«Փաստ» օրաթերթը սեպտեմբերի 26-ին հրապարակված հոդվածում պնդում է, թե Հրազդանի Firebird AI գործարանը մեծ լարվածություն է առաջացնելու Հայաստանի էներգահամակարգում՝ ազդելով նաև բնակչության էներգամատակարարման վրա։
«Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի»,- գրել է օրաթերթը։
Այս պնդումներին զուգահեռ հոդվածում, հղում անելով անանուն փորձագետների, նշվում են գործարանի հնարավոր տնտեսական, տեխնոլոգիական և անվտանգային ռիսկերը։ Մասնավորապես, պնդվում է, թե այն կարող է ԱՄՆ-ի համար հետախուզական տեղեկություններ հավաքելու հնարավորություն ստեղծել, իսկ ամերիկյան օրենքներով պարտավոր է առաջին իսկ պահանջով իշխանություններին տրամադրել իր ամբողջ տեղեկատվությունը։ Թերթը չի նշում՝ ովքեր են այդ փորձագետները և ինչ փաստերի վրա են հիմնվում։
«Փաստի» հոդվածը արտատպել են նաև aysor.am-ը, panorama.am-ը, news.am-ը, pastinfo.am-ը, lurer.com-ը և այլ լրատվամիջոցներ, ինչպես նաև տելեգրամյան ալիքներ։
#CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումները՝ համադրելով ընկերության հրապարակած տվյալների, պաշտոնական աղբյուրների և ԱՄՆ օրենսդրության հետ։
300 ՄՎտ-ը գործարանի ընդլայնման ցուցանիշն է, իսկ 2 ԳՎտ-ը՝ ընկերության միջազգային ծրագրի
Firebird AI-ի և NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացումը Հրազդանում տեղի է ունեցել 2026-ի օգոստոսի 8-ին։
«Փաստը» նշում է, թե գործարանը մեկնարկային փուլում կսպառի 300 ՄՎտ էլեկտրաէներգիա, իսկ ընդլայնման դեպքում այդ պահանջը կարող է հասնել մինչև 2 ԳՎտ։ Սակայն 300 ՄՎտ-ը մեկնարկային փուլի ցուցանիշը չէ, իսկ 2 ԳՎտ-ը միայն Հրազդանի գործարանին չի վերաբերում։
Ընկերության կայքում Հրազդանի գործարանի առաջին փուլի համար նշված է 15 ՄՎտ հզորություն։ Վարչապետի աշխատակազմի՝ բացման օրը տարածած հաղորդագրությունում նշվում է շուրջ 18 ՄՎտ։ Նույն ցուցանիշն է ներկայացրել նաև Ալեքսանդր Եսայանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում՝ նշելով, որ էլեկտրաէներգիան օգտագործվում է կենտրոնի աշխատանքի և հովացման համար։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Firebird AI-ից հայտնել են, որ առաջին փուլի նախատեսված հզորությունը կազմում է շուրջ 15 ՄՎտ։ Ընկերությունը, սակայն, չի պարզաբանել 15 և 18 ՄՎտ ցուցանիշների տարբերությունը։
Իսկ 300 ՄՎտ-ը ընկերության՝ օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունում նշված է որպես Հայաստանում մինչև 2027-ի վերջ նախատեսվող ընդլայնման հզորություն։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Firebird AI-ից հաստատել են, որ հետագա փուլերում հզորությունը կարող է աստիճանաբար հասնել շուրջ 300 ՄՎտ ՏՏ բեռնվածության։
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունում նշվում է նաև, որ մինչև 2027-ի վերջ նախատեսվող երրորդ փուլի ավարտից հետո հարթակի ընդհանուր հզորությունը կգերազանցի 400 ՄՎտ-ը։ Ընկերությունից խնդրել ենք պարզաբանել՝ ինչին են վերաբերում 300 և 400 ՄՎտ ցուցանիշները։ Պատասխանում նշված է միայն, որ 300 ՄՎտ-ը Հրազդանի գործարանի հաջորդ փուլի հզորությունն է։
Ինչ վերաբերում է հոդվածում նշված 2 ԳՎտ-ին, ապա այն միայն Հրազդանի գործարանին չի վերաբերում։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Firebird AI-ը նախատեսում է մինչև 2028-ի վերջ Հայաստանում, Ղազախստանում և այլ երկրներում իր կենտրոնների ընդհանուր հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի։

Այսպիսով, «Փաստը» հետագա ընդլայնման համար նախատեսվող 300 ՄՎտ-ը ներկայացրել է որպես մեկնարկային հզորություն, իսկ ընկերության միջազգային ծրագրի 2 ԳՎտ ցուցանիշը վերագրել Հրազդանի գործարանին։
Էներգահամակարգի վրա գործարանի հետագա ընդլայնման հնարավոր ազդեցության հարցը, սակայն, բաց է մնում։
ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Ալեքսանդր Եսայանը նշել է, որ առաջին փուլի շուրջ 18 ՄՎտ պահանջը էլեկտրաէներգիայի պակասի խնդիր չի առաջացնում, քանի որ Հայաստանում արտադրության ավելցուկ կա։
Հարցազրույցի վերջում նրան հարցրել ենք նաև հզորությունը մինչև 400 ՄՎտ հասցնելու դեպքում էներգամատակարարման մասին։ Եսայանի խոսքով՝ ընկերությունն ունի երկու-երեք լուծման տարբերակ և գործընկերների հետ քննարկում է՝ որն ընտրել։ Նա, սակայն, չի մանրամասնել այդ տարբերակները և էներգահամակարգի վրա հնարավոր ազդեցությունը։
Firebird AI-ից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հաջորդ փուլերի էներգամատակարարման տարբերակները ներկայում քննարկվում են պետության և մասնավոր հատվածի ներգրավմամբ։ Ընկերության խոսքով՝ նպատակն է ապահովել, որ ընտրված լուծումները համապատասխանեն Հայաստանի էներգետիկ հնարավորություններին և երկարաժամկետ զարգացման ծրագրերին։
Այս պատասխաններում ընդլայնման՝ էներգահամակարգի վրա ազդեցության գնահատական չի ներկայացվում։ «Փաստի» հոդվածում ևս հաշվարկ կամ ուսումնասիրություն չկա, որը կհիմնավորեր, թե գործարանն «անկասկած» մեծ լարվածություն է առաջացնելու Հայաստանի էներգահամակարգում։
Գործարանում տեղադրված է 6144 NVIDIA B200 պրոցեսոր, ոչ թե 9000
«Փաստի» հոդվածում պնդվում է, որ Հրազդանի գործարանը հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ հետագայում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 50 000-ի։
Սակայն Ալեքսանդր Եսայանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նշել է, որ կենտրոնում տեղադրված է 6144 NVIDIA B200 պրոցեսոր։ Նույն թիվը նշված է ընկերության կայքում և հաստատվել է #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան։
Ինչ վերաբերում է նախատեսվող ընդլայնմանը, «Փաստի» նշած 50 000 թիվը հանդիպում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունում։ Ընկերության պատասխանում, սակայն, պարզաբանվում է, որ երկրորդ փուլի արդյունքում GPU-ների թիվը նախատեսվում է հասցնել շուրջ 70 000-ի՝ ընդգծելով, որ խոսքը դեռ նախատեսվող ցուցանիշի մասին է։
Firebird AI-ը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից տվյալներ հավաքելու համար
«Փաստը», հղում անելով փորձագետների, պնդում է, որ Firebird AI-ը կարող է ԱՄՆ պատերազմի նախարարության և հետախուզական ծառայությունների համար տեղեկություններ հավաքելու հնարավորություն ստեղծել։
«Հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված»,- նշված է հոդվածում։
Կրկին օրաթերթը չի նշում՝ ովքեր են այդ փորձագետները, ինչ տեղեկություններ կարող են հավաքվել և ինչպես։ Չեն ներկայացվում նաև գործարանը ռազմական կամ հետախուզական նպատակներով օգտագործելու մասին ապացույցներ։
Նման պնդումներ շրջանառվել էին դեռևս 2025-ի դեկտեմբերին։ Մոսկվայում բնակվող վերլուծաբան Էնդրյու Կորիբկոյի՝ Eesti Eest կայքում հրապարակված հոդվածում պնդվում էր, թե կենտրոնում կպահվեն Հայաստանի քաղաքացիների տվյալները, որոնք կարող են վերլուծվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ալգորիթմներով։ #CivilNetCheck-ն այդ պնդումներին անդրադարձել էր առանձին հրապարակմամբ։
Տես՝ Դավադրապաշտական պնդումներ Հայաստանի AI կենտրոնի շուրջ՝ կրեմլամերձ աղբյուրից
Գործարանը հետախուզական նպատակներով օգտագործելու մասին պնդում է արվել նաև ռուսական պետական «Ռոսիա 24» (Россия 24) հեռուստաալիքի սեպտեմբերի 22-ի ռեպորտաժում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այս պնդումները քաղաքականացված գնահատական էր որակել։
Հարցին՝ արդյոք կենտրոնը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, նախարարը պատասխանել է ավտոմեքենայի օրինակով․ այն ևս կարող է օգտագործվել հանցագործության համար, սակայն դա պատճառ չէ դրա օգտագործումն արգելելու։ Նախարարը նաև առաջարկել է հնարավոր վտանգների մասին կոնկրետ տեղեկությունները գրավոր ներկայացնել նախարարությանը։
Firebird-ի ներկայացուցիչները դեռ 2025-ի դեկտեմբերին մեզ հայտնել էին, որ նախագծի շրջանակում չեն հավաքվելու, ներմուծվելու կամ պահվելու քաղաքացիների տվյալներ։ Նրանց խոսքով՝ ընկերությունը տրամադրում է հաշվարկային հզորություն, որը գտնվում է հաճախորդների վերահսկողության տակ։ Ընկերության ներկայացուցիչները նշել էին նաև, որ Firebird-ը և Dell-ը մուտք կամ տեսանելիություն չունեն այն ծրագրերին ու մոդելներին, որոնք հաճախորդները գործարկում են իրենց հաշվարկային միջավայրում։
«Այսինքն՝ մարդկանց համար կարևոր է հասկանալ, որ սա տվյալների կենտրոն չէ։ [...] Տվյալների կենտրոնը մի վայր է, որտեղ դուք պահում եք ձեր տվյալները կամ տվյալները տեղափոխում մի վայրից մյուսը։ Իսկ սա, ըստ էության, հաշվողական հզորություն է՝ կարելի է ասել՝ ուղեղ, որն ունի մեծ կարողություններ»,- ասել էր Ալեքսանդր Եսայանը։
ԱՄՆ օրենքներով գործարանը պարտավոր է տրամադրել իր ամբողջ տեղեկատվությունը
Firebird-ի հավաստիացումը, թե ընկերությունը մուտք չունի հաճախորդների տվյալներին, կարևոր է նաև «Փաստի» հաջորդ պնդումը գնահատելու համար։ Թերթը գրում է, թե ամերիկյան օրենքներով նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին տրամադրել իրենց ամբողջ տեղեկատվությունը։ Թե որ օրենքի մասին է խոսքը, հոդվածում չի նշվում։
Նույն պնդումն ավելի մանրամասն հնչել է «Ռոսիա 24»-ի սեպտեմբերի 22-ի ռեպորտաժում, որի հեղինակները նշել են, թե 2018-ին ԱՄՆ Կոնգրեսը «գրեթե գաղտնի» ընդունել է օրենք, որը ցանկացած ամերիկյան ՏՏ ընկերության պարտավորեցնում է հատուկ ծառայությունների պահանջով տվյալներ փոխանցել՝ անկախ սերվերների գտնվելու վայրից։ Ռեպորտաժի կադրերում երևում է, որ խոսքը CLOUD Act-ի մասին է, սակայն դրա բովանդակությունը ներկայացվում է աղավաղված։
Նախ՝ օրենքը գաղտնի չէ. այն ընդունվել է 2018-ին բյուջետային օրենքի կազմում և հրապարակված է։ Այն վերաբերում է ոչ թե «ցանկացած» ՏՏ ընկերության, այլ ԱՄՆ իրավազորությանը ենթակա էլեկտրոնային հաղորդակցության և հեռակա հաշվողական ծառայություններ մատուցողներին։
Երկրորդ՝ ընկերությունը պարտավոր չէ տրամադրել իր «ամբողջ տեղեկատվությունը»։ Օրենքը տարածվում է միայն ընկերության տնօրինության կամ վերահսկողության տակ գտնվող տվյալների վրա (18 U.S.C. § 2713)։
Երրորդ՝ տվյալները չեն տրամադրվում «առաջին իսկ պահանջով»։ CLOUD Act-ը կարգավորում է քրեական գործերով իրավապահ մարմինների պահանջները, և յուրաքանչյուր դեպքում գործում է օրենքով սահմանված ընթացակարգ։ Հաղորդակցությունների բովանդակությունը ստանալու համար անհրաժեշտ է դատական թույլտվություն, իսկ հաճախորդի անունն ու վճարման տվյալները կարելի է պահանջել օրենքով նախատեսված պարտադիր պահանջագրով (§ 2703)։ ԱՄՆ արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ օրենքը ընկերությունների նկատմամբ նոր իրավազորություն չի ստեղծել և տվյալների զանգվածային հավաքագրում թույլ չի տալիս։
Միևնույն ժամանակ, օրենքով սահմանված ընթացակարգերով Firebird-ից որոշակի տվյալներ կարող են պահանջվել, նույնիսկ եթե դրանք պահվում են Հայաստանում։ Եթե ընկերությունն իսկապես մուտք չունի հաճախորդների ծրագրերին, դրանք չի կարող նաև տրամադրել, սակայն այս հավաստիացումը հնարավոր չէ անկախ կերպով ստուգել։
Այսպիսով, «Փաստը» սխալ է ներկայացրել գործարանի GPU-ների քանակն ու մեկնարկային հզորությունը, իսկ ռուսական պետական և կրեմլամերձ աղբյուրներում շրջանառված թեզերը ներկայացրել է որպես անանուն «փորձագետների» գնահատականներ՝ առանց հիմնավորող ապացույցների։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











