2000 դրամանոց միջոց՝ 19 500-ով․ Չարչյանի և Սիմոնյանի կեղծ տեսանյութերը գովազդում են թանկացված միջոց

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և երգիչ Թաթա Սիմոնյանը իբր ներկայացնում են հոդացավերի բուժման նոր, «բնական» մեթոդ։
«Բավական է ընդամենը երկու բաղադրիչ խառնել՝ հոդի մեջ յուղումը վերականգնելու և աճառի ինքնավերականգնումը գործարկելու համար, շատ ավելի արագ, քան ցանկացած թանկարժեք վիրահատություն»,- տեսանյութում իբրև ասում է Արմեն Չարչյանը։
Չարչյանի և Սիմոնյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը, որոնք տարածվում են գովազդով, իրականում դիփֆեյք են։ Տեսանյութերում հայերեն խոսքը բնական չէ։ #CivilNetCheck-ը պարզել է, որ դրանք ավելի լայն գովազդային սխեմայի մաս են, որի նպատակն է վաճառել հոդացավերի միջոց՝ առևտրային հարթակների գներից զգալիորեն թանկ։
Որտեղից են վերցված կադրերը և ինչ է թաքնված «բնական բաղադրատոմսի» հետևում
Տեսանյութին կցված հղումը ուղղորդում է shopify[.]com կայքը, որը, սակայն, վերահասցեավորվում է դեպի doc.globamed[.]vip կայք։ Այստեղ տեղադրված է ԱԲ-ով կեղծված մեկ այլ հարցազրույց՝ «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհու և Արմեն Չարչյանի մասնակցությամբ։
Տարածվող տեսանյութում օգտագործված կադրերը վերցված են տարբեր տարիների հրապարակումներից և խմբագրվել են ԱԲ-ի միջոցով։ «Արմենիա» ՀԸ հաղորդավարուհու մասնակցությամբ դրվագը վերցված է 2022-ի դեկտեմբերին հեռարձակված «Ժամը» հաղորդումից, Թաթա Սիմոնյանի հատվածը՝ 2023-ի մարտի 17-ին հրապարակված «Tete A Tete» հարցազրույցից, իսկ Արմեն Չարչյանինը՝ 2021-ի մամուլի ասուլիսից, որտեղ նա խոսում էր իրեն առնչվող քրեական գործի մասին։
Թեև տեսանյութում իբրև Չարչյանը պնդում է, թե դեղեր չի գովազդում, այլ բնական բաղադրատոմս է տրամադրում, doc.globamed[.]vip կայքում վաճառվում է ARTO NOVA հավելումը։ Կայքում կա պատվերի ձևաթուղթ, ինչպես նաև կեղծ մեկնաբանություններ, որոնցում իբր քաղաքացիներ գոհունակություն են հայտնում։
![Էկրանապատկերները doc.globamed[.]vip կայքից Էկրանապատկերները doc.globamed[.]vip կայքից](https://civilnet.am/storage/media/26/09/25/Z9iAntOw4qQTLDVo.webp)
Ինչպես #CivilNetCheck-ը նախկինում պարզել էր, ARTO NOVA «բնական միջոցը», որն այս կայքում առաջարկվում է «50% զեղչով»՝ 19 500 դրամով, առևտրային հարթակներում վաճառվում է զգալիորեն ավելի ցածր գնով։ Այս պահին այնտեղ առկա են 2000–4000 դրամի սահմաններում առաջարկներ։

Կասկածելի էջն ու Meta Ad Library-ի գովազդները
Գովազդը տարածող ֆեյսբուքյան էջը ստեղծվել է սեպտեմբերի 1-ին: Էջին կցված է կասկածելի դոմենով կայք, իսկ բուն գովազդները էջում տեսանելի չեն:
Meta-ի գովազդների գրադարանի (Meta Ad Library) տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ էջը յոթ գովազդ ունի։ Առաջին հայացքից դրանցից վեցը բելառուսերեն է, մեկը՝ ալբաներեն, սակայն իրականում յուրաքանչյուր գովազդ ունի 10 լեզվական տարբերակ։

Այսպիսով, Թաթա Սիմոնյանի և Արմեն Չարչյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը կեղծ են և պատրաստված են ԱԲ-ի միջոցով։ Հայտնի մարդկանց կերպարներն ու կեղծված ձայները, ինչպես նաև անվճար «բնական բաղադրատոմսի» խոստումը օգտագործվում են օգտատերերին կասկածելի կայք ուղղորդելու և կասկածելի հավելումներն առևտրային հարթակների գներից մի քանի անգամ թանկ վաճառելու համար։
Տես նաև՝ Թաթա Սիմոնյանի և Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ հերթական կեղծ տեսանյութերն են տարածվում:
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










