Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում ներկայացվում է իբր «հրաշք» միջոց, որը ընդամենը 48 ժամում վերականգնում է հոդերն ու աճառները։
«Բժիշկ Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ անսպասելի բացահայտեց իր 30 վայրկյանանոց գիշերային գաղտնիքը, որը թույլ է տալիս լիովին վերականգնել հոդերը։ Այն շուկայում առկա ցանկացած միջոցից արագ է գործում և ցավը կտրում է դանակի պես»,- ասվում է տեսանյութում։
Այնուհետև տեսանյութում հայտնվում է Արմեն Սարգսյանը և իբր պատմում այս «բացահայտման» մասին՝ պնդելով, թե խոշոր դեղագործական ընկերությունները հեռացնում են միջոցի վերաբերյալ տեսանյութերը՝ փորձելով կանխել դրա տարածումը։
Իրականում տեսանյութում իսկապես Արմեն Սարգսյանն է, սակայն նա բժիշկ չէ։ Սարգսյանը Երևանի պետական համալսարանի դոկտորական դպրոցի տնօրենն է։ Գովազդում օգտագործվել է նրա մեկ այլ տեսանյութ, որտեղ նա իրականում բոլորովին այլ թեմայով է խոսում։ Արհեստական բանականության միջոցով նրա խոսքը փոխվել է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Սարգսյանը գովազդում է հոդերի համար նախատեսված միջոցը։
Նույն սխեմայով տարածվում է նաև մեկ այլ գովազդային տեսանյութ, որտեղ կրկին խոսվում է մի քանի ժամում հոդերն ու աճառները վերականգնող միջոցի մասին։ Այս անգամ ևս դրա «բացահայտումը» վերագրվում է Արմեն Սարգսյան անուն-ազգանունով անձի, սակայն միջոցի մասին արդեն խոսում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին նմանեցված կերպարը։
Այս և նմանատիպ կեղծ տեսանյութերի նպատակը գովազդվող միջոցների վաճառքն է։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես բացառիկ կամ դժվար հասանելի բուժամիջոցներ և առաջարկվում բարձր գնով կամ մեծ քանակությամբ գնելու պայմանով, մինչդեռ նույն ապրանքները ազատորեն վաճառվում են առևտրային հարթակներում։
«Բացահայտման հեղինակ» Արմեն Սարգսյանները. Որտեղից են վերցված իրական կադրերը
Տեսանյութերը տարածվում են Medical Consil և Vitality Unlocked ֆեյսբուքյան էջերով։ Երկու էջերն էլ ստեղծվել են վերջերս՝ 2026-ի մայիս-հուլիս ամիսներին։
Տեսանյութերից մեկում Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» մեկնաբան Ասղտիկ Ղազարյանն է, որն իբր հայտնում է բժշկի «սկանդալային բացահայտման» մասին։ Կադրերում երևում է նաև Հանրային հեռուստաընկերության Առաջինի լրատվական ալիքի տարբերանշանը։
Սա ևս դիփֆեյք տեսանյութ է։ Աստղիկ Ղազարյանի նույն կադրերը օգտագործվել են նաև մի քանի շաբաթ առաջ տարածված մեկ այլ կեղծ գովազդում՝ կրկին հոդերը վերականգնող միջոց վաճառելու համար։ Այդ դեպքում ևս նրա իրական խոսքը փոխարինվել էր կեղծ բովանդակությամբ։
Այդ տեսանյութերի տարածումից հետո «Լուրերի» մեկնաբաններն անդրադարձել էին նման կեղծ գովազդներին՝ նշելով, որ իրենց անունից տարածվող հայտարարությունները երբևէ չեն հնչեցրել եթերում։ Աստղիկ Ղազարյանը նաև պատմել է, որ իր ծանոթներից մեկը, տեսնելով այդ գովազդներից մեկը, փորձել է ձեռք բերել առաջարկվող միջոցը։
Կեղծ գովազդում օգտագործված կադրերը Բուն TV-ի «Բուն ֆորմատ» հաղորդման թողարկումից են, որտեղ Արմեն Սարգսյանը խոսում է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։ Թողարկումը Բուն TV-ի յութուբյան ալիքում հրապարակվել է 2026-ի մայիսին։

ԱԲ-ով ստեղծված «բժիշկը» Արսեն Թորոսյանի կերպարով է ներկայացվում
Հոդերը 48 ժամում բուժող միջոցի մասին խոսվում է նաև մեկ այլ տեսանյութում։ Այստեղ ևս պնդվում է, թե այն ավելի արդյունավետ է, քան վիրահատությունները, ներարկումներն ու դեղատնային միջոցները։ Տեսանյութը ներկայացված է լրատվական թողարկման ձևաչափով։ Սկզբում մեկնաբանը պատմում է բժշկի «բացահայտման» մասին, ապա միջոցի արդյունավետությունը ներկայացնում է հենց «բժիշկը»։
Ի տարբերություն Առաջինի լրատվական ծրագրի տարբերանշանով տարածվող տեսանյութի՝ այստեղ որևէ լրատվամիջոցի տարբերանշան չկա։ Սակայն օգտագործված են իրական լրատվական թողարկումից վերցված և ԱԲ-ի միջոցով փոփոխված կադրեր։ Մասնավորապես, փոխվել է մեկնաբանի իրական խոսքը։
Կադրերը վերցված են Alpha News-ի լուրերի թողարկումից։
Տեսանյութում «հրաշք միջոցը» բացահայտած անձը կրկին ներկայացվում է որպես բժիշկ Արմեն Սարգսյան։ Իրականում այդ կերպարը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի արտաքինի հիման վրա։

Տարբեր տեսանյութեր, նույն ձևակերպումները․ ուր է տանում «բացահայտումը»
«Բժիշկ Արմեն Սարգսյանի բացահայտման» մասին երկու տեսանյութերի համեմատությունը ցույց է տալիս, որ դրանց բովանդակությունն ու ձևակերպումները մեծամասամբ նույնն են։ Երկու դեպքում էլ խոսվում է 30 վայրկյան տևող պարզ մեթոդի մասին, պնդվում է, թե մարդիկ արդեն 48 ժամ անց ազատվել են ցավերից, իսկ «բժշկի» անուն-ազգանունն անգամ նույնն է։

Արսեն Թորոսյանի կերպարով տարածված տեսանյութին կցված է MX-JORVYNTHQUARAL[.]icu կայքը, որը VirusTotal հարթակում նշված է որպես կասկածելի։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող «լրատվական հաղորդումներն» ու «բժիշկների» հարցազրույցները ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութեր են։ Դրանցում իրական մարդկանց կերպարներն օգտագործվում են «բուժիչ» միջոցները վաճառելու համար՝ հաճախ շուկայականից բարձր գնով և մեծ քանակությամբ։ Որոշ տեսանյութերի կցված են նաև կասկածելի կայքեր։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











