Իսրայելի ՊՆ-ն հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Թեհրանին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը: Այս մասին հայտնում է The time of Israel-ը։
Անվտանգության գնահատման նիստի ժամանակ, որի մանրամասները տրամադրել է նախարարի գրասենյակը, Կացը նշել է, որ Իրանում իրականացվող հարվածների ինտենսիվությունն աճում է և հաստատել է Խաթիբի մահվան փաստը:
«Այս օրը բոլոր ասպարեզներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք կսրեն Լիբանանում Իրանի և «Հեզբոլլահի» դեմ մեր վարած պատերազմը»,- ասել է Կացը անվտանգության գնահատման ժամանակ։
Մարտի 18-ին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է կառույցի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, որի սպանության մասին նախօրեին կրկին Իսրայելի պաշտպանության նախարարն էր հայտնել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Տեղադրություն
Civilnet










