«Վաշինգտոնը խոստացավ ներդնել իր ողջ ներուժը հայկական բանակի բարեփոխման մեջ, բայց թղթի վրա ոչ մի երաշխիք չդրեց», «ամերիկյան ներկայությունը տևում է ճիշտ այնքան, որքան ձեռնտու է Վաշինգտոնին», «Զվարթոցում Իրան-Հայաստան չվերթները սկսեցին չեղարկվել»։
Այս և նման պնդումներ վերջին շաբաթներին տարածել է շուրջ 9 հազար հետևորդ ունեցող Payqar ֆեյսբուքյան էջը։ Տեսանյութերը վերաբերում են տարբեր թեմաների՝ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունից և Իրաքում ԱՄՆ ներկայությունից մինչև Հայաստանի հարաբերություններն Իրանի և Եվրոպայի հետ։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տեսանյութերում իրական փաստերը հաճախ ներկայացվում են ընտրովի կամ խեղաթյուրված համատեքստում, իսկ առանձին դեպքերում դրանցից արվում են եզրակացություններ, որոնք հրապարակված տվյալներից չեն բխում։ Որոշ տեսանյութերում իրար հետ ուղղակի կապ չունեցող իրադարձություններ ներկայացվում են որպես պատճառահետևանքային շղթա, իսկ որոշ պնդումներ պարզապես չեն հաստատվում փաստերով։
2026-ին ստեղծված էջ՝ անհայտ վարողներով և ԱԲ ձայնով տեսանյութերով
Payqar ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2026-ի մայիսին։ Էջը գրեթե ամբողջությամբ տեսանյութեր է հրապարակում, որոնք հնչեցված են ԱԲ-ով գեներացված ձայնով։ Խոսքը հաճախ ոչ բնական է, առանձին բառեր և անուններ սխալ կամ ոչ վարժ են արտասանվում։
Էջում տեղեկություն չկա այն վարող անձանց կամ կազմակերպության մասին, և հրապարակումներից նույնպես հնարավոր չէ պարզել, թե ով է կանգնած դրա հետևում։
Տեսանյութերը, սակայն, ունեն միանման կառուցվածք և ոճ՝ կարճ քաղաքական կամ արտաքին քաղաքական թեմա, փաստերի ընտրովի ներկայացում և դրանցից արված կտրուկ եզրակացություն։
Մանիպուլյացիա հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին հրապարակված տեսանյութում էջն անդրադառնում է Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը՝ պնդելով, թե «Վաշինգտոնը խոստացավ ներդնել իր ողջ ներուժը՝ հայկական բանակի բարեփոխման մեջ, բայց թղթի վրա ոչ մի երաշխիք չդրեց»։ Տեսանյութում շեշտվում է նաև, որ խոսվել է խորհրդատվության, փորձի փոխանակման և աջակցության մասին, սակայն ոչ անվտանգության երաշխիքների կամ սպառազինության։
Տեսանյութի առիթը Պաշտպանության նախարարության սեպտեմբերի 18-ի հաղորդագրությունն էր, ըստ որի՝ ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում ամփոփվել են վերջին տարիներին ոլորտում իրականացված ծրագրերը։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին։ Ըստ նրա՝ բանակի կերպափոխման գործընթացում ԱՄՆ-ը ներդնելու է իր խորհրդատվական, փորձի փոխանակման և այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։ Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։ ՊՆ հաղորդագրությունում անվտանգության երաշխիքների մասին խոսք չկա։ Սակայն տեսանյութում դրանց բացակայությունը ներկայացվում է որպես ԱՄՆ աջակցության սահմանափակության ցուցիչ, թեև նման երաշխիք այդ ձևաչափով չէր էլ նախատեսվել։

2026-ին հրապարակված ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը» պաշտպանության և անվտանգության ոլորտում ամրագրում է կողմերի համագործակցության ուղղությունները։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը «մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը»։ Այդ համագործակցությունը, ի թիվս այլնի, ներառում է «Օտարերկրյա ռազմական վաճառքներ» (FMS) ծրագրի միջոցով Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառքը։
Այն ներառում է նաև մասնագիտական ռազմական կրթության և վերապատրաստման ծրագրեր, այդ թվում՝ IMET-ը, ինչպես նաև կանոնավոր երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։

Կանոնադրությունը Հայաստանի սահմանը կամ անվտանգությունը պաշտպանելու պարտավորություն չի սահմանում։ ԱՄՆ աջակցությունը նախատեսված է բարեփոխումների, վերապատրաստման, խորհրդակցությունների և պաշտպանական արտադրանքի վաճառքի ձևաչափով։
Տեսանյութի վերջում ասվում է, թե «մինչ խորհրդակցությունները շարունակվում են, Տավուշի սահմանին ադրբեջանցին խրամատ է փորում, և ոչ մի խորհրդատու այդ խրամատը չի փակի»։ Սակայն այս երկու հանգամանքների միջև ուղիղ կապ չկա։ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցությունները վերաբերում են բանակի բարեփոխումներին և երկարաժամկետ համագործակցությանը, ոչ թե սահմանին կոնկրետ միջադեպերի կամ ինժեներական աշխատանքների անմիջական կանխմանը։ Դրանք նույն հարթության վրա դնելով՝ տեսանյութը ստեղծում է կեղծ հակադրություն։
Մանիպուլյացիա Իրաքի օրինակով և կեղծ զուգահեռներ Հայաստանի հետ
Payqar-ի մեկ այլ տեսանյութում նշվում է, որ ամերիկյան զորքերը 23 տարվա ներկայությունից հետո ամբողջությամբ դուրս են եկել Իրաքից։ Դրանից հետո տեսանյութը եզրակացնում է. «Ահա այս մոդելը պետք է հիշի Փաշինյանը։ Ամերիկյան ներկայությունը տևում է ճիշտ այնքան, որքան ձեռնտու է Վաշինգտոնին, ու հրաժեշտի պահին տեղի բնակչին ոչ ոք չի հարցնում»։
Ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից փաստ է, սակայն տեսանյութը բաց է թողնում դրա առանցքային համատեքստը։ Դուրսբերումը Վաշինգտոնի միակողմանի որոշում չէր։ 2024-ի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի և Իրաքի կառավարությունները համատեղ հայտարարությամբ սահմանել էին կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի ժամանակացույցը՝ ինը ամիս տևած երկկողմ քննարկումներից հետո։ Reuters-ը ևս գրել էր, որ բանակցությունները նախաձեռնվել էին Իրաքի վարչապետի կողմից։ Հետևաբար պնդումը, թե «հրաժեշտի պահին տեղի բնակչին ոչ ոք չի հարցնում», մոլորեցնող է. զորքերի դուրսբերման գործընթացը համաձայնեցվել էր հենց Իրաքի կառավարության հետ։
Անհիմն է նաև այս օրինակը Հայաստանի հետ համեմատելը։ Հայաստանում ամերիկյան զորքեր կամ ԱՄՆ ռազմաբազա չկան, հետևաբար Իրաքում ռազմական ներկայության ավարտը չի կարող ներկայացվել որպես Հայաստանի համար նույն «մոդելի» օրինակ։ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը տվյալ դեպքում վերաբերում է պաշտպանական բարեփոխումներին, խորհրդատվությանը, վերապատրաստմանը և պաշտպանական արտադրանքի ձեռքբերմանը։
«Զվարթոցը» իրանական չվերթները չի չեղարկել
Սեպտեմբերի 25-ին տարածված մեկ այլ տեսանյութում Payqar-ը անդրադառնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի՝ երկու օր առաջ արած հայտարարությանը, որով նա սպառնացել էր, որ եթե հարևան երկրները ԱՄՆ-ի ճնշման տակ դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը, Իրանը քայլեր կձեռնարկի այդ երկրների օդանավակայանների աշխատանքը խափանելու համար։ Դրանից հետո Payqar-ի տեսանյութում պնդվում է, թե «հենց հաջորդ օրվա լուսաբացից Զվարթոցի տեղեկատվական հարթակում Իրան-Հայաստան չվերթները սկսեցին չեղարկվել», ապա արվում է եզրակացություն, թե Հայաստանը «Վաշինգտոնի ճնշման տակ» կտրում է հաղորդակցությունն Իրանի հետ։
Սակայն այդ պնդումը չի հաստատվում հասանելի տվյալներով։ Սեպտեմբերի 24-ին հրապարակված տվյալներով իրանական ավիաընկերությունները շարունակում էին թռիչքներ իրականացնել դեպի հայկական օդանավակայաններ։ Սեպտեմբերի 25-ին «Զվարթոց» օդանավակայանի առցանց չվացուցակում Թեհրանից Երևան երկու չվերթ էր նախատեսված, իսկ Իրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի ղեկավարն էլ հայտնել էր, որ դեպի Հայաստան թռիչքները շարունակվում են։ Իրանական աղբյուրները սեպտեմբերի 25-ին հաղորդում էին, որ Իրանից թռիչքները դադարեցվել էին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Իրաք, Վրաստան, Օման և ԱՄԷ, մինչդեռ այլ միջազգային ուղղություններով դրանք շարունակվում էին։

Բիրմինգհեմի ժողովրդագրությունը՝ որպես Հայաստանի «եվրոպական ապագա»
Payqar-ի մեկ այլ տեսանյութում խոսքը Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի ժողովրդագրական պատկերի մասին է։ Նշվում է, որ քաղաքում պակիստանական համայնքը կազմում է շուրջ 195 հազար մարդ կամ բնակչության 17 տոկոսը, ապա հնչում է հարցը՝ «Սա՞ է մեր եվրոպական ապագան»։

Սակայն Բիրմինգհեմի ժողովրդագրական փոփոխությունները որևէ կապ չունեն Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների հետ։ Ավելին, Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չէ, ուստի Բիրմինգհեմի ժողովրդագրական պատկերը որպես Հայաստանի հնարավոր «եվրոպական ապագայի» օրինակ ներկայացնելը ևս մոլորեցնող զուգահեռ է։
Այսպիսով, Payqar ֆեյսբուքյան էջի տեսանյութերում իրական փաստերը հաճախ ներկայացվում են ընտրովի կամ խեղաթյուրված համատեքստում, միմյանց հետ չկապված իրադարձություններից կառուցվում են մոլորեցնող զուգահեռներ, իսկ որոշ դեպքերում տարածվում է նաև ապատեղեկատվություն։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











