Գլխավոր Լրահոս

ԱԲ-ով կեղծված բժիշկներն ու հաղորդավարները «բուժման գաղտնի մեթոդներ» են գովազդում

ԱԲ-ով կեղծված բժիշկներն ու հաղորդավարները «բուժման գաղտնի մեթոդներ» են գովազդում

#CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում հայտնի բժիշկներն ու հաղորդավարները ներկայացնում են շագանակագեղձի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի հիվանդությունների բուժման «մատչելի» միջոցներ՝ սովորական մթերքների կամ խոտաբույսերի օգնությամբ։

«Այս առավոտ Հայաստանում իրարանցում է․ տղամարդիկ զանգվածաբար վերցնում են կոպեկ արժողությամբ բնական խոտ և ընդմիշտ հրաժարվում անօգուտ հակաբիոտիկներից ու պրոստատայի ստորացուցիչ մերսումից»,- հայերենով հայտարարում է ռուս հաղորդավար Միխայիլ Լաբկովսկու նմանակված կերպարը։

Սակայն այս և մյուս տեսանյութերը կեղծ են․ դրանք ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով՝ հայտնի մարդկանց կերպարներն օգտագործելով վստահություն ներշնչելու և օգտատերերին կասկածելի կայքեր ուղղորդելու նպատակով։

Ռուս հայտնի բժիշկն ու հաղորդավարը՝ խաբեության գործիք

James Cater ֆեյսբուքյան էջը հոկտեմբերի 14-ից գովազդային տեսանյութեր է տարածում, որոնցում օգտագործված կադրերը վերցված են 2019-ի մարտի 25-ին «Դոկտոր» ռուսական հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման թողարկումից։ Հաղորդման մասնակիցը ռուս հոգեբան, գրող և հաղորդավար Միխայիլ Լաբկովսկին է։

Տեսանյութին կից գրառմամբ օգտատերերին հորդորում են սեղմել «Իմանալ ավելին» կոճակը, վերցնել Ալեքսանդր Մյասնիկովի գաղտնի բաղադրատոմսը և հինգ օրում ազատվել պրոստատիտից։

Տեսանյութի հաջորդ հատվածում օգտագործվել են ռուս հայտնի սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի իրական տեսագրության կադրերը, որոնցում նրա խոսքը փոփոխվել է ԱԲ-ի միջոցով։

Հղումը տանում է site-glornix[.]rest կայք, որտեղ օգտագործվել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իրական տեսագրության կադրերը՝ ԱԲ-ի միջոցով փոփոխելով նրա խոսքը։ Տեսանյութում Սիմոնյանը ոչ բնական հայերենով ներկայացնում է բուժման մի մեթոդ, որն իբրև պետք է բնակչությանը տրամադրվի «կառավարության ծրագրով»։

Տեսանյութը ստեղծելու համար օգտագործվել են 2026-ի հուլիսի 8-ին Սիմոնյանի տված հարցազրույցի կադրերը։ Այդ օրը նա հարցազրույց էր տվել շվեյցարական Die Weltwoche պարբերականի գլխավոր խմբագիր Ռոջեր Կյոպելին։

Մարգարիտա Սիմոնյանի՝ ԱԲ-ով փոփոխված և իրական հարցազրույցների կադրերը
Մարգարիտա Սիմոնյանի՝ ԱԲ-ով փոփոխված և իրական հարցազրույցների կադրերը

Հայերեն խոսող ռուս բժիշկը՝ տարբեր հիվանդությունների «բուժման» գովազդներում

Ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կերպարը հաճախ է օգտագործվում դեղամիջոցներ և այլ բուժիչ միջոցներ գովազդող նմանատիպ տեսանյութերում։

Emily Weeks ֆեյսբուքյան էջի տարածած մեկ այլ տեսանյութում նրա ԱԲ-ով նմանակված կերպարը գովազդում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժման «մեթոդ»՝ կրկին օգտատերերին ուղղորդելով կասկածելի կայքեր։

Տես նաև՝ «Հայտնի բժիշկների դիփֆեյքերով «հրաշք բուժումներ»․ ինչ է թաքնված կեղծ գովազդների հետևում» հոդվածը

Նմանատիպ «դեղամիջոց» գովազդող մեկ այլ տեսանյութին կից գրառման մեջ ասվում է․ «95%-ը չգիտի այս գաղտնիքը։ Դեղագործական մաֆիան թաքցնում է ճշմարտությունը։ Սեղմիր հիմա, մինչև տեսանյութը չհեռացնեն»։

Տեսանյութում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին նմանեցված և Արմեն Սարգսյան անունով ներկայացող «բժիշկը» պնդում է, թե սովորական մթերքների օգնությամբ հնարավոր է ամբողջությամբ մաքրել թոքերը թույներից, խեժերից և կուտակված վնասակար նյութերից։

ԱԲ-ով ստեղծված կերպարը և Արսեն Թորոսյանը
ԱԲ-ով ստեղծված կերպարը և Արսեն Թորոսյանը

Տես՝ «Կեղծ բժիշկներ, կեղծ հարցազրույցներ․ ԱԲ դիփֆեյքերով վաճառվող «բուժիչ» միջոցները»

Հոլովակը նույնպես օգտատերերին ուղղորդում է site-glornix[.]rest կայք, որտեղ տեղադրված կեղծ հարցազրույցը պատրաստվել է «Alpha News» լրատվամիջոցի լրատվական թողարկման կադրերի հիման վրա։ Տեսանյութում բժիշկ ներկայացող կերպարը կրկին խոսում է բուժման մի միջոցի մասին, որն իբր քաղաքացիներին պետք է տրամադրվի «կառավարության ծրագրով»։

Սննդային հավելումների վաճառք՝ ուռճացված գներով

Կայքերում տեղադրված երկարատև կեղծ «հարցազրույցները» դիտելուց հետո օգտատերերին առաջարկվում է գնել տարբեր քսուքներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ կամ «բնական բանաձևեր»։

Ապրանքներն առաջարկվում են շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։ Օրինակ՝ «СИЛА ПЧЕЛЫ» սննդային հավելումը պատվերի ձևակերպման էջում առաջարկվում է «50% զեղչով»՝ 9900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն անվանմամբ հավելման տարբերակները վաճառվում են մի քանի անգամ ավելի էժան՝ շուրջ 2300-3900 դրամով։

Էկրանապատկերներում սննդային հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում
Էկրանապատկերներում սննդային հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեսանյութերը կեղծ են։ Դրանցում ԱԲ-ի միջոցով փոփոխվել են հայտնի բժիշկների և հաղորդավարների իրական տեսագրությունները՝ նրանց վերագրելով բժշկական խորհուրդներ և բուժման մեթոդներ, որոնց մասին նրանք իրականում չեն խոսել։ Այս տեսանյութերի միջոցով օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր, որտեղ բուժման արդյունավետության մասին չհիմնավորված խոստումներով սննդային հավելումներ և այլ միջոցներ են առաջարկում ուռճացված գներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում