Հեշտ եկամտի խայծը․ նախ՝ առաջադրանքներ, հետո՝ գումար ներդնելու պահանջ

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են գովազդային գրառումներ, որոնք օգտատերերին առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել՝ տարբեր առաջադրանքներ կատարելու դիմաց։
«Այսօր կատարվել է 10 փոքր առաջադրանք։ Մեկ առաջադրանքի վարձատրություն 1500 դրամ»,- նշված է գրառմանը կցված լուսանկարում։
Սակայն աշխատանքի այս առաջարկը խայծ է․ օգտատերերը գումար վաստակելու փոխարեն կարող են կորցնել իրենց գումարը։
Ինչպե՞ս են տարածվում գովազդային գրառումները
Գրառումները տարածվում են պատահական տառերի համադրությամբ ստեղծված կամ օտարանուն ֆեյսբուքյան էջերից, օրինակ՝ «Jkvie» և «Robert Williams» անուններով։ Հատկանշական է, որ գովազդային գրառումները այս էջերի միակ ակտիվությունն են։

Գրառումներին կցված են տարբեր նկարներ՝ գումար աշխատելու հնարավորության մասին, սակայն դրանց ուղեկցող տեքստը բոլոր դեպքերում նույնն է։
Արհեստական բանականության կիրառությունը հայտնաբերող գործիքների գնահատմամբ՝ գրառումներին կցված տեքստը մեծ հավանականությամբ ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։

Գրառմանը կցված հղումը տանում է կասկածելի հարթակ
Գրառմանը կցված հղումը տանում է պատահական տառերի համադրությամբ ստեղծված՝ 7b0b1[.]xyz կայք։ Կայքում նշվում է, որ օգտատերը պետք է սպասարկի Alibaba հարթակի պատվերները, ինչի դիմաց եկամուտ կստանա։
Կայքում տեղադրված են նաև «նախագծի ղեկավարի» լուսանկարը, անունն ու ազգանունը, ինչպես նաև մեկնաբանություններ՝ իբր հարթակի միջոցով եկամուտ ստացած օգտատերերից։
Սակայն կայքում օգտագործված բոլոր լուսանկարները վերցված են համացանցից։ Սա վկայում է, որ ներկայացված անձինք իրական օգտատերեր չեն, իսկ հարթակն ինքնին կասկածելի է։

Այնուհետև «Սկսել աշխատանքը հիմա» կոճակին սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է WhatsApp-ի նամակագրության բաժնում։ Այստեղ նրան ուղարկում են am[.]vip03[.]xyz հարթակի հղումը և առաջարկում առցանց հաշիվ ստեղծել։
Ընդհանուր առմամբ, .xyz և նմանատիպ այլ վերջավորությամբ դոմեյնները համեմատաբար էժան են .com, .am և այլ տարածված դոմեյնների համեմատ։ Այդ պատճառով զեղծարարները հաճախ ընտրում են նման դոմեյններ, օգտագործում դրանք կարճ ժամանակով, ապա իրենց նպատակին հասնելուց հետո փակում կայքերը։
Սակայն հետագա քայլերի ընթացքում պարզվում է, որ «աշխատանքը» սկսելու համար օգտատերը պետք է նախնական ներդրում կատարի։
Ի՞նչ ռիսկեր են թաքնված նման առաջարկների հետևում
Առաջին անգամը չէ, որ #CivilNetCheck-ն անդրադառնում է նման հարթակներին։ Նման սխեմաները սովորաբար սկսվում են սոցցանցերում տարածվող՝ հեշտ եկամուտ խոստացող գովազդներից։ Այնուհետև օգտատերերին տեղափոխում են WhatsApp կամ Telegram, որտեղ առաջարկում են նախապես գումար փոխանցել՝ իբր աշխատանքը սկսելու կամ եկամուտ ստանալու համար։
Որոշ դեպքերում ուղարկվող հղումները կարող են տանել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձ է արվում ձեռք բերել օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։
Ուստի նման հարթակներում գրանցվելը, անձնական տվյալներ տրամադրելը կամ գումար ներդնելը կարող է ռիսկային լինել։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, որ օգտատերը կկարողանա եկամուտ ստանալ կամ վերադարձնել նախապես ներդրած գումարը։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










