Գլխավոր Լրահոս

Սոդայով բուժման կեղծ խոստումներ. դիփֆեյքերի միջոցով թանկարժեք սննդային հավելումներ են վաճառում

Սոդայով բուժման կեղծ խոստումներ. դիփֆեյքերի միջոցով թանկարժեք սննդային հավելումներ են վաճառում

Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում խոստանում են մի քանի օրում տնային պայմաններում բուժել բարձր ճնշումն ու թոքերի հիվանդությունները՝ իբրև սննդային սոդայով պատրաստվող բաղադրատոմսերի միջոցով։

«Պատկերացնո՞ւմ եք, սա հին խորհրդային մոռացված մեթոդ է, որի մասին մեզ ուղղակի վաղուց ոչ ոք չէր ասում»,-ասում է «տեսանյութի հեղինակը»:

#CivilNetCheck-ը պարզել է, որ տեսանյութերում օգտագործվել են իրական մարդկանց կադրերի հիման վրա արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյքեր, որոնց միջոցով գովազդվում են սոդայով բուժման կեղծ մեթոդներ։ Սակայն հղումներն օգտատերերին ուղղորդում են կայքեր, որտեղ սննդային հավելումներ են վաճառվում շուկայականից զգալիորեն բարձր գներով։

Ռուս հաղորդավարի ու հայ անհատների դիփֆեյքերը՝ բարձր ճնշման բուժման անվան տակ

Գովազդային տեսանյութերում օգտագործվել են ռուս բլոգեր Ներիկ Ռուբինովի կադրերը։ Իրականում նա բժշկության հետ կապ չունեցող տեսանյութերում խոսում է կյանքի իմաստի և ընկերության մասին։ Սակայն նրա կադրերը փոփոխվել են արհեստական բանականության միջոցով՝ վերագրելով բարձր ճնշման բուժման մասին կեղծ պնդումներ։

Բարձր ճնշման բուժում խոստացող տեսանյութն օգտատերերին ուղղորդում է eu-lornyx[.]click կայք, որտեղ հրապարակված է շուրջ 18 րոպեանոց կեղծ «հարցազրույց»։ Այն վարող լրագրողի կերպարը ստեղծվել է ռուսական «Доктор знает!» բժշկական հաղորդման վարող, բժիշկ Բորիս Զիմինի մասնակցությամբ տեսանյութերի հիման վրա՝ օգտագործելով արհեստական բանականություն։ Կայքում առկա են նաև կեղծ օգտահաշիվների գոհունակության մեկնաբանություններ:

Կեղծ «հարցազրույցում» ներկայացվում են նաև քաղաքացիներ, որոնք իբրև թե բուժվել են գովազդվող մեթոդի շնորհիվ։ Իրականում նրանց կերպարները ստեղծվել են ԱԲ միջոցով՝ օգտագործելով իրական մարդկանց մասնակցությամբ տեսանյութեր։ Նրանց թվում են՝ մշակույթի նախկին նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի, վիդեոբլոգեր Ֆիլիպ Էկզոցյանի, արցախցի գործարար Ռեգինա Գալոյանի՝ «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցի և լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ OC Media-ին տված հարցազրույցի կադրերը։ Մեկ այլ՝ տարեց տղամարդու կերպար էլ ստեղծվել է ռուս վիդեոբլոգերի տեսանյութի հիման վրա։

Տեսանյութի ավարտին հայտնվում է «Сила Пчелы. Набор Пчелиная огневка с боярышником» սննդային հավելման գովազդը։ Այն առաջարկվում է ձեռք բերել իբր «50% զեղչով»՝ 9 900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է 2 800-3 400 դրամով, այսինքն՝ շուրջ 3-3,5 անգամ ավելի էժան։ Կայքում տեղադրված է նաև պատվերի ձևակերպման դաշտ, որտեղ օգտատերերից պահանջվում է լրացնել անձնական տվյալները՝ ապրանքը պատվիրելու և առաքումը կազմակերպելու համար։

Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից
Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից

Հատկանշական է, որ տեսանյութում, օգտատերերի վստահությունը շահելու նպատակով, խոստանում են վերադարձնել վճարված գումարը, եթե 30 օրվա ընթացքում գովազդվող միջոցը չտա ակնկալվող արդյունքը։

Հանրային հեռուստաընկերության կադրերն ու ռուս կենսաքիմիկոսի դիփֆեյքը՝ թոքերի բուժման անվան տակ

Թոքերի հիվանդությունների բուժում խոստացող տեսանյութն օգտատերերին ուղղորդում է eu-bravyla[.]bond կայք, որտեղ նույնպես հրապարակված է կեղծ «հարցազրույց»։ Այն վարող լրագրողի կերպարը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է արհեստական բանականությամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման հոկտեմբերի 5-ի թողարկման կադրերի հիման վրա։

Էկրանապատկերները՝ կեղծ «հարցազրույցից» և իրական հաղորդումից
Էկրանապատկերները՝ կեղծ «հարցազրույցից» և իրական հաղորդումից

Իսկ որպես բժիշկ ներկայացվող անձի կերպարը ստեղծելու համար օգտագործվել են ռուս կենսաքիմիկոս Վլադիմիր Դադալիի մասնակցությամբ տեսանյութի կադրերը։ Իրականում Դադալին խոսում է երիկամներում քարերի առաջացումը կանխարգելելու գործում մագնեզիումի դերի մասին, այլ ոչ թե սոդայով թոքերի հիվանդությունները բուժելու։

Կեղծ «հարցազրույցում» ներառված են նաև «քաղաքացիների» պատմություններ, որոնք իբրև թե բուժվել են գովազդվող մեթոդի շնորհիվ։ Նրանցից մեկի կերպարը ստեղծվել է 37-ամյա կնոջ տեսանյութի հիման վրա, որում նա իրականում պատմում է ռումինական ատամնաբուժական կլինիկայում ստացած բուժման մասին: Մեկ այլ «գոհ քաղաքացու» կերպարի համար օգտագործվել են բոսնիացի քաղաքագետ և վերլուծաբան Ջևադ Գալիյաշևիչի մասնակցությամբ տեսանյութի կադրերը։

Տեսանյութի ավարտին կրկին հայտնվում է «Сила Пчелы. Прополисная вода с медуницей» հավելման գովազդը։ Այստեղ էլ այն առաջարկվում է 9 900 դրամով՝ իբր «50% զեղչով», մինչդեռ առցանց առևտրային հարթակներում վաճառվում է շուրջ 2 800 դրամով։

Այսպիսով, սննդային սոդայով արյան բարձր ճնշումն ու թոքերի հիվանդությունները բուժելու մասին գովազդային տեսանյութերը մոլորեցնող են։ Դրանցում իրական մարդկանց կադրերը փոփոխվել են արհեստական բանականության միջոցով՝ նրանց վերագրելով բուժման մասին կեղծ պատմություններ։ Թեև տեսանյութերում ներկայացվում է սոդայով բուժման մեթոդ, իրական նպատակը օգտատերերին կասկածելի կայքեր ուղղորդելն ու սննդային հավելումները շուկայականից մի քանի անգամ բարձր գներով վաճառելն է։

Տես նաև՝ Տեսողությունը վերականգնելու կեղծ խոստումներ. դիփֆեյքերով գովազդում են թանկացված միջոցներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում