ամյա բնակիչ է։ Թուրքերեն բնօրինակ հարցազրույցում նա պատմում է իր գյուղի պատմության, անասնապահության և սեզոնային կյանքի մասին։

Տեսանյութերից մեկն ուղղորդում է eu-nexora[.]website կայք, իսկ մյուսը՝ euro-ryxora[.]cyou, սակայն երկու տեղերում էլ տեղադրված է նույն 17-րոպեանոց կեղծ «հարցազրույցը»։ Լրագրողի կադրերը վերցվել և ԱԲ-ով մշակվել են «Доктор знает!» բժշկական հեռուստահաղորդումից, որի հաղորդավարը բժիշկ Բորիս Զիմինն է։

Դրվագները կեղծ հարցազրույցից և իրական հաղորդումից:
Դրվագները կեղծ հարցազրույցից և իրական հաղորդումից:

Կեղծ «հարցազրույցում» կան նաև իբրև բուժման արդյունքներից գոհ մարդկանց դրվագներ։ Նրանց թվում են՝ մշակույթի նախկին նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, վիդեոբլոգեր Ֆիլիպ Էկզոցյանը, Արցախից գործարար Ռեգինա Գալոյանը («Sputnik Արմենիա»-ի հարցազրույցից) և լիբանանահայ Մարալ Նաջարյանը (OC Media-ի հարցազրույցից)։ Տարեց տղամարդու մասնակցությամբ դրվագն էլ վերցրել և մշակել են ռուս վիդեոբլոգերի տեսանյութից։

Տեսանյութի ավարտից հետո տեսանելի է դառնում ALFACARDIN սրտի և անոթների համար նախատեսված միջոցը՝ իբր «50% զեղչով»՝ 19 500 դրամով։ Իրականում, առևտրային առցանց հարթակներում առկա են 5 300-7 400 դրամի տարբերակներ:

Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից:
Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից:

Այսպիսով, հիշողության վերականգնման և հիպերտոնիայի «հրաշագործ բուժումների» մասին գովազդային տեսանյութերը կեղծ են։ Դրանցում օգտագործվում են հանրային դեմքերի՝ արհեստական բանականությամբ մշակված կադրեր և իրական հարցազրույցներից վերցված դրվագներ՝ օգտատերերի վստահությունը շահելու համար։ Իսկ չապացուցված բուժիչ ազդեցությամբ միջոցները վաճառվում են շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում