Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնք խոստանում են բուժել հոդացավերը, ողնաշարի ճողվածքներն ու վերականգնել լսողությունն իբրև տնային մեթոդներով:
«Սիրելիներս, եթե հոդերդ ցավում են՝ ծնկներ, մեջք, ձեռքեր, ազդրեր, կարդացեք հոդվածը այն մասին, ինչն օգնեց ինձ և որդուս»,- տեսանյութում իբրև ասում է «64 տարեկան Սիրանուշը Վանաձորից»:
Հրապարակումները նոյեմբերի 6-ից տարածել են Care Scope, General Vector, Medicine For Everyone ֆեյսբուքյան էջերով:
#CivilNetCheck-ը պարզեց, որ սրանք արհեստական բանականությամբ պատրաստված դիփֆեյքերով և հնարովի պատմություններով հերթական գովազդային խայծերն են: Օգտագործելով հայտնի անձանց կերպարները՝ տեսանյութերը քաղաքացիներին ուղղորդում են կասկածելի կայքեր՝ շուկայականից թանկ գնով հավելումներ ու կաթիլներ վաճառելու նպատակով։
Հոդացավերը «բուժող» չինացի բժշկի բանաձևն ու ԱԲ-ով գեներացված լուսանկարները
«Վանաձորից 64-ամյա Սիրանուշի» տեսանյութում օգտագործվել են TikTok-ի ռուսալեզու բլոգեր @nadezhda_aleksandrovna_m-ի էջից կադրեր, որոնք մշակվել են ԱԲ-ով։ Հատկանշական է, որ բնօրինակ տեսանյութում բլոգերն իրականում ահազանգում է հենց այն մասին, որ խարդախներն օգտագործում են իր տեսանյութերը գումար աշխատելու համար։
@nadezhda_aleksandrovna_m Инстаграм nadezhda_alexandrovna_m у них X в отчестве, а у меня ks, смотрите внимательно🙏🙏🙏 Вк https://vk.com/club230513692
♬ оригинальный звук - Надежда Александровна
Տեսանյութն ուղղորդում է lumeri-key[.]com կայք, որտեղ ներկայացված է 30-ամյա չինացի «բժիշկ Լի Վեյի» հորինված պատմությունը: Ըստ կայքի՝ նա իբր 175 տարվա պատմություն ունեցող դինաստիայի ժառանգորդ է և Հայաստան է բերել «Յուննանի լեռների գաղտնի բանաձևը», որն այնուհետև համագործակցությամբ ստանդարտացվել է գոյություն չունեցող Երևանի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտում:
![Էկրանապատկերը` lumeri-key[.]com կայքից Էկրանապատկերը` lumeri-key[.]com կայքից](https://civilnet.am/storage/media/26/11/12/aG2hkKxWQAqXLJF9.webp)
ԱԲ հայտնաբերման գործիքի համաձայն՝ կայքում տեղադրված «բժշկի», նրա «նախապապի» և լաբորատորիայի լուսանկարները մեծ հավանականությամբ գեներացվել են արհեստական բանականությամբ։

Կայքն առաջարկում է Arto Nova սննդային հավելումը ձեռք բերել «50% զեղչով»՝ 19 500 դրամով (իբրև 39 000-ի փոխարեն): Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն հավելումն առաջարկվում է շուրջ 2 200 դրամով։

Կայքում նաև կեղծ մեկնաբանություններ են հրապարակված, իսկ պատվերի ձևում պահանջվում է լրացնել անձնական տվյալներ։ Կայքի հայերեն տեքստում կան բազմաթիվ կոպիտ լեզվական սխալներ։

Հոդացավերի մասին մյուս տեսանյութում ԱԲ-ով մշակվել և օգտագործվել են ռուսաստանցի բլոգեր Արսեն Մարգարյանի հարցազրույցի, ինչպես նաև «Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ Եկեղեցի» յութուբյան ալիքից վերցված տարեց կնոջ դրվագները։
Լսողության «վերականգնում»՝ Բագրատ Ալեքյանի կերպարով և այլ դիփֆեյքով
Այլ տեսանյութում, որտեղ խոսվում է լսողությունը 100%-ով վերականգնելու մասին, օգտագործվել են ռուսաստանաբնակ հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանի 2021-ի հարցազրույցի դրվագները, որոնք մշակվել են ԱԲ-ով:
Տեսանյութն օգտատերերին ուղղորդում է cis.eu-orvex[.]cyou կայք, որտեղ հրապարակված է Բագրատ Ալեքյանին վերագրվող հարցազրույցը։ Նյութում Ալեքյանը ներկայացվում է որպես «օտորինոլարինգոլոգ, աուդիոլոգ Ադրբեջանից»։ Հարցազրույցը վարող լրագրողի կերպարը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է արհեստական բանականությամբ՝ լեհ լրագրող Աննա Բոգուսիևիչի մասնակցությամբ տեսանյութերի կադրերի հիման վրա։

Օգտագործվել են նաև «գոհունակություն հայտնող» քաղաքացիների դրվագներ: Օրինակ՝ նրանցից մեկի դրվագները վերցրել և ԱԲ-ով մշակել են բոսնիացի քաղաքագետ և վերլուծաբան Ջևադ Գալիյաշևիչի տեսանյութի հիման վրա:
«Հարցազրույցի» ավարտին հայտնվում է «Prosluh» ականջի կաթիլների գովազդը։ Կայքում դրանք առաջարկվում են 9 900 դրամով՝ իբր «50% զեղչով», մինչդեռ առևտրային առցանց հարթակներում նույն միջոցը վաճառվում է ընդամենը 1000-2300 դրամով։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս գովազդները արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կազմակերպված խարդախության սխեմայի մաս են։ Չարաշահելով հայտնի մարդկանց կերպարներն ու նրանց մասնակցությամբ նախկինում հրապարակված տեսանյութերը՝ կեղծ էջերը հնարովի պատմություններով մոլորեցնում են օգտատերերին՝ փորձելով նրանց վաճառել սննդային հավելումներ ու կաթիլներ շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











