Թրամփը չի բացառում ռազմական գործողություններն Իրանի դեմ, եթե միջուկային գործարքը ձախողվի

Աշխարհը «հավանաբար առաջիկա 10 օրվա ընթացքում» կիմանա՝ արդյոք Միացյալ Նահանգները համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Թրամփը, անդրադառնալով Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, նշել է. «Մենք պետք է կայացնենք բովանդակալից գործարք, հակառակ դեպքում վատ բաներ տեղի կունենան»։
Վերջին օրերին Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, թեև միևնույն ժամանակ հաղորդվում է Շվեյցարիայում ամերիկացի և իրանցի բանակցողների միջև ընթացող քննարկումների առաջընթացի մասին։
Իրանի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ տարածաշրջանում ամերիկյան բազաները կդիտարկի որպես օրինական թիրախներ, եթե դրանք օգտագործվեն Իրանի դեմ ուղղված որևէ ռազմական ագրեսիայի համար։ ՄԱԿ-ում Թեհրանի առաքելությունը Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում նշել է, որ Թրամփի հռետորաբանությունը վկայում է հարձակման իրական վտանգի մասին, սակայն ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում։
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները և որոշ հանրապետականներ իրենց ընդդիմությունն են հայտնել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին՝ առանց Կոնգրեսի հավանության։
Իր ելույթում Թրամփը նաև հայտնել է, որ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները «որոշակի շատ լավ հանդիպումներ» են ունեցել Իրանի հետ։
«Տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի հետ բովանդակալից գործարք կնքելը հեշտ չէ»,- հավելել է նա՝ կրկնելով, որ այլապես «վատ բաներ տեղի կունենան»։
Տեղադրություն
Civilnet










