Գլխավոր Լրահոս

Առցանց «աշխատանքի» խոստումներ․ ինչպես են ԱԲ հնարքներով ու գրավիչ առաջարկներով գումարներ կորզում

Առցանց «աշխատանքի» խոստումներ․ ինչպես են ԱԲ հնարքներով ու գրավիչ առաջարկներով գումարներ կորզում

Սոցիալական ցանցերում հոկտեմբերի 30-ից գովազդի միջոցով տարածվում են տեսանյութեր, որոնցում առաջարկվում է հեռախոսի միջոցով կարճ ժամանակում գումար աշխատել:

«Յուրաքանչյուր առաջադրանքի համար կարող եք ստանալ 500 դրամ։ Ուզում եք իմանալ, թե ինչպես՝ սեղմեք տեսանյութի ներքևում՝ մանրամասների համար»,- տեսանյութերից մեկում ասում է «քաղաքացին»:

Ֆեյսբուքյան այս տեսանյութերին կից գրառումները բոլոր դեպքերում նույնական են և չեն պարունակում որևէ կոնկրետ տեղեկություն։ Դրանցում օգտագործվում են «ընտանեկան ջերմության», «օրվա ռիթմի» և «թվային հնարավորությունների» մասին վերացական ու հուզական ձևակերպումներ։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արագ և հեշտ եկամուտ խոստացող այս տեսանյութերը ստեղծվել են արհեստական բանականությամբ և օգտագործվում են որպես գովազդային խայծ։ Դրանցում ներկայացվող առաջարկները կարող են մոլորեցնել օգտատերերին և խոստացված եկամտի փոխարեն հանգեցնել ֆինանսական կորուստների։

ԱԲ-ով մշակված տեքստեր, տեսանյութեր և .xyz տիրույթով կայք

Տեսանյութերը գովազդվում են ֆեյսբուքյան Lydia Young Meadow և Aurora Flores Spring էջերով, որոնք ստեղծվել են հոկտեմբերի 6-ին։ Էջերում ընդհանուր առմամբ տարածվում է 43 նմանատիպ ակտիվ գովազդ։

Էկրանապատկերները Meta Ad Library-ից
Էկրանապատկերները Meta Ad Library-ից

Արհեստական բանականության հայտնաբերման գործիքների համաձայն՝ թե՛ տեքստերը, թե՛ տեսանյութերը պատրաստվել են ԱԲ-ի միջոցով։

Էկրանապատկերները՝ ԱԲ հայտնաբերման գործիքներից
Էկրանապատկերները՝ ԱԲ հայտնաբերման գործիքներից

Տեսանյութերն իբր ուղղորդում են lragir[.]am լրատվական կայք, սակայն իրականում տանում են 9tul6[.]xyz կայք։ Այնտեղ տեղադրված «նախագծի ղեկավարի» և «մասնակիցների» լուսանկարները վերցված են համացանցից։

Էկրանապատկերները՝ կեղծ կայքից և համացանցից
Էկրանապատկերները՝ կեղծ կայքից և համացանցից

Զեղծարարները հաճախ օգտագործում են էժան դոմեններ, այդ թվում՝ .xyz վերջավորությամբ, քանի որ դրանք թույլ են տալիս քիչ ծախսով կայքեր ստեղծել, իսկ կարճ ժամանակ անց փակել դրանք։

WhatsApp-ից Telegram․ ավտոմատացված նամակագրություն և գումարի կորզման սխեման

Կայքում առաջարկվում է «առցանց տվյալների մասնագետի» աշխատանք՝ օրական 50 000-ից 300 000 դրամ եկամտի խոստումով։ Ըստ հայտարարության՝ աշխատանքը ենթադրում է Alibaba հարթակի պատվերների սպասարկում անմիջապես հեռախոսով՝ միջազգային էլեկտրոնային առևտրի նախագծի շրջանակում:

Էկրանապատկերը 9tul6[.]xyz կայքից
Էկրանապատկերը 9tul6[.]xyz կայքից

Կայքում տեղադրված հղումն օգտատերերին ուղղորդում է WhatsApp՝ «մենեջերի» հետ կապ հաստատելու համար։ #CivilNetCheck-ը նույնպես կապ է հաստատել նրա հետ։ Զրուցակիցը ներկայացել է որպես «նախագծի համակարգող Մայա» և նախ հետաքրքրվել դիմողի սեռով ու տարիքով, ապա առաջարկել հեռախոսով՝ տնից աշխատելու հնարավորություն։ Աշխատանքը, ըստ նրա, ենթադրում է հայտնի առցանց հարթակներում վաճառողների պատվերների սպասարկում՝ օրական 50 000-ից 300 000 դրամ եկամտի խոստումով։

