Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում խոստանում են ընդամենը մի քանի օրում կամ ժամում բուժել թոքերի ծանր հիվանդություններն ու նեյրոպաթիան՝ տնային պայմաններում պատրաստվող «հրաշագործ» բաղադրատոմսերի և բնական միջոցների օգնությամբ: Սակայն տեսանյութերն ուղղորդում են կայքեր, որտեղ շուկայականից բարձր գնով վաճառվում են սննդային հավելումներ:
«Ես գնացի շուկա, չնչին կոպեկներով գնեցի երկու մեծ, պինդ կարմիր սոխ և արեցի ամեն ինչ վայրկյան առ վայրկյան այնպես, ինչպես սովորեցրել էր բժիշկ Տատյանա Չեռնիգովսկայան»,- տեսանյութում պատմում է «57-ամյա Արմենը»:
#CivilNetCheck-ը պարզեց, որ այս տեսանյութերում օգտագործվել են հայտնի անձանց իրական կադրերն ու արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյքերը՝ նրանց վերագրելով հորինված պատմություններ և հայտարարություններ։
Ռուս նեյրոգիտնականի հին տեսանյութն ու ղազախ լրագրողի կերպարը
Թոքերի հիվանդությունների բուժման մասին տեսանյութերից մեկում «57-ամյա Արմենի» կերպարը ստեղծվել է ԱԲ-ով՝ տիկտոկյան բլոգեր Օրալ Կարպիշևի կադրերի հիման վրա։ Մյուս տեսանյութերում օգտագործվել են ռուս նեյրոգիտնական և լեզվաբան Տատյանա Չեռնիգովսկայայի մասնակցությամբ կադրեր, որտեղ նա իրականում պատմում է երեխաների աշխարհընկալման ու մտածողության մասին պատմություններ։
Տեսանյութերն օգտատերերին ուղղորդում են mx-nylvex[.]rest կայք, որտեղ տեղադրված է «Հանրային հեռուստաընկերության» տարբերանշանով շուրջ 18 րոպեանոց կեղծ հարցազրույց Տատյանա Չեռնիգովսկայայի մասնակցությամբ։ «Հարցազրույցը» վարող լրագրողի կադրերը վերցվել և մշակվել են ղազախական Первый канал Евразия հեռուստաալիքի լուրերի թողարկումից: Կայքում առկա են նաև կեղծ օգտահաշիվների կողմից գոհունակության մեկնաբանություններ

«Հարցազրույցի» ավարտին հայտնվում է «Сила Пчелы» սննդային հավելման գովազդը՝ անձնական տվյալները լրացնելու դաշտով։ Հավելումն առաջարկվում է 9 900 դրամով՝ իբր «50% զեղչով», մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է 2 400-2 800 դրամով՝ շուրջ 3,5-4 անգամ ավելի էժան։

«Բժիշկ Արմեն Սարգսյանը»՝ Արսեն Թորոսյանի կերպարով, և լեհ լրագրողուհու հետ «հարցազրույցը»
Մեկ այլ տեսանյութում՝ նեյրոպաթիային մասին, օգտագործվել է «բժիշկ Արմեն Սարգսյանի» կերպարը, որը ստեղծվել է արհեստական բանականությամբ՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա։ Այս կեղծ կերպարը վերջին շրջանում հաճախ է հանդիպում սոցիալական ցանցերում տարածվող նմանատիպ խարդախ գովազդներում։
Տեսանյութն օգտատերերին ուղղորդում է lat-sylphraxon[.]bond կայք, որտեղ հրապարակված է 13 րոպեանոց կեղծ հարցազրույց։ «Արմեն Սարգսյանին» հարցազրույց վերցնող լրագրողի կերպարը, ամենայն հավանականությամբ, նույնպես ստեղծվել է արհեստական բանականությամբ՝ լեհ լրագրող Աննա Բոգուսիևիչի մասնակցությամբ տեսանյութերի հիման վրա։

Կայքում տեղադրված են նաև բուժման արդյունքներից գոհունակություն հայտնող «քաղաքացիների» տեսանյութեր։ Նրանցից մեկի կերպարը ստեղծվել է արհեստական բանականությամբ՝ 37-ամյա մի կնոջ տեսանյութի հիման վրա, որում վերջինս իրականում պատմում է ռումինական ատամնաբուժական կլինիկայում ստացած բուժման մասին։ Մյուս «քաղաքացու» կերպարը ստեղծելու համար օգտագործվել են բոսնիացի քաղաքագետ և վերլուծաբան Ջևադ Գալիյաշևիչի մասնակցությամբ տեսանյութի կադրերը։

«Հարցազրույցի» ավարտին հայտնվում է «Сила Пчелы» սննդային հավելման մեկ այլ տարբերակի գովազդը։ Կայքում այն նույնպես առաջարկվում է 9 900 դրամով՝ իբր «50% զեղչով»։ Առցանց որոնմամբ հաջողվել է գտնել նույն միջոցը 2 250 ղրղզական սոմով, որը համարժեք է շուրջ 9 200 դրամի։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս տեսանյութերում արհեստական բանականության միջոցով շահարկվում են հայտնի անձանց կերպարներն ու իրական կադրերը։ Կեղծ հարցազրույցների և հորինված պատմությունների միջոցով օգտատերերին մոլորեցնում են՝ փորձելով նրանց վաճառել սննդային հավելումներ առցանց առևտրային հարթակներում առկա գներից ավելի բարձր արժեքով։
Արմեն Մկրտչյան











