Գլխավոր Լրահոս

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանում գնաճի վրա․ ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանում գնաճի վրա․ ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7 տոկոս ազդեցություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մարտի 17-ին ասուլիսի ժամանակ։

Ըստ գնահատականների՝ ռիսկերը պայմանավորված են նավթի գնի բարձրացմամբ, լոգիստիկ այլընտրանքային ուղիների ծախսերով և Իրանից ներմուծվող պարենի հնարավոր փոխարինմամբ։

«Դուք տեսնում եք ենթակոմպոնենտները՝ դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1,2-ից 1,7%»,- ասել է Գալստյանը։

Տարածաշրջանային լարվածությունն ավելացնում է համաշխարհային ստագֆլյացիոն ռիսկերը՝ միաժամանակ դանդաղեցնելով տնտեսական աճը և խթանելով գնաճային պոտենցիալը։ Գալստյանի փոխանցմամբ՝ համաշխարհային տնտեսական ակտիվության անկումն անդառնալի ազդեցություն կունենա Հայաստանի ներքին տնտեսական զարգացումների վրա։

«Մեր գնահատմամբ՝ հակամարտությունը, որը կա Մերձավոր Արևելքում, այս պահի դրությամբ մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնարի ազդել է Հայաստանի ներսում տնտեսական աճի և տնտեսական զարգացումների վրա»,- ասել է ԿԲ նախագահը։

Հայաստանի համար լրացուցիչ ռիսկեր են դիտարկվում արտաքին պահանջարկի նվազումը, զբոսաշրջային հոգեբանական գործոնները և Միջին Արևելքի շուկաներում իրացման հնարավորությունների սահմանափակումը։ Մասնավորապես, Միացյալ Արաբական Էմիրությունների՝ որպես առևտրային հաբի դերի թուլացումը կարող է հանգեցնել արտահանման և ներմուծման լոգիստիկ խնդիրների։

«Երկրորդ խնդիրները, որը մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է, և այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներ։ Գիտեք, որ Միացյալ Արաբական Էմիրությունները վերջին ժամանակաշրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղ արտահանվում էին Հայաստան բերվող և Հայաստանից արտահանվող ապրանքներին մի մեծ խմբաքանակ»,- ասել է Գալստյանը։

ԿԲ նախագահը հստակեցրել է, որ փետրվարի գնաճի ցուցանիշները դեռևս չեն արտացոլում Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները, քանի որ դրանք կերևան միայն մարտի տվյալներում։ Ըստ նրա՝ գնաճի կառուցվածքում առկա են թե՛ պահանջարկով, թե՛ առաջարկով պայմանավորված գործոններ, որոնցից որոշները կրում են միանգամյա բնույթ։

«Մենք մարտի գնաճի թիվը դեռևս չունենք, այսինքն մենք ունենք փետրվարի գնաճի թիվը, որը չի արտացոլում այն զարգացումները, որը Իրանում տեղի են ունենում։ Այդտեղ զգալի գործոններ կան, որոնք հիմնականում առաջարկով են պայմանավորված, օրինակ՝ մսի թանկացում, որը, ըստ էության, պիտի լինի միանգամյա, ու որպես կանոն, այդ տիպի թանկացումները հենց միանգամյա են լինում: Բայց նաև կա, օրինակ՝ առողջապահական ծառայությունների թանկացում, և այլ կոմպոնենտներ, որոնք իրենց մեջ որոշակի պահանջարկի էլեմենտներ ունեն»,- նշել է ԿԲ նախագահը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում