ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ (թարմացվում է)

Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ ռազմական հարձակում են իրականացրել Իրանի վրա, ինչի հետևանքով Թեհրանում լսվել և տեսանելի են եղել բազմաթիվ պայթյուններ։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն:
23:30
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քիչ առաջ եթերում հայտարարել է, որ կան բազմաթիվ նշաններ, որոնք վկայում են, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «այլևս չկա», առանց հստակորեն հաստատելու նրա մահը։
Նեթանյահուն հայտարարել է, որ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներ և միջուկային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Հաջորդ մի քանի օրերին մենք կհարվածենք ահաբեկչական ռեժիմի հազարավոր այլ թիրախների»,- ասել է Նեթանյահուն:
19:53
Իրանը նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում կոչ է արել ՄԱԿ-ին «կրել պատասխանատվություն միջազգային խաղաղության համար»։
Նամակում ասվում է. «Իրանը շտապ կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամներին անհապաղ հրավիրել Խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված ագրեսիայի գործողությունները, խաղաղության խախտումը, որը իրական և լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար, և ձեռնարկել անհրաժեշտ և անհապաղ միջոցներ՝ ուժի այս անօրինական կիրառումը դադարեցնելու և պատասխանատվությունն ապահովելու համար»։
19:21
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածների հետևանքով շաբաթ օրը բարձրացել են նավթի գները գրեթե 9%-ով՝ համաձայն Kpler առևտրային հետախուզական և տվյալների վերլուծական ընկերության։
Ծոցի տարածաշրջանում որոշ խոշոր նավթային ընկերություններ դադարեցրել են հում նավթի փոխադրումները Հորմուզի նեղուցով, հայտնում է Reuters-ը, իսկ նորվեգական DNO-ն դադարեցրել է նավթի արդյունահանումը Իրաքյան Քուրդիստանում։
Ըստ ոլորտային զեկույցների՝ Իսրայելը նույնպես հրամայել է ժամանակավորապես դադարեցնել ծովային գազի հիմնական հանքավայրերի և Հայֆայի նավթավերամշակման գործարանի աշխատանքը։
18:46
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, «որքան ես գիտեմ», ողջ է։
18:02
Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը դատապարտել են Իրանի կողմից տարածաշրջանի երկրների վրա հարձակումները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։ «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը և քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանությանը», - համատեղ հայտարարության մեջ նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը՝ հավելելով, որ ցանկանում են վերսկսել բանակցությունները։
16:17
Իսրայելն արգելել է հանրային հավաքույթները, փակել դպրոցներն ու աշխատավայրերը և հիվանդանոցների հիվանդներին տեղափոխել ապաստարաններ։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է արտակարգ դրություն ամբողջ երկրում՝ զգուշացնելով հանրությանը իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
15:50
Իսրայելը հարվածել է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին, հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։
15:16
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել բնակիչներին լքել մայրաքաղաք Թեհրանը։
14:04
Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ հաստատել է, որ երկիրը թիրախավորվել է իրանական բալիստիկ հրթիռներով, և հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ որսացել է դրանցից «մի քանիսը»։
Հայտարարության մեջ ասվում է, որ Աբու Դաբիի բնակելի թաղամասի վրա բեկորների ընկնելը հանգեցրել է որոշակի նյութական վնասների և ասիական ծագում ունեցող մեկ անձի մահվան։
«Նախարարությունը խստորեն դատապարտել է այս հարձակումը՝ ընդգծելով, որ պետությունը կտրականապես մերժում է քաղաքացիական օբյեկտներին, կառույցներին և ազգային հաստատություններին թիրախավորելը, և ընդգծելով, որ նման գործողությունները ներկայացնում են վտանգավոր սրացում և վախկոտ արարք, որը սպառնում է քաղաքացիական բնակչության անվտանգությանը և խաթարում է կայունությունը», - ասվում է հայտարարության մեջ։
13:47
AlJazeera-ն հայտնում է Դուբայում և Աբու Դաբիում տեղի ունեցած պայթյունների մասին:
13:20
Քուվեյթը, Կատարը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը։
12:39
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումները նպատակ ունեին վերացնել «գոյության սպառնալիքը»։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի «համատեղ գործողությունները» «կստեղծեն պայմաններ, որպեսզի քաջարի իրանցի ժողովուրդը իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը» և գովաբանել է Թրամփին իր «պատմական առաջնորդության» համար։
12:37
Ամերիկացի պաշտոնյան AlJazeera-ին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածները նպատակ ունեն քանդել Իրանի անվտանգության համակարգը։
12:31
Reuters-ը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր։
12:29
Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի հյուսիսում, երբ երկիրը փորձում էր կասեցնել Իրանի կողմից հասնող հրթիռները՝ ԱՄՆ-ի հետ համատեղ Իրանի դեմ համազգային հարձակումից հետո։
Պայթյունները հնչել են անմիջապես այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կօգտագործի իր ՀՕՊ համակարգերը՝ իրանական կրակը չեզոքացնելու համար։
Շարունակվող հարձակման հետևանքով որևէ վնասի կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
12:20
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իրանը պատրաստվում է «վրեժ լուծել» Իսրայելից և «ուժեղ պատասխան տալ»։
Իսրայելի բանակը հայտնում է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
11:45
«Մենք լայնածավալ ռազմական գործողություն ենք սկսել Իրանի դեմ։ Նպատակը դաժան ռեժիմի ոչնչացումն է: Մենք կոչնչացնենք նրանց հրթիռները և հողին հավասարեցնենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։ Մենք կոչնչացնենք նրանց նավատորմը։
Մենք ապահովելու ենք, որ տարածաշրջանի «ահաբեկչական» միջնորդները այլևս չկարողանան անկայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը։
Մենք ապահովելու ենք, որ Իրանը չստանա միջուկային զենք։ Սա շատ պարզ ուղերձ է։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։
Այս ռեժիմը շուտով կսովորի, որ ոչ ոք չպետք է մարտահրավեր նետի Միացյալ Նահանգների զինված ուժերի ուժին և հզորությանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
10:40
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարձակումը կրում է կանխարգելիչ բնույթ՝ նպատակ ունենալով վերացնել Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի հրթիռներ հարվածել են Թեհրանի Համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին:
Tasnim գործակալությունը հայտնել է պայթյունների մասին քաղաքի հյուսիսային Սեյյեդ Խանդան շրջանում։
Associated Press-ի տվյալներով՝ հարվածներից մեկը տեղի է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրի մոտակայքում։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը Al Jazeera-ին հաստատել է, որ սա համատեղ գործողություն է, որի համար տարածաշրջանում կենտրոնացվել է կործանիչների և ռազմական նավերի զգալի համակարգ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի վրա միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։
Ամերիկացի պաշտոնյան AlJazeera-ին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածները նպատակ ունեն քանդել Իրանի անվտանգության համակարգը։
Իսրայելում հնչել են տագնապի ազդանշաններ, զինվորականները հանրությանը նախապատրաստել են հնարավոր պատասխան հրթիռակոծության, իսկ օդանավակայանների վարչությունը փակել է օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։
Զուգահեռաբար Կատարում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է իր անձնակազմին և քաղաքացիներին պատսպարվել ապահով վայրերում մինչև հետագա ծանուցումը։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կրկին կտրուկ ընդհատվել են ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների պատճառով։
Անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ի հարձակումները թիրախավորեցին Իրանը բանակցությունների ժամանակ։ ԱՄՆ-ի «Կեսգիշերային մուրճ» գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի կողմից այդ ամիս Իրանի հետ սկսված 12-օրյա պատերազմի ավարտին մոտ։
Այդ հարվածներից հետո Թրամփը բազմիցս ողջունել էր հարձակումը՝ ասելով, որ այն վերացրել է Իրանի միջուկային ծրագիրը և հանգեցրել «խաղաղության» Մերձավոր Արևելքում։
Ութ ամիս անց ԱՄՆ-ն և Իսրայելը ևս մեկ հարձակում են սկսել, քանի որ երկու կողմերն էլ հենց ավարտել էին Ժնևում բանակցությունների փուլը։
Տեղադրություն
Civilnet










