Դավադրապաշտական պնդումներ Հայաստանի AI կենտրոնի շուրջ՝ կրեմլամերձ աղբյուրից

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Հայաստանյան լրատվամիջոցներում դեկտեմբերի 15-ին տարածվել է հրապարակում՝ պնդումով, թե Հայաստանում կառուցվող արհեստական բանականության (AI) կենտրոնը կարող է ծառայել ԱՄՆ-ի շահերին՝ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու նպատակով։
ABC Media-ն վերահրապարակել է Eesti Eest կայքի հոդվածը, որում, անդրադառնալով Nvidia-ի առաջադեմ չիպերի վաճառքի և Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ AI կենտրոնի ստեղծման ծրագրին, նշվում է, թե որոշ հայկական ընկերություններ կշահեն այդ ծրագրից, բայց ամբողջ ազգը՝ ո՛չ։
«Քաղաքացիների թվային-տեխնոլոգիական ինքնիշխանությունը հանձնվում է ԱՄՆ-ին, քանի որ նրանց տվյալները կպահվեն Dell ընկերության սերվերներում։ Սոցիալ-քաղաքական միտումները կարող են վերլուծվել Կենտրոնական հետախուզական վարչություն ալգորիթմների միջոցով (ԿՀՎ, CIA)՝ ԱՄՆ-ին օգնելու համար ճշգրտել քարոզչությունը և արագացնել Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու գործընթացը»,- նշված է հոդվածում։
Այս հրապարակումը ABC media-ից արտատպել են նաև 168.am-ը և Livenews.am-ը:
#CivilNetCheck-ը գնացել է Eesti Eest-ի հոդվածում նշված պնդումների հետքերով։
Տեխնոլոգիական նախագիծը՝ որպես դավադրապաշտական սցենար
Eesti Eest կայքում դեկտեմբերի 14-ին հրապարակված՝ Էնդրյու Կորիբկոյի հոդվածում պնդում է արվում, թե ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու ուղղությամբ։ Հեղինակի մեկնաբանությամբ՝ դրա դրսևորումներից են Վաշինգտոնի դերակատարումը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և անցյալ ամիս Nvidia-ի կողմից Հայաստանին առաջադեմ չիպերի վաճառքի հաստատումը՝ AI կենտրոնի նախագծի շրջանակում։
Հոդվածում այս նախաձեռնությունը ներկայացվում է ոչ թե որպես տեխնոլոգիական ծրագիր, այլ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ռազմավարության մաս։ Կորիբկոն նաև հղում է անում Քարնեգի հիմնադրամի հրապարակմանը՝ պնդելով, թե այնտեղ փաստացի կոչ է արվում միջամտել Հայաստանի առաջիկա ընտրություններին՝ ի օգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ AI կենտրոնը կարող է ծառայել այդ նպատակին։
Ինչ է նախատեսում AI կենտրոնը
Դեռևս 2025-ին հունիսին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության գործարան, որը Firebird ընկերության, ՀՀ կառավարության ու ամերիկյան Nvidia ընկերության համատեղ ծրագիրն է։
Նոյեմբերին Firebird ընկերությունը ստացավ ԱՄՆ կառավարության հավանությունը՝ Nvidia-ի առաջադեմ չիպերը Հայաստան արտահանելու համար։ Նախագիծը նախատեսում է բարձր հզորությամբ AI գերհամակարգչային ենթակառուցվածքի ստեղծում՝ Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորների (GPU) և Dell ընկերության սերվերների կիրառմամբ։
Կենտրոնը կգործի որպես հաշվարկային (compute) հարթակ, որը հնարավորություն կտա հայկական և միջազգային ընկերություններին, հետազոտական հաստատություններին ու ստարտափներին մշակել և գործարկել ժամանակակից արհեստական բանականության մոդելներ։ Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կեսին, իսկ հիմնական ուղղությունները ներառում են կենսաբանական գիտությունները, ռոբոտաշինությունը և տիեզերական տեխնոլոգիաները։
Firebird ընկերության հիմնադիրները ազգությամբ հայեր Ալեքսանդր Եսայանն ու Ռազմիկ Հովակիմյանն են։ Նրանք դեռևս ամիսներ առաջ հարցազրույց էին տվել CivilNet-ին, որտեղ պարզաբանել էին, որ ստեղծվող կենտրոնը արհեստական բանականության սուպերհամակարգիչ և հաշվարկային (compute) հարթակ է, այլ ոչ թե տվյալների պահոց։ Այն նախատեսված է AI մոդելների ուսուցման (training) և հաշվարկային խնդիրների լուծման (inference) համար և չի նախատեսում քաղաքացիների կամ օգտատերերի տվյալների հավաքում կամ պահպանում։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Firebird-ի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հաստատեցին այս պնդումը՝ նշելով, որ նախագծի շրջանակում չեն հավաքվելու, չեն ներմուծվելու և չեն պահվելու քաղաքացիների որևէ տվյալներ։ Նրանց փոխանցմամբ՝ Firebird-ը տրամադրում է բացառապես հաշվարկային հզորություն (GPU compute), որը ամբողջությամբ գտնվում է հաճախորդների վերահսկողության տակ։ Ընկերությունը, ինչպես նաև Dell-ը, չունեն որևէ տեսանելիություն, մուտք կամ պատկերացում այն մասին, թե ինչ ծրագրեր կամ մոդելներ են հաճախորդները գործարկում իրենց հաշվարկային միջավայրում։
Այսպիսով, Eesti Eest-ի առաջ քաշած և հայկական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված պնդումները, թե Հայաստանում ստեղծվող AI կենտրոնում կհավաքվեն քաղաքացիների տվյալներ, որոնք հետագայում կվերլուծվեն Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ալգորիթմների միջոցով, անհիմն են։
Խնդրահարույց այլ պնդումներ
Հոդվածում արված պնդումը, թե Քարնեգի հիմնադրամում հրապարակված հոդվածով կոչ է անում դե ֆակտո միջամտել Հայաստանի ընտրություններին՝ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ևս անհիմն է։ Թոմաս դը Վալի հեղինակած հոդվածը վերլուծական բնույթ ունի և անդրադառնում է Հայաստանի առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությանը, ներքաղաքական դաշտին և արտաքին դերակատարների ազդեցությանը՝ առանց որևէ կոչի կամ առաջարկի ԱՄՆ-ի կամ այլ երկրների կողմից ընտրական գործընթացներին միջամտելու կամ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար։
Հաջորդ խնդրահարույց պնդումը վերաբերում է նրան, թե իբր Հայաստանը համաձայնել է իր հարավային սահմանի երկայնքով ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գտնվող «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծմանը։ Իրականում, թե՛ հայկական, թե՛ ամերիկյան կողմերը բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի ունենալու վերահսկողություն ՀՀ տարածքով անցնող ճանապարհի կամ երկաթուղու վրա։ Ավելին, ցանկացած տրանսպորտային ենթակառուցվածք գործելու է բացառապես Հայաստանի օրենսդրության և իրավազորության ներքո։
Բացի այդ, հոդվածում օգտագործվում են «Great Reset» (Մեծ վերականգնում) և «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» եզրույթները, որոնք վերջին տարիներին ակտիվորեն կիրառվում են ռուսական և արևմտյան ծայրահեղական աղբյուրների կողմից՝ Արևմուտքի դեմ անվստահություն սերմանելու նպատակով։ Այս տերմինները հաճախ հանդիպում են միջազգային հարթակներում շրջանառվող դավադրապաշտական տեսություններում, որոնք փորձում են ցանկացած տեխնոլոգիական առաջընթաց ներկայացնել որպես գլոբալ վերահսկողության գործիք։
Eesti Eest-ի և Էնդրյու Կորիբկոյի կապերը․ ո՞ւր են տանում
Թեև Eesti Eest-ը ներկայանում է որպես էստոնական կայք, էստոնական փաստեր ստուգող կազմակերպությունները պարզել են, որ այն տարածում է պրո-կրեմլյան նարատիվներ, այդ թվում՝ արդարացնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ պնդելով, թե իբր ԱՄՆ-ն և «մեծ դեղագործական ընկերությունները» Ուկրաինայում գաղտնի փորձարկումներ են իրականացրել «էթնիկ ռուսների» վրա։ Կայքում ռուսական ռազմական գործողությունները ներկայացվում են որպես «հարկադրաբար իրականացված ազատագրում»։
Առավել ուշագրավ է հոդվածի հեղինակ Էնդրյու Կորիբկոյի (Andrew Korybko) անձը։ Թեև նա ներկայացվում է որպես ամերիկացի քաղաքական վերլուծաբան, սակայն երկար տարիներ բնակվում է Մոսկվայում և սերտորեն համագործակցում է ռուսական պետական ու մերձկրեմլյան լրատվամիջոցների հետ, այդ թվում՝ Sputnik-ը, RT-ն և Katehon-ը։ Կորիբկոն նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (РУДН) Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փորձագետ, ինչը ևս վկայում է նրա սերտ կապերի մասին ռուսական պետական և ակադեմիական-քաղաքական շրջանակների հետ։

Էնդրյու Կորիբկոն հաճախ է հարցազրույցներ տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին և հրապարակումներ է ունեցել նաև «Москва–Баку» հարթակում։ Դեռ 2017-ին հրապարակված վերլուծությունում նա նշել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի արժեքավոր գործընկեր է, քան Հայաստանը։ Այդ նյութում նա ներկայացնում է Լեռնային Ղարաբաղը որպես «Հայաստանի կողմից օկուպացված տարածք», և պնդել, թե Մոսկվան չի աջակցի Հայաստանին հնարավոր նոր հակամարտության դեպքում։
Կորիբկոյի «թիրախում» է նաև Հայաստանի արտաքին ուղեգծի փոփոխությունը։ Մեկ այլ հոդվածում նա Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը բնութագրել է որպես «վտանգավոր խաղ», որը, նրա պնդմամբ, կարող է հանգեցնել երկրի կործանմանը։
Անի Գրիգորյան
CivilNetCheck










