Գլխավոր Լրահոս

«Հալածված բժիշկ» և ջնջվող հաղորդում․ ինչպես է ԱԲ-ով կեղծված հաղորդումը գովազդում թանկացված հավելում

«Հալածված բժիշկ» և ջնջվող հաղորդում․ ինչպես է ԱԲ-ով կեղծված հաղորդումը գովազդում թանկացված հավելում

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես լրատվական հաղորդում։ Դրանցից մեկում պնդվում է, թե Հայաստանում «իսկական իրարանցում է»․ բժիշկ Վլադիմիր Դադալին իբր առավոտյան եթերում ցույց է տվել հոդացավերը թուլացնող «տնային պարզ մեթոդ», իսկ հետո դեղագործական ընկերությունների ճնշման պատճառով ստիպված է եղել շտապ լքել երկիրը։

«Բժշկական լոբբիստները խուճապահար ջնջում են այս հաղորդումը բոլոր հարթակներից՝ իրենց միլիարդները փրկելու համար»,- ասվում է տեսանյութում։

Տարածվող տեսանյութերը, որոնք գովազդվում են սոցիալական ցանցերում, իրականում արհեստական բանականությամբ (ԱԲ) պատրաստված դիփֆեյքեր են։ Տեսանյութերում հնչող հայերեն խոսքն ակնհայտ սխալներով է։ Դրանցում օգտագործվել են իրական մարդկանց կադրեր, իսկ նպատակը հոդացավերի միջոցը առևտրային հարթակների գներից զգալիորեն թանկ վաճառելն է։

Որտեղից են վերցված կադրերը և ինչ է թաքնված «բնական բաղադրատոմսի» հետևում

Թեև տեսանյութում խոսվում է տնային պարզ միջոցների և բնական բաղադրատոմսերի մասին, ֆեյսբուքյան տեսանյութերին կցված հղումը տանում է net-blyndor[.]rest կայք, որտեղ վաճառվում է ARTO NOVA հավելումը։

Էկրանապատկերը net-blyndor[.]rest կայքից
Էկրանապատկերը net-blyndor[.]rest կայքից

Կայքում տեղադրված է մոտ 20 րոպեանոց մեկ այլ կեղծված հարցազրույց, պատվերի ձևաթուղթ, ինչպես նաև կեղծ մեկնաբանություններ, որոնցում իբրև քաղաքացիներ գոհունակություն են հայտնում։ Տեսանյութում օգտագործվել է նաև Հանրային հեռուստաընկերության տարբերանշանը՝ տպավորություն ստեղծելու, թե այն հեռարձակվել է Առաջին ալիքով։

Տարածվող տեսանյութում օգտագործված կադրերը վերցված են տարբեր աղբյուրներից և մշակվել են ԱԲ-ով։ Հարցազրուցավարի դրվագը վերցված է «Ходорковский Live» յութուբյան ալիքի «Новости воздуха» հաղորդումից։ Իսկ բուժման միջոցը ներկայացնող անձը ռուս քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Դադալին է։ Նրա կադրերը վերցված են «СЁРЧ» յութուբյան ալիքին տված հարցազրույցից, որտեղ նա խոսում է առողջ ապրելակերպի մասին։ Կեղծ տեսանյութում, սակայն, նրան ներկայացրել են որպես ռևմատոլոգ «Արմենիայից»։ Նրա կադրերը վերցված են «СЁРЧ» յութուբյան ալիքին տված հարցազրույցից, որտեղ նա խոսում է առողջ ապրելակերպի մասին։ Կեղծ տեսանյութում, սակայն, նրան ներկայացրել են որպես ռևմատոլոգ «Արմենիայից»։

Տեսանյութում իբրև միջոցն օգտագործած և գոհունակություն հայտնող մյուս մարդկանց դրվագներն էլ վերցված են բոլորովին այլ հարցազրույցներից։ Նրանցից մեկը, օրինակ, ուզբեկ կրոնական գործիչ, բլոգեր Ռուստամջոն Համիդովն է։

Ինչպես #CivilNetCheck-ը նախկինում պարզել էր նմանատիպ սխեմաներ ուսումնասիրելիս, ARTO NOVA «բնական միջոցը», որն այս կայքում առաջարկվում է «50% զեղչով»՝ 19 500 դրամով, առևտրային առցանց հարթակներում վաճառվում է զգալիորեն ավելի էժան։ Այս պահին այնտեղ առկա են 2000-4000 դրամի սահմաններում առաջարկներ։

Էկրանապատկերները առևտրային առցանց հարթակներից
Էկրանապատկերները առևտրային առցանց հարթակներից

Կասկածելի էջերն ու Meta Ad Library-ի գովազդները

Կեղծ տեսանյութերը տարածվել են ֆեյսբուքյան Bon Base և Wellness, Unfiltered էջերով։ Առաջին էջը ստեղծվել է օգոստոսի 11-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին։

Meta-ի գովազդների գրադարանի (Meta Ad Library) տվյալներով՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ Bon Base էջն ունի 9 ակտիվ գովազդ (այդ թվում՝ արաբերեն տարբերակով), իսկ Wellness, Unfiltered էջը՝ 4 գովազդ։

Էկրանապատկերները Meta Ad Library-ից
Էկրանապատկերները Meta Ad Library-ից

Այսպիսով, հոդացավերի բուժման մասին տարածվող տեսանյութերը կեղծ են և պատրաստված են ԱԲ-ի միջոցով։ Իրական մարդկանց կադրերը, կեղծված ձայները և Հանրային հեռուստաընկերության տարբերանշանը օգտագործվում են օգտատերերին մոլորեցնելու, կասկածելի կայք ուղղորդելու և հոդացավերի միջոցը առևտրային հարթակների գներից մի քանի անգամ թանկ վաճառելու համար։

Տես նաև՝ 2000 դրամանոց միջոց՝ 19 500-ով․ Չարչյանի և Սիմոնյանի կեղծ տեսանյութերը գովազդում են թանկացված միջոց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում