Հայկ Ղազարյան
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ մեկնարկած քարոզարշավում մեծ տեղ են զբաղեցնում աշխարհաքաղաքական խոսույթը, աշխարհաքաղաքական թեմաներն ու արտաքին ուժերի նախընտրությունները։
«Եվ՛ ներքին, և՛ արտաքին հիմնական դերակատարներն ընտրություններին նայում են աշխարհաքաղաքական ակնոցներով»,- ասում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Սուքիասյանն էլ ասում է, այս ընտրությունները «մեր վերջին շրջանի պատմության մեջ ամենաարտահայտված արտաքին քաղաքական բաղադրիչն ունեն»։
Նա նշում է, որ այս երևույթը նոր չէ մի շարք այլ պետությունների համար, որոնք իրենց քաղաքական ընտրություններում բախվել են «Արևմուտք-Ռուսաստան» դիլեմային։ Սուքիասյանին ներհայաստանյան զարգացումները հիշեցնում են 6-7 տարի առաջ տեղի ունեցած Մոլդովայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
«Ինձ համար շատ տարօրինակ էր տեսնել, որ գյուղապետի ընտրության ժամանակ բանավեճի հիմնական առարկաներից է երկրի աշխարհաքաղաքական ուղղությունը: Մի քանի տարի անց նույն բանը տեսնում ենք Հայաստանում։ Սա Հայաստանում դառնում է գրեթե բոլոր ընտանիքների ընթրիքի հիմնական թեման կամ հակառակը՝ թեման, որից ամեն գնով խուսափում են՝ հարաբերությունները չփչացնելու համար »,- ասում է Սուքիասյանը։

TRIPP-ը՝ որպես լակմուսի թուղթ
Տիգրան Գրիգորյանը նշում է, որ հատկապես արտաքին հարթությունում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. Հարավային Կովկասում շահ ունեցող բոլոր հիմնական դերակատարները Հայաստանում ունեն հստակ նախապատվություններ։
«Եվրամիության և Միացյալ Նահանգների համար հստակ է, որ պետք է աջակցել վարչապետ Փաշինյանին, քանի որ նրանք շատ գործընթացներ, այդ թվում TRIPP (Թրամփի ուղի) նախագիծը, կապում են հենց նրա վերընտրվելու հետ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Վաշինգտոնը այդ ծրագրի ապագան կապում է ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ մեկ կոնկրետ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասում է Գրիգորյանը։
Այստեղ նա տեսնում է նաև ընդդիմության բացթողումները, որոնք սուր քննադատության են ենթարկել TRIPP-ը։ Ըստ քաղաքագետի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք դեմ են այդ նախագծին, և կան ուժեր, որոնք՝ ի դեմս իշխող ուժի՝ փորձում են այն իրագործել։
Ռուսաստանի հետ անվտանգային և քաղաքական սերտ կապերի վերականգնման կողմնակից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ TRIPP-ը կդառնա Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Ըստ «Հայաստան» դաշինքի ղեկվարի՝ ԱՄՆ-ն այս ծրագրում տնտեսական զրոյական շահ ունի, և նրա միակ հետաքրքրությունը Իրանն է։
Մեկ այլ ռուսամետ ուժ համարվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը այդքան սուր չի քննադատում «Թրամփի ուղին»։ Համարում է, որ TRIPP-ը Հայաստանի համար հնարավորություն է, սակայն ռիսկեր էլ է պարունակում։ Նա գտնում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր։
Իրանի շուրջ ստեղծված անկայունությունը հնարավոր է՝ ռիսկի տակ դնի TRIPP-ի իրագործումը։ Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ այդ անկայունությունը կարող է վանել ներդրողներին, քանի որ «Թրամփի ուղին» պետք է անցնի հենց Իրանի սահմանի մոտով:
«Օրինակ, եթե Իրանում իշխանության գան ավելի կոշտ տրամադրված ուժեր, ավելի թշնամաբար են տրամադրված լինելու այդ ծրագրերի նկատմամբ»,- ասում է քաղաքագետը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Վենսի հայտարարություն
Ըստ որոշ մասնագետների՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու ռուսական գործիքներից մեկը ապատեղեկատվության համակարգված տարածումն է, կամ, ինչպես ընդունված է ասել՝ հիբրիդային հարձակումները։
Գրիգորյանն ասում է, որ ապատեղեկատվական արշավների հիմնական թիրախը իշխող ուժն է։
«Եթե հաշվի առնենք, որ իշխող ուժի ընդդիմությունը հենց այն ուժն է, որն ունի ռեալ շանսեր, ապա կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանն ունի որոշակի նախապատվություն այս հարցում»,- ասում է Գրիգորյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասաց՝ ցանկանում է, որ ռուսամետ բոլոր ուժերը մասնակցեն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ռուսական անձնագիր ունեցող և անազատության մեջ գտնվող գործիչները։ Կարելի է ենթադրել, որ խոսքը «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասին է, որը Փաշինյանի հիմնական մրցակիցն է համարվում։
Ռուսաստանում կապիտալ ստեղծած գործարարը, որն այժմ տնային կալանքի տակ է, ստեղծել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Նա կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, և կոչ է անում վերանայել երկկողմ հարաբերությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում իրական պատերազմ է կանխատեսում, ապա Կարապետյանը պնդում է՝ իշխանության վերարտադրման դեպքում Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական պատերազմ կլինի։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը «Առաջարկ Հայաստանին» կարգախոսով է անցկացնում իր քարոզարշավը, ևս համարվում է ռուսամետ։ Նա նաև սերտ կապեր ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ նրա ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում է առաջնահերթություն։
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի կարծիքով՝ ապատեղեկատվությունն արդյունավետ է պառակտված հասարակություններում և չի աշխատում, երբ բացակայում են անհրաժեշտ պայմանները. դրա արդյունավետությունը կերևա ընտրություններից հետո։
«Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որը ձևավորվել է 2020-ի, 2022-ի և 2023-ի ռազմական գործողություններից հետո, խորը նստվածք է թողել Հայաստանում, ուստի ապատեղեկատվական արշավներն այստեղ համեստ արդյունքներ են ունենում, իսկ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շարունակում է մնալ քաղաքացիների մեծամասնության օրակարգում»,- կարծում է Սուքիասյանը։
Նա նաև նշում է, որ եվրոպական հեռանկարի դեմ հանդես եկող քաղաքացիները հեշտությամբ տեղավորվում են այդ ինֆորմացիոն պատումների մեջ։
Գրիգորյանը ասում է, որ Արևմուտքը ունի ընտրություններին միջամտելու սեփական ձևերը, որոնք ոչ մի կերպ չի կարելի տեղեկատվական արշավների հետ նույն հարթության մեջ դնել։
«Դրանցից է, երբ Եվրամիությունը ընտրություններից մեկ ամիս առաջ կազմակերպում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը, ինչպես հայտարարվեց՝ Հայաստանում պատմության մեջ առաջին գագաթնաժողովն է»,- ասում է քաղաքագետը։
Սուքիասյանը կարծում է, որ գագաթնաժողովի շրջանակում ակնկալելի են հայտարարություններ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի մասին. «Այս ամենը դրական ազդեցություն կունենա իշխող ուժի նախընտրական դիրքերի վրա»:
Ըստ քաղաքագետի՝ ամենաուղղակի միջամտություններից մեկը եղել է ամերիկացիներ կողմից. փետրվարի 9-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը հայտարարեց Հայաստանի վարչապետին աջակցելու մասին։
Քաղաքագետը չի՛ կարծում, որ սրանից ավելի ուժեղ շեշտադրումներ կտեսնենք։
«Բայց հաճախ հարկ չկա ամեն ինչ ուղիղ տեքստով ասել. հանդիպումների, համատեղ նախաձեռնությունների և համագործակցության մասին արտահայտություններն արդեն կարող են բնականաբար դրական կամ բացասական տպավորություն ստեղծել այս կամ այն թեկնածուի շուրջ»,- կարծում է Սուքիասյանը։
Տիգրան Գրիգորյանն ասում է, որ եթե այդ հայտարարությունն արած լիներ այլ երկրի ղեկավար, ավելի բուռն արձագանք կլիներ։
Արևմուտքի «աշխարհաքաղաքական ներողամտության» պատճառները
Ըստ վերլուծաբանների՝ Եվրամիությունը սկսել է «չնկատել» Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգիչ դեպքերը, խտրական եղանակով ազատազրկումները։
«Արձագանքի բացակայությունը, իհարկե, հարցեր է առաջացնում ոչ միայն լայն հանրության, այլև այն մարդկանց մոտ, որոնք իրենց համարում են եվրոպական արժեքների կրողներ և ընդհանուր առմամբ կողմ են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասում է Գրիգորյանը։
Քաղաքագետը կարծում է, որ կարճաժամկետ կտրվածքով Արևմուտքը միգուցե և ինչ-որ նպատակների հասնի, բայց երկարաժամկետ առումով՝ հսկայական հարված կհասցնի իր հեղինակությանը ու իմիջին։
Ըստ Սուքիասյանի՝ եթե ոչ իրավաչափ գործողությունները ուղղված են Ռուսաստանի ազդեցության մեղմմանը կամ գոնե այդպես են ընկալվում, Արևմուտքը կարող է ավելի ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել։ Քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտքում այնուամենայնիվ կա ընկալում, որ ներկայիս իշխանությունները ավելի ժողովրդավար են, քան նախկինները։
Տիգրան Գրիգորյանը նշում է, որ ավանդաբար ԵՄ-ի հիմնական առավելությունն այլ դերակատարների նկատմամբ այն էր, որ նրանք փորձում էին իրենց քաղաքականությունը կառուցել արժեքների և սկզբունքների վրա։ «Հիմա այդ ամենի մասին խոսելը, իհարկե, անիմաստ է»,- ասում է քաղաքագետը։
Վրաստանի գործոնը
Ըստ Նարեկ Սուքիասյանի՝ Արևմուտքի այս վարքը պայմանավորված է նաև Վրաստանի գործոնով։ Գրիգորյանը կիսում է այս տեսակետը։
«Երբ Վրաստանի իշխող կուսակցությունն ըստ երևույթին որդեգրեց Եվրամիությունից հեռացման քաղաքականություն և կասեցրեց ինտեգրացիոն գործընթացը, Հայաստանը Եվրամիության համար դարձավ Հարավային Կովկասի միակ գործընկերը, որը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ասում է Գրիգորյանը։
Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել հավասարակշռման քաղաքականություն՝ բոլոր ուժային կենտրոններից հավասար հեռավորություն պահպանելով։ Իսկ Հայաստանը Հարավային Կովկասում մնում է միակ երկիրը, որը ձգտում է Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնել։
Դիվերսիֆիկացիայի փորձ՝ չհեռանալով Ռուսաստանից
Պուտինը Փաշինյանի ապրիլի 1-ի բանակցությունների ժամանակ հայտարարեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ ռուս-հայկական հարաբերությունների կառուցման և ամրապնդման ուղղությամբ Ռուսաստանի տրամադրվածությունը կշարունակվի։
Չնայած այդ լարված հանդիպմանը՝ Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ Պուտինի այդ հայտարարությունը հեռու չէ իրականությունից։
Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանից այդչափ մեծ կախվածությունը նորմալ չէ, և ինչ-որ չափով շարունակվելու է այդ ազդեցությունը նվազեցնելու փորձը։«Բայց չեմ կարծում, թե այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արևմուտքի ներսում լուրջ հակասություններ կան, ԵՄ–ԱՄՆ հարաբերություններում խոր ճգնաժամ կա, իսկ Միացյալ Նահանգները սպառնում է ՆԱՏՕ-ից դուրս գալ, Հայաստանը հակված կլինի լուրջ փոփոխություններ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ»,- ասում է Գրիգորյանը։
Զենքի հարցում Հայաստանին հաջողվել է այլ շուկաներից ժամանակակից սպառազինություն ձեռք բերել։ Սակայն տնտեսական առումով Ռուսաստանից կախվածությունը շարունակում է մեծ լինել և նույնիսկ աճում է։
Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ ավելի բազմազան խորհրդարանի դեպքում իշխանությունը ստիպված կլինի գնալ երկխոսության, ինչը կնվազեցնի ներքաղաքական լարվածությունը։ Ըստ քաղաքագետի՝ դրա հույսերը մեծ չեն, և, ամենայն հավանականությամբ, կշարունակենք տեսնել այն, ինչ այսօր ենք տեսնում։
Հայաստանի ընտրությունների վրա զգալի ազդեցություն ունեն նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչը էլ ավելի է սրում դրանց աշխարհաքաղաքական բնույթը։ Այս դերակատարների ազդեցությունը ներկայացնելը պահանջում է առանձին անդրադարձ։












