Գլխավոր Լրահոս

Հայտնի դեմքեր, կեղծ լրատվամիջոցներ, բազմակի թանկ ապրանքներ․ հոդացավերի գովազդային խարդախության սխեման

Հայտնի դեմքեր, կեղծ լրատվամիջոցներ, բազմակի թանկ ապրանքներ․ հոդացավերի գովազդային խարդախության սխեման

Արմեն Մկրտչյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որտեղ հայտնի գործիչների կերպարներով առաջարկվում են հոդացավերի, պրոստատիտի դեմ «հրաշագործ» տնային միջոցներ։

«Ես ձայնագրել եմ մանրամասն տեսանյութ, որտեղ բացատրում եմ հենց մեթոդը, ճշգրիտ չափաբաժինները և այս վարակը հիմնահատակ ոչնչացնելու ճիշտ եղանակը, բայց այս տեսանյութն անընդհատ ջնջում են»,-ասում է «բժիշկ Արմեն Սարգսյանը»:

Իրականում տեսանյութերը կեղծ են և պատրաստված են արհեստական բանականությամբ: Նպատակը քաղաքացիներին կասկածելի կայքեր ուղղորդելն ու քսուքներ և հավելումներ առևտրային հարթակների գներից թանկ վաճառելն է։

Արսեն Թորոսյանի կերպարի չարաշահումը․ «Բժիշկ Արմեն Սարգսյանի» կեղծիքը

Տեսանյութերը տարածվել են Xane Dx, Bakis Tone, Georgi.ent.notes, Jordan Gross, Dana Hart ֆեյսբուքյան էջերով:

Պրոստատիտի բուժման մասին տեսանյութում որպես «բժիշկ Արմեն Սարգսյան» ներկայացող կերպարը պնդում է, թե դեղագործական ընկերությունները թաքցնում են տնային պարզ միջոցներով բուժման եղանակը։ Տեսանյութում ԱԲ-ով ստեղծված «բժիշկը» շատ նման է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին և հավանաբար ստեղծվել է նրա կերպարի հիման վրա։

ԱԲ կերպարը և Արսեն Թորոսյանը:
ԱԲ կերպարը և Արսեն Թորոսյանը:

Հոլովակը ուղղորդում է pe-elvora[.]world կայք, որտեղ տեղադրված է 23-րոպեանոց կեղծ հարցազրույց։ Դրանում «բժիշկը» ներկայացնում է բուժման մի մեթոդ, որը, ըստ նրա, իբր պետք է բնակչությանը բաժանվի «կառավարության ծրագրով»։ Տեսանյութում Հայաստանն անվանվում է «Արմենիա» կամ «Արմենստան», իսկ լրագրողի դրվագները վերցրել և ԱԲ-ով մշակել են Alpha News լրատվամիջոցի լուրերի թողարկումից։

ԱԲ և իրական լուրերի թողարկումները
ԱԲ և իրական լուրերի թողարկումները

Կեղծ հարցազրույցի ավարտից հետո կայքում գովազդվում է «Stimulan Gel» քսուքը, որտեղ տեղադրված են պատվերի ու անձնական տվյալների լրացման դաշտեր, ինչպես նաև իբրև քաղաքացիների անունից գրված կեղծ մեկնաբանություններ։

Ապրանքը կայքում առաջարկվում է 50% «զեղչով»՝ 19 500 դրամով: Մինչդեռ առցանց առևտրային այլ կայքերում նույն քսուքը վաճառվում է 1 200-ից 2 400 դրամին համարժեք գնով։

Տարեց կնոջից մինչև Լեո Բոկերիա․ հոդացավերի «հրաշագործ» բուժման մանիպուլյացիաները

Հոդացավերի բուժման մասին տեսանյութերում տարեց կինը պնդում է, թե տարիներ շարունակ ունեցած ցավերից բուժվել է «ընդամենը մի քանի օրում»։ Իրականում նրա կադրերը վերցված են «Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ Եկեղեցի» յութուբյան ալիքում 2024 թվականին հրապարակված տեսանյութից։

Այդ կադրերը մշակվել են ԱԲ-ի միջոցով՝ ստեղծելով ևս մեկ դիփֆեյք։ Գովազդային տեսանյութերից մեկում կնոջը ներկայացնում են որպես 90, մյուսում՝ 66 տարեկան, մինչդեռ բնօրինակ տեսանյութում նա 75 տարեկան էր։

Տեսանյութին կցված հղումը ներկայանում է որպես amazon[.]co[.]uk հասցե, սակայն այն բացելիս օգտատերը վերահասցեավորվում է mx-sylbrix[.]life կայք։ Այնտեղ տեղադրված է 13-րոպեանոց կեղծ հարցազրույց, որի համար ԱԲ-ի միջոցով ձևափոխվել է ռուսաստանցի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիայի և բլոգեր Սոֆիկո Շևարդնաձեի իրական հարցազրույցը։ Կեղծ տարբերակում Լեո Բոկերիային ներկայացնում են որպես «հայ ռևմատոլոգ»։ Տեսանյութի տարբեր հատվածներում նույնիսկ շփոթում են երկիրը՝ Հայաստանը մի դեպքում անվանելով «Արմենիա», մեկ այլ դեպքում՝ «Ադրբեջան»։

Տեսանյութի վերջում գովազդվում է «Arto Nova» հավելումը։ Կայքում այն առաջարկվում է իբր 50% զեղչով՝ 19 500 դրամով։ Մինչդեռ առևտրային առցանց հարթակներում նույն ապրանքի գինն այս պահին մոտ 2 600-5 000 դրամ է։

Էկրանապատկերներում հավելումի գները առևտրային հարթակներում և կեղծ կայքում
Էկրանապատկերներում հավելումի գները առևտրային հարթակներում և կեղծ կայքում

Վլադիմիր Դադալիի կերպարով խարդախությունները․ Հանրայինի ու Armenpress-ի տարբերանշանների օգտագործումը

Նույն սխեմայով օգտագործվում է նաև ռուսաստանցի հայտնի քիմիկոս Վլադիմիր Դադալիի կերպարը։ Ֆեյսբուքում տարածվող տեսանյութերից մեկում նա իբր դիմում է դիտողներին և «խորհուրդ տալիս» բնական միջոցներ հոդացավերի, ծնկների այտուցվածության ու կաշկանդվածության դեմ։

Տեսանյութին կից հղումը տանում է net-blyndor[.]rest կայք, որտեղ տեղադրված է 20-րոպեանոց կեղծ հարցազրույց: Լրագրողի մասնակցությամբ կադրերը վերցված են «Ходорковский Live» յութուբյան ալիքից, իսկ տեսանյութի վրա ավելացվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի տարբերանշանը։ Այս կերպ ստեղծվում է տպավորություն, թե հարցազրույցը հեռարձակվել է հայկական հեռուստատեսությամբ։ Այստեղ ևս գովազդվում է «Arto Nova» միջոցը։

Դադալիի կերպարով տարածվում է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ նույնպես ԱԲ-ով մշակվել է նրա հարցազրույցներից մեկը։ Իրական հարցազրույցում նա խոսում է ակտիվ երկարակեցության հիմնական գործոնների մասին: Կեղծ տեսանյութում նա «գովազդում» է «վայրի բույսերի հիման վրա» ստեղծված «բնական բանաձև»՝ ներկայացնելով այն որպես պրոստատիտի դեմ արդյունավետ միջոց։

Տեսանյութը դիտողներին ուղղորդում է site-qlynex[.]live կայք։ Այնտեղ ևս տեղադրված է Դադալիի իրական հարցազրույցի հիման վրա ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութ։ Այս անգամ նրան ներկայացնում են որպես «ռևմատոլոգ Ադրբեջանից», իսկ կայքի ձևավորումը կրկնօրինակում է «Armenpress»-ի կայքը։

Էկրանապատկերները «Armenpress»-ից և կեղծ կայքից
Էկրանապատկերները «Armenpress»-ից և կեղծ կայքից

Կայքում «Сила Пчелы» քսուքն առաջարկվում է 9 900 դրամ «զեղչված» գնով, մինչդեռ առցանց առևտրի հարթակներում այն վաճառվում է մոտ 1 600 դրամով։

Էկրանապատկերում քսուքի գները առևտրային հարթակներում և կեղծ կայքում
Էկրանապատկերում քսուքի գները առևտրային հարթակներում և կեղծ կայքում

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս տեսանյութերը ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության գործիքներով։ Զեղծարարներն օգտագործում են հայտնի անձանց կերպարներն ու հեղինակավոր լրատվամիջոցների տարբերանշանները՝ կեղծ վստահություն ստեղծելու և օգտատերերին կասկածելի կայքեր ուղղորդելու համար։ Այդ կայքերում տարբեր քսուքներ ու հավելումներ վաճառվում են շուկայականից բազմակի բարձր գներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում