Գլխավոր Լրահոս

Ընտրություններին միջամտելու մասին հայտարարության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Ընտրություններին միջամտելու մասին հայտարարության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու մասին Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

Մարտի 10-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

«Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով»,- ասված է ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Մարտի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե խոսակցություններ են շրջանառվում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանից մարդկանց են բերելու, որ Քաղաքացիական պայմանագրի դեմ քվեարկեն։

«Նույնիսկ կոչեր են հնչում, որ օրենսդրական փոփոխություններ արվեն։ Դա այլ թեմա է, բայց ես համոզված եմ, որ եթե այդ խողովակով մարդիկ գալու են՝ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, նրանք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին, մի երևույթ, որը 2025-ին արդեն սկսվել է»,- ասել էր վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում