Սոցցանցերում տարածվում են գրառումներ, որոնք գովազդում են հրաշքներ գործող նիհարեցնող միջոց. իբր այն օգնում է ամսական 10-15 կգ նիհարել՝ առանց դիետայի և մարզումների։ Գրառումներին կից լուսանկարում երկու անձ է՝ «մինչև» և «հետո» տարբերակով։
«Դիետոլոգները շոկի մեջ են. Երևանից մի ուսանողուհի ստեղծել է եզակի կենսաբանորեն ակտիվ բանաձև, որը օգնում է ամսական նիհարել 10-15 կգ՝ առանց դիետայի և մարզումների»,- նշված է գրառմանը կցված կայքում։
Սակայն «հրաշք» միջոցի մասին պատմությունը կեղծ է։ Կայքում ներկայացված լուսանկարները վերցված են համացանցից, իսկ ապրանքանիշն արտադրող ընկերության կայքում նման միջոց չկա։

«Ուսանողուհու ստեղծած միջոցից օգտված անձինք»՝ համացանցից վերցված լուսանկարներով
Գրառմանը կցված է silapchely[.]fit կայքը։ Այստեղ նշվում է, թե Երևանից մի ուսանողուհի է ստեղծել է կենսաբանական ակտիվ միջոցը։ Հոդվածում նաև պնդվում է, թե դեղագործական ընկերությունները փորձում են թաքցնել այդ միջոցի մասին տեղեկությունը։
Կայքում, իբր, ներկայացված են ուսանողուհու ստեղծած «հրաշք» միջոցի օգնությամբ նիհարած մարդկանց լուսանկարներն ու պատմությունները։ Սակայն բոլոր լուսանկարները իրականում վերցված են համացանցից։
![Էկրանապատկերը՝ silapchely[.]fit կայքից Էկրանապատկերը՝ silapchely[.]fit կայքից](https://civilnet.am/storage/media/26/09/29/IoE4jThFqqprB55W.webp)
Կայքում կա նաև նիհարեցնող միջոցը «ստեղծած» ուսանողուհու լուսանկարը։ Այն, ըստ կայքի, «Դիետոլոգների ասոցիացիայի» համաժողովից է։ Իրականում լուսանկարը վերցված է համացանցից։ Այն արվել է 2017-ին Ռուսաստանի Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքում՝ բուժքույրերի մասնագիտական հմտությունների մրցույթի եզրափակչում։ Մրցույթը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը (ФМБА)։

Մեկ այլ լուսանկարում, ըստ կայքի, ուսանողուհին առողջապահության նախարարությունից մրցանակ է ստանում գիտության մեջ ունեցած ներդրման համար։ Իրականում այն 2023-ի «Ստոկհոլմի պատանեկան ջրային մրցանակի» հանձնման արարողությունից է, որտեղ Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան մրցանակ է հանձնում Թուրքիայի ներկայացուցչին։
Կայքում առաջարկվում է պատասխանել մի քանի հարցի, ապա միջոցը ձեռք բերել 50% զեղչով՝ 19 800-ի փոխարեն 9 900 դրամով։ Անունն ու հեռախոսահամարը լրացնելուց հետո զանգում է «աշխատակիցը» և ասում, որ ամբողջական կուրսի համար պետք է գնել երեք տուփ, իսկ չորրորդը ստանալ նվեր։ Նրա խոսքով՝ մեկ տուփ առանձին գնել հնարավոր չէ, իսկ դրանց ընդհանուր արժեքը շուրջ 30 000 դրամ է։
Մինչդեռ հրապարակման մեջ պնդվում է, թե արդյունքը տեսանելի կլինի արդեն 3-5 օր անց։ Այնտեղ ոչինչ չի ասվում այն մասին, որ ամբողջական կուրսի համար անհրաժեշտ է մի քանի տուփ։
![Էկրանապատկերը՝ silapchely[.]fit կայքից Էկրանապատկերը՝ silapchely[.]fit կայքից](https://civilnet.am/storage/media/26/09/29/07aU3j5tiiOJPGPd.webp)
Կայքում տեղադրված է «հրաշք միջոցի» լուսանկարը, որի վրա գրված է՝ «Մեղվի ուժը․ բարեկազմության էներգիա» («Сила пчелы. энергия стройности»)։ «Մեղվի ուժը» իրական ապրանքանիշ է, բայց այն Երևանից ուսանողուհու ստեղծածը չէ։ Սա ռուսական ապրանքանիշ է, որի միջոցները արտադրում է Տվերում գրանցված «Здоров» ՍՊԸ-ն։ Սակայն գովազդվող նիհարեցնող միջոցը չկա ո՛չ ընկերության կայքում, ո՛չ էլ հայտնի առևտրային հարթակներում։
Կայքում պնդվում է նաև, թե խոշոր դեղագործական ընկերությունները չեն ցանկանում, որ մարդիկ իմանան «հրաշք» միջոցի մասին։ Մինչդեռ «Մեղվի ուժը» ապրանքանիշի այլ միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրների և ցավերի համար, ազատ վաճառվում են առևտրային հարթակներում, օրինակ՝ Ozon-ում և Wildberries-ում։
Բլոգերի կերպարն օգտագործվել է դիփֆեյք տեսանյութում
Սոցցանցերում տարածվում է նաև բլոգեր Շուշան Ստեփանյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա ներկայանում է որպես Սիլվիա և պատմում, թե շուրջ տասը տարի ու մեծ գումարներ է ծախսել նիհարելու համար, սակայն միայն հետո է պարզել, թե ինչպես կարելի է այրել ճարպը՝ առանց դիետայի։
Գրառումը տարածվում է Vital Dx ֆեյսբուքյան էջով։ Այս էջում հրապարակված են նմանատիպ գովազդային տեսանյութեր՝ տարբեր լեզուներով, այդ թվում՝ պորտուգալերեն, հունարեն, բուլղարերեն և այլն, որոնք թիրախավորում են տարբեր երկրների լսարաններ։
Տեսանյութը, սակայն, դիփֆեյք է (deepfake)։ Դրանում օգտագործված կադրերը վերցված են բլոգերի յութուբյան ալիքում 2021-ի օգոստոսին հրապարակված տեսանյութից, որտեղ նա խոսում է բոլորովին այլ թեմայի՝ ճանապարհորդությունների մասին։
Բլոգերը նաև իր ինստագրամյան էջի պատմություններում (story) նշել է, որ տարածվող տեսանյութը դիփֆեյք է։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող գրառումները, որոնք գովազդում են «հրաշք» միջոց և խոստանում առանց դիետայի մի քանի ժամում այրել ճարպը, կեղծ են։ Դրանց միջոցով փորձ է արվում մեծ քանակով վաճառել հայտնի ապրանքանիշի անունով ներկայացվող միջոց, որը չկա ո՛չ արտադրողի կայքում, ո՛չ էլ առևտրային հարթակներում։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











