«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1,2 տարեկան երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից, իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Դատախազությունից՝ մանրամասնելով, որ կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
«Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,-հայտնել են դատախազությունից:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ)։
Civilnet











