Ֆեյսբուքում տարածվում են լրատվական հաղորդումների նմանակմամբ պատրաստված տեսանյութեր, որոնցում բժիշկները, իբր, բացահայտում են տեսողության, պրոստատիտի ու իմպոտենցիայի բուժման «պարզ մեթոդներ»։ Տեսանյութերից մեկում նույնիսկ պնդում են, թե բժիշկը «սպանվել է», մյուսում՝ սպառնալիքների պատճառով ընդհատել ուղիղ եթերը։
«Ես գտել եմ միջոց, որը վերականգնում է տեսողությունը մի քանի օրում՝ առանց դեղերի, առանց դեղահաբերի, առանց որևէ կողմնակի ազդեցության»,-իբրև ասում է բժիշկ Հայկազ Սարգսյանը:
Տեսանյութերը տարածում են Factory Med և Patient Care ֆեյսբուքյան էջերը։ Դրանք իրականում ԱԲ-ով պատրաստված դիփֆեյքեր են։ Իրական մարդկանց կադրերին ավելացվել են կեղծված ձայներ, իսկ հայերեն խոսքում ակնհայտ սխալներ կան։ Նպատակը տեսողության և տղամարդկանց սեռական խնդիրների համար առաջարկվող միջոցներ վաճառելն է։
«Սպանված» բժիշկը, Ջիգարխանյանի հոգեհանգիստն ու կրկնակի թանկ վաճառվող կաթիլները
Տեսողության խնդիրներին վերաբերող տեսանյութում լրագրողի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդումից և մշակված ԱԲ-ով։ Տեսանյութում պնդում են, թե բժիշկ Հայկազ Սարգսյանին, որի անունը ներկայացվում է որպես «Հայկա Սարգսյան», սպանված են գտել դեղագործական ընկերությունների հետ կոնֆլիկտի պատճառով։
Հայկազ Սարգսյանի կադրերն էլ իրականում վերցված են «Նարեկացի» արվեստի միությունում 2023-ի հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից։

Որպես «սպանության» ապացույց՝ տեսանյութում ցուցադրվում են Արմեն Ջիգարխանյանի 2020 թվականի հոգեհանգստի արարողության ԱԲ-ով մշակված կադրերը։
Պնդվում է նաև, թե Սարգսյանը տեսողության բուժման միջոցը մշակել է բժշկական գիտությունների դոկտոր Բագրատ Ալեքյանի հետ։ Ալեքյանի «հարցազրույցը» ևս կեղծված է ԱԲ-ով՝ «Научная Россия» կայքում հրապարակված լուսանկարների հիման վրա։

Հայկազ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է տարածվող տեսանյութի պնդումները․ «Սիրելի՛ հետևորդներ, համացանցում տարածվող տեսանյութը իրական չէ․ այն գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ Ես ողջ և առողջ եմ և շարունակում եմ իմ ակտիվ մասնագիտական գործունեությունը»։
Ֆեյսբուքյան տեսանյութին կցված հղումն իբր տանում է amazon[.]co[.]uk, սակայն իրականում վերահղում է mx-sylbrix[.]life կայք։ Այնտեղ տեղադրված է Բագրատ Ալեքյանի հետ մոտ 30 րոպեանոց կեղծ հարցազրույցը, կեղծ մեկնաբանություններ և տարբեր մարդկանց մասնակցությամբ տեսանյութեր։ Դրանցից մեկում, օրինակ, երևում է ուզբեկ դերասանուհի Ֆատիմա Նազարովան։
Կեղծ հարցազրույցում Բագրատ Ալեքյանը պնդում է, թե «Արցախին կներկայացնի մի լուծում, որը մինչև 2026 թվականը կվերացնի տեսողության խնդիրները», իսկ Հայաստանը մի քանի անգամ անվանում է «Արմենիա»։
Տեսանյութի վերջում առաջարկվում է 50% զեղչով՝ 9 900 դրամով գնել «PROZRENIE» աչքի կաթիլները։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է մոտ 2 000-3 000 դրամով։

Արսեն Թորոսյանի կերպարով ԱԲ դիփֆեյքը, Արծրուն Հովհաննիսյանն ու վաճառվող քսուկը
Շագանակագեղձի բորբոքմանն ու իմպոտենցիային վերաբերող տեսանյութերում լրագրողուհու կադրերը վերցված են Alpha News-ի լուրերի թողարկումից։ Իսկ «բժիշկ Արմեն Սարգսյանի» կերպարը, որի «բացահայտումն» իբր իրարանցում էր առաջացրել Հայաստանում և որը սպառնալիքների պատճառով ընդհատել էր եթերը, ԱԲ-ով ստեղծվել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի կերպարի հիման վրա։

Ֆեյսբուքյան գովազդի հղումը տանում է pe-elvora[.]world կայք, որտեղ տեղադրված են մոտ 26 րոպեանոց կեղծ հարցազրույց, կեղծ մեկնաբանություններ և պատվերի ձևաթուղթ։ Հարցազրույցում Հայաստանն անվանում են մեկ «Արմենիա», մեկ՝ «Արմենստան»։
Կայքում ներկայացված են նաև իբր գոհ քաղաքացիների տեսանյութեր։ Դրանցից մեկում պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Արծրուն Հովհաննիսյանն է։ Կադրերը վերցված են նրա՝ 2021 թվականի հարցազրույցից, որտեղ նա խոսում է 44-օրյա պատերազմի մասին։
Կայքում առաջարկվում է 50% «զեղչով»՝ 19 500 դրամով գնել «Stimulan Gel» քսուկը։ Նույն գինը նշված է նաև մեկ այլ կասկածելի հարթակում։ Մինչդեռ առցանց առևտրային այլ կայքերում այն վաճառվում է 1 200-2 400 դրամին համարժեք գնով։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող «լրատվական հաղորդումներն» ու «բժիշկների» հարցազրույցները ԱԲ-ով ստեղծված կեղծիքներ են։ Դրանցում օգտագործվել են հայտնի լրագրողների, բժիշկների, քաղաքական և մշակութային գործիչների կերպարներն ու ձայները՝ «բուժիչ» միջոցները շուկայականից զգալիորեն բարձր գնով վաճառելու համար։
Տես նաև՝ «Հալածված բժիշկ» և ջնջվող հաղորդում․ ինչպես է ԱԲ-ով կեղծված հաղորդումը գովազդում թանկացված հավելում:
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











