Գլխավոր Լրահոս

Հայտնի բժիշկների դիփֆեյքերով «հրաշք բուժումներ»․ ինչ է թաքնված կեղծ գովազդների հետևում

Հայտնի բժիշկների դիփֆեյքերով «հրաշք բուժումներ»․ ինչ է թաքնված կեղծ գովազդների հետևում

Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում հայտնի բժիշկներն իբր ներկայացնում են դիաբետն ու տեսողության խնդիրները բուժող «հրաշք միջոցներ»։ Տեսանյութերում խոստանում են անվճար տրամադրել դրանց բաղադրատոմսերը, սակայն ի վերջո օգտատերերին ուղղորդում են կասկածելի հավելումներ գնելու։

«Դուք խմում եք թուրմը երեկոյան, իսկ արդեն հաջորդ առավոտյան արյունը սկսում է ազատ շրջանառվել առանց կպչունության և թույնի, անհետանում է մշտական ծարավը, իջնում են ոտքերի այտուցները, իսկ տեսողությունը նորից դառնում է հստակ»,- իբր ասում է բժիշկ Մյասնիկովը:

Տեսանյութերն իրականում պատրաստվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով՝ օգտագործելով հայտնի բժիշկների դիփֆեյքեր։ Դրանց միջոցով օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր։

Ռուսաստանցի բժիշկը, վրացի հաղորդավարուհին և կեղծ «հարցազրույցը»

Գովազդային տեսանյութերը տարածվում են հոկտեմբերի 8-ից ֆեյսբուքյան Health Psychology էջով։ Տեսանյութերում բժիշկների հայերեն խոսքը անհարթ է և տեղ-տեղ ակնհայտ սխալներ է պարունակում։

Հրապարակումներում օգտագործվել է ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կերպարը, որի կադրերը վերցվել են «Россия-1» հեռուստաալիքի «Доктор Мясников» հաղորդման օգոստոսի 22-ի թողարկումից։

Տեսանյութում «հայ լրագրողուհու» դերում վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հաղորդավարուհին է, որի կադրերը վերցվել են օգոստոսի 5-ի լրատվական թողարկումից: Կեղծ հարցազրույցում օգտագործվել է նաև «Իմեդիի» տարբերանշանը՝ իրական հեռուստաեթերի տպավորություն ստեղծելու համար։

Ֆեյսբուքյան տեսանյութերը ուղղորդում են net-qulvynth[.]bond կայք, որտեղ առկա է 12-րոպանոց մեկ այլ «հարցազրույց»։ Կայքում տեղադրված են վրացական «Իմեդի» հեռուստաընկերության, ինչպես նաև միջազգային «Fox News», «NBC News» և «CNN» լրատվամիջոցների տարբերանշանները՝ տպավորություն ստեղծելու, թե նյութը հեռարձակվել կամ հրապարակվել է այդ լրատվամիջոցներում։ Տեսանյութի տակ տեղադրված են նաև քաղաքացիների անունից գրված կեղծ մեկնաբանություններ։

Էկրանապատկերը net-qulvynth[.]bond կայքի «հարցազրույցից»
Էկրանապատկերը net-qulvynth[.]bond կայքի «հարցազրույցից»

Տեսանյութում ներառվել են նաև իբր գոհ հաճախորդների կարծիքներ, որոնց կադրերը նույնպես վերցվել են այլ տեսանյութերից։ Օրինակ՝ դրանցից երկուսը թուրքական «Craftgate» վճարային համակարգի մասին հրապարակված տեսանյութերից են։

Կեղծ «հարցազրույցի» ավարտին ցուցադրվում է «СИЛА ПЧЕЛЫ» սննդային հավելումը՝ պատվերի ձևակերպման պատուհանով։ Այն առաջարկվում է «50% զեղչով»՝ 9900 դրամով, մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն անվանմամբ հավելման տարբերակները վաճառվում են 1700-1900 դրամով։

Էկրանապատկերներում հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում
Էկրանապատկերներում հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում

Տեսողության խնդիրների բուժում՝ սրտի վիրաբույժ Լեո Բոկերիայի անունից

Տեսողությունը վերականգնելու խոստումներով տարածվող տեսանյութերում օգտագործվել է նաև ռուսաստանցի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիայի կերպարը։ Տեսանյութերը պատրաստվել են նրա հարցազրույցներից և լուսանկարներից վերցված կադրերը արհեստական բանականությամբ մշակելու միջոցով։

Այս տեսանյութերը նույնպես ուղղորդում են դեպի net-qulvynth[.]bond կայք, որտեղ կրկին օգտագործվել են վրացի հաղորդավարուհու կերպարը, «Իմեդի» հեռուստաընկերության տարբերանշանը, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարբերանշանը՝ կեղծ հարցազրույցին արժանահավատություն հաղորդելու համար։

Էկրանապատկերները net-qulvynth[.]bond կայքի «հարցազրույցից» և իրական պատկերներից
Էկրանապատկերները net-qulvynth[.]bond կայքի «հարցազրույցից» և իրական պատկերներից

Տեսանյութի ավարտին առաջարկում են «Prozrenie» աչքի կաթիլները՝ «50% զեղչով»՝ 9900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է զգալիորեն ավելի էժան՝ 1000-1200 դրամի սահմաններում։

Էկրանապատկերներում հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում
Էկրանապատկերներում հավելումի գինը կասկածելի հարթակում և առևտրային հարթակում

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող «հրաշք բուժումների» մասին տեսանյութերը կեղծ են։ Հայտնի բժիշկների դիփֆեյքերն ու լրատվամիջոցների տարբերանշաններն օգտագործվում են վստահություն ներշնչելու համար, մինչդեռ անվճար բուժման խոստումների հետևում կասկածելի կայքերի միջոցով շուկայականից մի քանի անգամ թանկ սննդային հավելումների վաճառքն է։

Տես նաև՝ Հայտնի դեմքեր, կեղծ լրատվամիջոցներ, բազմակի թանկ ապրանքներ․ հոդացավերի գովազդային խարդախության սխեման

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում