Գլխավոր Լրահոս

«10,000 դրամ պարգև»․ ինչ է թաքնված հեշտ եկամուտ խոստացող գովազդների հետևում

«10,000 դրամ պարգև»․ ինչ է թաքնված հեշտ եկամուտ խոստացող գովազդների հետևում

Սոցցանցերում կրկին տարածվում են հեշտությամբ եկամուտ ստանալ խոստացող գովազդային գրառումներ։ 

«Դուք ստացել եք 10,000 դրամ կանխիկ պարգև։ Կարող եք ստանալ հենց հիմա»,- նշված է գրառման մեջ։

Նույն լուսանկարով և նույն տեքստով գրառումները տարածվում են տարբեր ֆեյսբուքյան էջերում։ Դրանցից շատերը պատահական տառերի համադրությամբ կամ օտարահունչ անուններով էջեր են։

Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումները տարածած ֆեյսբուքյան էջերից
Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումները տարածած ֆեյսբուքյան էջերից

Սակայն հեշտությամբ գումար աշխատելու փոխարեն օգտատերերը կարող են կորցնել իրենց գումարը։ 

Հայտնի ընկերությունների տարբերանշաններ, ոչ ակտիվ ֆեյսբուքյան էջեր՝ նույնաբովանդակ գրառումներով 

Գրառումները տարածող ֆեյսբուքյան էջերը ակտիվություն գրեթե չունեն, իսկ նրանց հետևորդների թիվը քիչ է։ Միաժամանակ, էջերը ակտիվորեն տարածում են հեշտությամբ եկամուտ ստանալու վերաբերյալ գովազդային գրառումներ։

Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումները տարածած ֆեյսբուքյան էջերից
Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումները տարածած ֆեյսբուքյան էջերից

Գրառումներում հաճախ հանդիպում են նաև տարբեր ընկերությունների տարբերանշաններ, որոնք աղավաղված կամ ոչ ճշգրիտ են պատկերված։ Սա կարող է հուշել, որ պատկերները, ամենայն հավանականությամբ, գեներացվել են արհեստական բանականության միջոցով։

Հոդվածին կցված տեքստը ևս, ըստ արհեստական բանականության կիրառությունը հայտնաբերող գործիքների, մեծ հավանականությամբ գեներացվել է ԱԲ-ի միջոցով։ Տեքստը բնական հայերենով չէ և հստակ բովանդակային իմաստ չի արտահայտում։

Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումից և ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող գործիքների արդյունքից
Էկրանապատկերը՝ հեշտ եկամուտ խոստացող գրառումից և ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող գործիքների արդյունքից

Գրառմանը կցված հղումները տանում են պատահական տառերի համադրությամբ t27f9[.]xyz կայք։ Կայքում նշվում է, որ օգտատերը պետք է սպասարկի Alibaba հարթակի պատվերները, ինչի դիմաց եկամուտ կստանա։

Կեղծ օգտատերերից՝ նախնական ներդրման պահանջ 

Կայքում ներկայացված են նաև «նախագծի ղեկավարի» լուսանկարը, անունն ու ազգանունը, ինչպես նաև իբր հարթակի միջոցով եկամուտ ստացած օգտատերերի մեկնաբանություններ։

Սակայն կայքում օգտագործված բոլոր լուսանկարները վերցված են համացանցից, ինչը վկայում է, որ ներկայացված անձինք իրական օգտատերեր չեն, իսկ հարթակը՝ կասկածելի։

Էկրանապատկերը՝ գրառումներին կցված կայքից
Էկրանապատկերը՝ գրառումներին կցված կայքից

Այնուհետև «Սկսել աշխատանքը հիմա» կոճակին սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է WhatsApp-ի նամակագրության բաժնում, որտեղ նրան ուղարկում են am[.]vip03[.]xyz հարթակի հղումը և առաջարկում առցանց հաշիվ ստեղծել։

.xyz և նմանատիպ այլ դոմեյնները, որպես կանոն, ավելի էժան են, քան .com, .am և այլ տարածված վերջավորությամբ դոմեյնները։ Այդ պատճառով զեղծարարները հաճախ ընտրում են նման դոմեյններ, օգտագործում դրանք կարճ ժամանակով, ապա փակում կայքերը։

Սակայն հետագա քայլերից պարզվում է, որ «աշխատանքը» սկսելու համար օգտատերը պետք է նախնական ներդրում կատարի։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է նման հարթակներին։ Այս սխեմաները սովորաբար սկսվում են սոցցանցերում տարածվող՝ հեշտ եկամուտ խոստացող գովազդներից։ Այնուհետև օգտատերերին տեղափոխում են WhatsApp կամ Telegram, որտեղ առաջարկում են նախապես գումար փոխանցել՝ իբր աշխատանքը սկսելու կամ եկամուտ ստանալու համար։

Որոշ դեպքերում ուղարկվող հղումները կարող են տանել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձ է արվում ձեռք բերել օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։

Ուստի նման հարթակներում գրանցվելը, անձնական տվյալներ տրամադրելը կամ գումար փոխանցելը կարող է ռիսկային լինել։ Չկա նաև երաշխիք, որ օգտատերը կկարողանա եկամուտ ստանալ կամ վերադարձնել նախապես փոխանցած գումարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում