Իրանի նախագահի որդին հայտնել է, որ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ և առողջ է

Իրանի նախագահի որդի Յուսեֆ Փեզեշքիանը հերքել է երկրի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին լուրերը, հայտարարելով, որ նա ողջ և առողջ է։
Փեզեշքիանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ստուգել է տեղեկությունը՝ կապեր ունեցող անձանց միջոցով, ովքեր հաստատել են առաջնորդի անվտանգությունը։
The New York Times-ը գրել է, թե Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն վնասվածքի աստիճանը ճշգրտել հնարավոր չի եղել:
Նույն աղբյուրների համաձայն՝ նա վիրավորում է ստացել նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվել էին Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու վերջինիս ընտանիքի մի շարք անդամներ։
Մոջթաբա Խամենեին ստանձնել է պաշտոնը մարտի 8-ին՝ իր հոր՝ Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո վերջինս սպանվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, որոնց զոհ էին դարձել նաև նրա ընտանիքի անդամները։
Չնայած մարտի 8-ից ստանձնած լիազորություններին՝ 56-ամյա նոր առաջնորդը դեռևս հանդես չի եկել հրապարակային ելույթով կամ գրավոր հայտարարությամբ, ինչը լրացուցիչ ենթադրությունների տեղիք էր տվել նրա վիճակի վերաբերյալ։
Տեղադրություն
Civilnet










