Գլխավոր Լրահոս

«Աշխատանք տնից»՝ նախնական ներդրմամբ․ ինչ է թաքնված կասկածելի առաջարկների հետևում

«Աշխատանք տնից»՝ նախնական ներդրմամբ․ ինչ է թաքնված կասկածելի առաջարկների հետևում

Սոցցանցերում նորաստեղծ, անհայտ էջերով տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է առցանց աշխատանք՝ խոստանալով եկամուտ։

«Փնտրում եմ մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել տնից՝ առցանց։ Օրական մինչև 15,000 դրամ։ Մուտքավճարը՝ 1000 դրամ»,- նշված է գրառմանը կցված տեսանյութում։

Թեև առաջին հայացքից այն սովորական աշխատանքային հայտարարություն է թվում, իրականում նման առաջարկներին արձագանքած օգտատերերը, ակնկալվող եկամուտ ստանալու փոխարեն, կարող են ֆինանսական կորուստներ կրել։

Ինչո՞ւէ  կասկածելի խոստացված առցանց աշխատանքը

Գովազդային գրառումները տարածվում են Trisoke անվանումով ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջը ստեղծվել է օրեր առաջ՝ օգոստոսի 2-ին, ունի ընդամենը 19 հետևորդ և որևէ այլ հրապարակում չունի։ Փոխարենը՝ էջում գովազդային գրառումների միջոցով տարածվում են առցանց աշխատանքի առաջարկներ։ 

Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից

Գրառման տեքստը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է արհեստական բանականությամբ․ այն ունի ոչ բնական շարադրանք։ ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող գործիքները ևս այն բարձր հավանականությամբ գնահատում են որպես ԱԲ-ով գեներացված։ 

Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառությունը հայտնաբերող հարթակներից
Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառությունը հայտնաբերող հարթակներից

Ինչպես է աշխատում օգտատիրոջը ներգրավելու մեխանիզմը 

Առցանց աշխատանքին դիմելու համար օգտատերը պետք է անցնի կցված հղումով։ Թեև առաջին հայացքից այն վստահություն ներշնչող կայք է թվում, հղման վրա սեղմելուց հետո օգտատերը վերահասցեագրվում է մեկ այլ կայք, որի անվանումը կազմված է պատահական տառերի համադրությունից։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան գրառումից և դրա միջոցով վերահասցեագրվող կայքից
Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան գրառումից և դրա միջոցով վերահասցեագրվող կայքից

Կայքում ներկայացված են իբր այս աշխատանքի միջոցով գումար վաստակած օգտատերերի մեկնաբանություններ։ Սակայն դրանցում օգտագործված բոլոր լուսանկարները վերցված են համացանցից, ինչը կարող է վկայել, որ ներկայացված օգտատերերը իրական չեն։ 

Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից
Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից

Այնուհետև օգտատերը, սեղմելով «Սկսի՛ր հիմա» կոճակը, տեղափոխվում է WhatsApp հավելված։ Այստեղ նամակագրության ընթացքում պարզվում է, որ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է այցելել մեկ այլ կայք՝ am[.]cp-vip.food/register, գրանցվել և ուղարկել գրանցումը հաստատող էկրանապատկերը։ Դրանից հետո օգտատիրոջը փոխանցում են տելեգրամյան օգտատիրոջ հղում և առաջարկում հետագա հաղորդակցությունը շարունակել այնտեղ։ 

Էկրանապատկերը՝ WhatsApp-ում զրույցից
Էկրանապատկերը՝ WhatsApp-ում զրույցից

Այնուհետև հայտնում են, որ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է նախնական ներդրում կատարել։ Այս պահանջը նշված է եղել նաև սկզբնական հայտարարության մեջ։ Դրա համար օգտատիրոջը փոխանցում են հաշվեհամար։ 

#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է այս կայքին։ Այժմ նույն մեխանիզմով ստեղծվում են նոր ֆեյսբուքյան էջեր, որոնք հեշտ և արագ եկամուտ ստանալու խոստումով առաջարկում են փոքր-ինչ փոփոխված առցանց աշխատանքներ։

Նման կայքերում ներդրումներ անելը ռիսկային է․ որևէ երաշխիք չկա, որ օգտատերը կստանա խոստացված առաջադրանքները, կկարողանա եկամուտ ստանալ կամ վերադարձնել նախապես փոխանցված գումարը։ Բացի այդ, նման սխեմաներով գործող կայքերը հաճախ կարող են օգտատերերին ուղղորդել դեպի ֆիշինգային կայքեր, որոնք նախատեսված են անձնական կամ ֆինանսական տվյալներ կորզելու համար։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում