Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ և ցավակցել Խամենեիի մահվան կապակցությամբ

Մարտի 2-ին տեղի է ունեցել հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, իրանցի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ հումանիտար օգնություն, և հույս է հայտնել, որ ներկա վիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։
Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով բանակցությունների փուլում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «անօրինական ու անարդարացի» ագրեսիային, ընդգծել է.
«Մենք գտնվում ենք լայնածավալ պատերազմի մեջ»։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այդ «անամոթ ագրեսիայի», թիրախավորել է օկուպացված տարածքները և տարածաշրջանում ամերիկյան բազաները։ Արաղչին հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և վրեժխնդիր կլինի իր «նահատակ առաջնորդի» արյան համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Տեղադրություն
Civilnet










