Հորդառատ անձրևների հետևանքով Կապանում փողոցներ են հեղեղվել

Հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի փողոցները հեղեղվել են։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 27-ին ոչ թե Ողջի գետն է վարարել, այլ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել է, որ սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։
Սարգսյանը հայտնում է, որ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
Նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից զգուշացրել էին, որ մարտի 27-28-ին հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ, ինչի հետևանքով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։
Թեմա
Civilnet