Աշխատանքը սկսելու համար «մենեջերն» առաջարկում է անվճար գրանցվել am.vip03[.]xyz կայքում՝ խոստանալով 1000 դրամ պարգևավճար։ Գրանցումից հետո օգտատերը պետք է ուղարկի դա հաստատող էկրանապատկերը։

Հաշվի ակտիվացումից հետո «մենեջերն» օգտատիրոջն ուղղորդում է Telegram՝ տրամադրելով «ընդունարանի աշխատակցի» հաշիվը (@Veronica542980)։ Նա հորդորում է կապ հաստատել վերջինիս հետ, հետևել նրա հրահանգներին և կատարված քայլերը հաստատող էկրանապատկերներ ուղարկել։ Միաժամանակ խոստանում է, որ աշխատանքի յուրաքանչյուր հաջորդ մակարդակում վարձատրությունը կավելանա։

Էկրանապատկերները «աշխատակիցների» հետ նամակագրություններից
Էկրանապատկերները «աշխատակիցների» հետ նամակագրություններից

Telegram-ում «Վերոնիկա» անունով օգտատերը ներկայանում է որպես Shein-ի ներկայացուցիչ և առաջարկում կես դրույքով աշխատանք՝ խոստանալով 10-15 րոպեում վաստակել 3 000-4 000 դրամ, իսկ օրական՝ 50 000-100 000 դրամ։ ԱԲ պատկերների հայտնաբերման գործիքի գնահատմամբ՝ նրա պրոֆիլի լուսանկարը մեծ հավանականությամբ ստեղծվել է ԱԲ-ով։

Էկրանապատկերը՝ ԱԲ հայտնաբերման գործիքից
Էկրանապատկերը՝ ԱԲ հայտնաբերման գործիքից

«Մենեջերը» նախ պահանջում է միանալ «Shein-ի աշխատանքային խումբ» Telegram-յան ալիքին, ապա հայտնում, որ գրանցման դիմաց տրամադրված 1000 դրամ բոնուսը բավարար չէ։ VIP 1 մակարդակն ակտիվացնելու և «միջնորդավճարներ վաստակելու» համար նա պահանջում է ևս 2000 դրամ փոխանցել տրամադրած բանկային քարտին և ուղարկել վճարման էկրանապատկերը։

#CivilNetCheck-ը Telegram-ի որոնողական բոտի միջոցով պարզել է, որ «Վերոնիկայի» հաշիվը կապված է հնդկական հեռախոսահամարների հետ։ Հաշվի պատմության համաձայն՝ օգտանունը նախկինում եղել է «Shraddha_oo5», իսկ նոյեմբերի 4-ին փոխվել է «Veronica»-ի։

Էկրանապատկերը՝ Telegram-ի որոնողական բոտից
Էկրանապատկերը՝ Telegram-ի որոնողական բոտից

Ուշագրավ է, որ երկու մեսենջերներում էլ ծավալուն հաղորդագրություններն ու հրահանգներն ուղարկվում էին վայրկյանների ընթացքում։ ԱԲ հայտնաբերման գործիքի գնահատմամբ՝ այդ տեքստերը ևս մեծ հավանականությամբ ստեղծվել են արհեստական բանականությամբ։

Էկրանապատկերը՝ ԱԲ ստեղծված տեքստերի հայտնաբերման գործիքից
Էկրանապատկերը՝ ԱԲ ստեղծված տեքստերի հայտնաբերման գործիքից

Այսպիսով, հեռախոսով բարձր եկամուտ խոստացող գովազդների հետևում ֆինանսական խարդախության սխեմա է։ ԱԲ-ով ստեղծված տեսանյութերի և հաղորդագրությունների միջոցով, ներկայանալով Alibaba-ի ու Shein-ի աշխատակիցներ, օգտատերերից պահանջում են անձնական տվյալներ և կանխավճարներ՝ խոստացված եկամտի փոխարեն նրանց կանգնեցնելով ֆինանսական կորուստների վտանգի առաջ։

Տես նաև՝ Հեշտ եկամտի խայծը․ նախ՝ առաջադրանքներ, հետո՝ գումար ներդնելու պահանջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում