Երբ օրենքը տարբեր կիրառում ունի. խտրական ազատազրկումների շուրջ

Հայկ Ղազարյան
Հայաստանում կա՞ն, արդյոք, քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձինք, թե ոչ։ Այս հարցը հաճախ դառնում է հանրային և քաղաքական քննարկումների թեմա։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևի սահմանմամբ՝ անձնական ազատությունից զրկված անձը կարող է համարվել «քաղաքական բանտարկյալ», եթե նրա ազատազրկումը համապատասխանում է հինգ չափանիշներից որևէ մեկին։
Ըստ այդ չափանիշներից մեկի՝ «Քաղաքական բանտարկյալ» է համարվում նաև այն անձը, որը քաղաքական շարժառիթներից ելնելով՝ ազատազրկվել է այլոց համեմատ խտրական եղանակով։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը դժվարանում է միանշանակ պատասխան տալ՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ։ «Մի կողմից՝ մեծ մասի վերաբերյալ կա կոնկրետ քրեական գործ, շատ դժվար է ասել՝ իրենք ազատությունից զրկված են իրենց քաղաքական հայացքների համար, թե ոչ։ Մյուս կողմից՝ կան շատ քաղաքական զգայուն գործեր, որոնցում անձինք մի քանի տարի է կալանքի տակ են, թեև հետո ազատ են արձակվում»,- ասում է իրավաբանը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալխաս Ղազարյանը կարծում է, որ Հայաստանում խտրական արդարադատություն չկա. «Դուք բոլորդ տեսնում եք, որ բոլոր գործընթացներն էլ ավելի քան փաստարգված են»։
Ստորև կդիտարկենք վերջին մի քանի տարիներին նմանատիպ արարքների համար տարբեր անձանց նկատմամբ կիրառված տարբեր իրավական միջոցները։
Միքայել Աջապահյան և այլք, «մեր ու իմ ձևով». Քրեական օրենսգրքի 422-րդ հոդված
Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը
Հոկտեմբերի 3-ին Երևանի քրեական դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտեց երկու տարվա ազատազրկման իշխանության զավթման կոչի համար։ Հանրային մեղադրողը միջնորդեց Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:
Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, որը մտցվել է 2021-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, նախատեսված է տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում՝ 2-5 տարի։
Աջապահյանը 2024-ի փետրվարի 3-ին «Գալա Թի-Վի»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ես երեք ճանապարհ գիտեմ իշխանություն փոխելու՝ ընտրություն, հեղաշրջում, ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, չկա։ Է երեքն էլ անհնարին է… Քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին…»։ Իսկ 2025-ի հունիսի 21-ին «NEWS.AM»-ին տված հարցազրույցում նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի...»։
Ուշագրավ է, որ առաջին հարցազրույցը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականին։ Այդ ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր դատախազություն, որտեղից պատասխանել էին, թե դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր և հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չէր նախաձեռնվել։
Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստերից մեկում՝ նախքան վճիռը, ասաց, որ եթե հանկարծ ազատազրկում նշանակվի կամ նմանատիպ այլ պատիժ, խտրական մոտեցումը առավելագույնս ընդգծված լինի։
Երեմ Սարգսյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործի հետ, որը նույն հոդվածով դատապարտվել է տուգանքի՝ 400 հազար դրամի չափով։ Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Մանուկյանը 2021-ի հրապարակային հավաքների ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ իշխանությունը չի թողնի, ուստի պետք է «ջարդել նրա հենարանները», հրահանգել մասնակիցներին զինված ուժերի, պատգամավորների ու պաշտոնատար անձանց դեմ գործողություններ անել և կազմակերպել տեղերում կոմիտեներ՝ իշխանությունը բռնությամբ վերցնելու համար:
Աջապահյանի փաստաբանը թվարկեց մի շարք այլ գործեր, որտեղ նույն հոդվածով և նույն ձևակերպումներով առաջին անգամի միջին ծանրության հանցագործությունների համար կիրառվել են տուգանքներ կամ կարճաժամկետ պատիժներ, առանց երկարաժամկետ ազատազրկման։
Օրինակ՝ Արմինե Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեսանյութ և կից գրառում. «Քիչ է... սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին...» գրառումը։ Դատարանը նրա նկատմամբ սահմանել է 1 տարվա փորձաշրջան։
Ավետիք Միսակյանը 2025-ի ապրիլի 11-ին, ըստ մեղադրանքի, «Yerevan.Today» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչապետի նկատմամբ բռնության կոչ պարունակող գրառում։ Հաշվի առնելով նրա զղջումը և մեղադրանքի ընդունումը՝ դատարանը նշանակել է 100 ժամ հանրային աշխատանքների պատիժ։
Ստելլա Աղաջանյանը 2022-ի օգոստոսին և սեպտեմբերին իր ֆեյսբուքյան էջում վարչապետի հասցեին հրապարակել է բռնության կոչեր պարունակող գրառումներ. «Ենթակա է ոչնչացման, վիժվածքը» և «Շան սատակ արեք, վիժվածքին»։ Նա դատապարտվել է 100 ժամ հանրային աշխատանքների։
Մուշեղ Շուշանյանը 2023-ի մայիսին և սեպտեմբերին ֆեյսբուքում ու «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակել է վարչապետի նկատմամբ բռնության կոչեր։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Մուշեղ Շուշանյանի արտահայտությունները փակված են (նշված են միայն որպես` «..............»)։ Դատարանը նրան տուգանել է 1 500 000 դրամով՝ թույլ տալով վճարել տուգանքը մեկ տարվա ընթացքում։
Այնուհետև փաստաբան Երեմ Սարգսյանը վկայակոչեց մի քանի դատական գործեր, որոնք նախկինում քննվել էին նույն դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ՝ նշելով, որ դրանք թեկուզ այդ կոչերին չեն վերաբերում, սակայն նույնպես միջին ծանրության հանցագործություններ են եղել։ «Այդ գործերում դուք գտել եք, որ առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում ազատազրկում նշանակել պետք չէ»,- դիմելով դատավորին ասաց փաստաբանը։
Եվս երկու օրինակ ավելացնենք, երբ նույն հոդվածով տարբեր անձանց նկատմամբ ի տաբերություն Միքայել Աջապահյանի կիրառվել են այլ իրավական միջոցներ.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022-ի մարտի 7-ի դատավճռով Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին մեղավոր է ճանաչել և նրան 400,000 դրամ տուգանք է նշանակել։ Ըստ մեղադրանքի՝ 2021-ի Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա և հեռանա։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։ Նույն օրը նա բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։
Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանին առաջին ատյանի դատարանը 2025-ի մարտի 17-ին դատապարտել է 100 ժամ հանրային աշխատանքների։ Ըստ մեղադրանքի՝ 2023-ի հունիսի 9-ին նա Ազատության հրապարակում մասնակցել է «Նոր Իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. Միասին» շարժման հանրահավաքին և կոչ արել բռնությամբ իշխանափոխություն իրականացնել։ Հետագայում հանրային մեղադրողը բողոքարկեց առաջին ատյանի վճիռը և պահանջեց խստացնել Վոլոդյա Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված պատիժը՝ ազատազրկել 2 տարի ժամկետով։ Սակայն վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի այս վճիռը անփոփոխ է թողել։
Արա Ղազարյանը կարծում է, որ Աջապահյանի դեպքում քրեական գործ չպետք է հարուցվեր։ «Դա էմոցիոնալ, պահի տակ ասված խոսք էր, պատահական չի, որ մոտ մեկ տարի վարույթ չէր իրականացվել։ Իրականում դա ազատ խոսքի տակ է ընկնում, դրա հանրային վտանգավորությունն էլ շատ ցածր էր»։
Ըստ Ղազարյանի՝ Կարապետյանի արարքում ևս հանցակազմ չկա, այն քաղաքական գործընթացներ մեկնարկելու մասին է. «Հանրային վտանգավորություն ներկայացնող արարք չեմ տեսնում այստեղ»։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ալխաս Ղազարյանը կարծում է, որ դատարանը հիմնավոր հիմքեր է ունեցել Աջապահյանի նկատամբ նման վճիռ կայացնելու համար. Հիմա մենք լսում ենք միայն այն հայտարարությունները և անում ենք այսպիսի, մեծ ասած, արդարադատություն մեր կողմից՝ թե սա մեղավոր է, նա մեղավոր չէ։ Բայց իրականում եկեք թողնենք, թող իրավապահները հավուր պատշաճի ուսումնասիրեն»։
Ալխաս Ղազարյանին հիշեցրինք, որ կան միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք Աջապահյանի խոսքում հանցակազմ չեն տեսնում։ Նա պատասխանեց, որ եթե այդպես են կարծում, կարող են դիմել համապատասխան ատյաններ ու պաշտպանել նրանց իրավունքները. «Ես լիովին վստահում եմ մեր իրավապահ համակարգին»։
Գործարար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ևս նույն 422-րդ հոդվածով են կալանավորել։ Պատճառը հունիսի 16-ին Կարապետյանի արված այս հայտարարությունն էր, որը արել էր News.am-ի զրույցում. «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»։
Հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին Ֆեյսբուքում գրեց. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Ավելի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Սամվե՛լ Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով։ Այդ պահին՝ գրեթե զուգահեռաբար արդեն խուզարկություն էր ընթանում Սամվել Կարապետյանի տանը։
Գործարարի ձերբակալությունից անմիջապես հետո Փաշինյանը գրեց, որ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։ Ավելի ուշ ևս մի գրառում կատարեց. «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»
Արմեն Գրիգորյան–Ռոման Բաղդասարյան և այլք. Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը
Արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվեց այն բանից հետո, երբ համացանցում տեղադրեց տեսանյութ, որտեղ մի խումբ տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» էին երգում ու զվարճանում։ Բաբայանը այդ գրառմամբ քննադատել էր ոստիկանության անգործությունը՝ դրան զուգահեռներ անցկացնելով Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունների հետ։ Նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով (2-րդ մասի 3-րդ կետով), որը վերաբերում է հրապարակային խոսքով ատելություն, խտրականություն կամ թշնամանք քարոզելուն։ Դատարանը հետագայում մերժեց Բաբայանի կալանավորումը, բայց նրան վարչական հսկողության տակ դրեցին, սահմանափակեցին հրապարակային խոսքի իրավունքը։ Քրեական հետապնդումը կասեցրին մինչև դատահոգեբանական և դատալեզվաբանական փորձաքննությունների արդյունքները։
Ղարիբ Բաբայանի դեպքը հիշեցրեց մեկ այլ՝ ավելի աղմկահարույց գործ։ 2021-ի ապրիլին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը «Հայելի» հաղորդման եթերում Շիրակի և Արարատյան դաշտերի բնակչությանը անվանեց «թուրքի եթիմ», «խառնածին», «դավաճան»՝ ընդգծելով Տավուշի, Սյունիքի, Արցախի տարածաշրջաններում բնակվող հայերի՝ «սարեցիների» գերազանցությունը նրանց նկատմամբ։ 2022-ին նրան մեղադրանք առաջադրվեց 329-րդ հոդվածով, մայիսին կալանավորեցին։ Հուլիսի 15-ին դատարանում Գրիգորյանը կորցրեց գիտակցությունը և մահացավ։
Սակայն արցախցիների հասցեին նմանատիպ արտահայտությունների դեպքում պատկերը բոլորովին այլ է։
Ռոման Բաղդասարյանը ապրիլի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «օգնություն ստացել են ազնիվ մարդիկ, ովքեր հանցագործություններ չեն կատարել։ Նրանց թիվը կազմում է Արցախից բռնի տեղահանվածների մոտ 12-14 տոկոսը»։ Բաղդասարյանը չսահմանափակվեց միայն սրանով։ Նա նաև պնդեց, որ օգնություն են ստացել «1000 ղարաբաղցի սպա, որոնք սպանել են խաղաղ երևանցիների» և «ղարաբաղցի սպաներ, ովքեր դիտավորյալ սպանել են մեր զինվորներին»։ Վեց ամիս առաջ քրեական վարույթ նախաձեռնվեց, բայց հարկադրանքի միջոց չկիրառվեց՝ ի տարբերություն պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դասախոս Ղարիբ Բաբայանի դեպքերի։
«Խոսնակ լրատվական» իշխանական էջում մի կին վիրավորական արտահայտություններ էր անում արցախցիների հասցեին. «Իրենք իրենց տները ծախել են, ամեն մեկը 30 հազար դոլար, իրենք երբեք չեն գնալու։ Մեր երեխեքին ղարաբաղցիները ուղղակի հաձնեցին, ով էլ չենթարկվեց՝ հետևից սպանեցին»։ Դարձյալ վեց ամիս առաջ քրեական վարույթ նախաձեռնվեց, բայց հարկադրանքի միջոց՝ ոչ։

Նատալի Ալեքսանյանը ասել էր. «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ Ռուբեն Վարդանյանը փտի Բաքվի բանտում։ Հետայսու ոչ մի ղարաբաղցի չհամարձակվի պահանջ ներկայացնել իմ երկրին»։ Քրեական վարույթ նախաձեռնվեց։
«Արցախի միություն» կազմակերպությունը արցախցիներին վիրավորող կոչերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացրեց իրավապահներին։ Վերոնշյալ դեպքերից բացի մնացած հինգում՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի, Ալիսա Սևոյանի, Հայկ Թրոյանի, Լյու Սի-ի վերաբերյալ քրեական վարույթներ չնախաձեռնվեցին։
Դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ «Խոսնակ» լրատվականի, Ռոման Բաղդասարյանի և Նատալի Ալեքսանյանի գործերը դեռ նախաքննության փուլում են և մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Իսկ մյուս բոլոր դեպքերում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։
Թերեզա Սարգսյանը գրեց, որ արցախցիներին պետք է «բնակեցնել ամայի տարածքներում», «զրկել ձայնի իրավունքից», «աշխատանք նշանակել ածխահանքում, քարհանքում»։ Քրեական վարույթ չնախաձեռնվեց։
Իշխող կուսակցությունից պատգամավոր, ներկայում սոցապ նախարար Արսեն Թորոսյանը Արցախցիների սոցիալական խնդիրների շուրջ մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո գրեց, թե ԼՂ հարցը միշտ ծառայել է իշխանությանը տիրանալու համար։ «Եվ հիմա նույն այդ քաղաքականությունը փորձում են իրականացնել Հայաստանում այդ նույն մարդկանց հետևորդները՝ Հայաստանի ժողովրդի այսքան զոհողություններից հետո՝ մոռանալով նույնիսկ, թե ինչպես ընդունեց Հայաստանի ժողովուրդը իր քույրերին և եղբայրներին մեր երկրում տեղահանությունից հետո»,- գրեց Թորոսյանը։

Քաղաքագետներ Տիգրան Գրիգորյանը և Արամ Թադևոսյանը ՍիվիլՆեթում հրապարակված հոդվածում գրում են, որ Թորոսյանը, լղոզելով տարբերությունը փախստականների և ղարաբաղյան էլիտայի միջև, հստակություն չմտցնելով իր կողմից օգտագործվող բառապաշարի մեջ, ատելություն է խթանում մարդկանց նկատմամբ. «Ակնարկելով նաև, որ հանրահավաքի մասնակիցները անշնորհակալ են։ Հիմնականում սոցիալական պահանջներ պարունակող հանրահավաքի մասին գրառման մեջ նմանատիպ շեշտադրումներ անելով՝ Թորոսյանը խթանում է «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին քարոզչական պատումի տարածումը։
Արա Ղազարյանը նշում է, որ արցախցիների հասցեին երբեմն տարածվում է անհանդուրժողական խոսք, սակայն ատելության խոսքի համար կալանքը համարում է անհամարժեք։ Նրա խոսքով՝ նման գործերը հիմնականում պարզ են. «Ասենք՝ կազմակերպված խումբ չի, որը մի անդամները հայտնաբերված են, մյուս անդամները՝ ոչ։ Ուրիշ բան է, երբ նման հայտարարություն է անում մարդ, որի խոսքը կարող է ազդել հասարակական կարգի վրա՝ մեծ ամբիոն ու հետևորդներ ունենալով լարված միջավայրում»։
Արա Ղազարյանը կարծում է, նման խոսքի դեմ հիմնականում պայքարում են վարչաիրավական մեթոդներով։
Ալխաս Ղազարյանին խնդրեցինք մեկնաբանել Արմեն Գրիգորյանի ու Ռոման Բաղդասրյանի արարքները և իրավապահ մարմինների արձագանքը դրանց նկատմամբ։
«Դե գիտեք, ես որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչ կարող եմ քաղաքական գնահատական տալ։ Հարցերը, որ ինձ ուղղում եք, իրավապահ համակարգի տիրույթում են։ Օրինակ՝ ինչո՞ւ Ռոման Բաղդասարյանի դեմ գործ չկա, կամ ինչ-որ մոտեցում… Կարծում եմ՝ այդ հարցին պետք է պատասխանեն նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հարցը ինձ ուղղելուն՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ես չեմ կարող պատասխանել։ Որովհետև ես պատասխանատու չեմ յուրաքանչյուր անձի խոսքի համար, ես պատասխան կտամ իմ խոսքի համար»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը։

Արդարադատության նախարարի խոսնակ Մարիամ Մելքոնյանը ՍիվիլՆեթին ասաց, որ նման հարցերը իրենց գերատեսչության տիրույթում չեն. «Որովհետև մենք ո՛չ պատիժ ենք նշանակում, ո՛չ էլ՝ կալանքի որոշում կայացնում, մենք ուղղակի դատարանի որոշումները կատարողն ենք»:
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյան–Արցախի համայնքապետեր

«Փաստերի ստուգման հարթակ»-ը (FIP) 2024-ի հունվարին գրեց, որ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, կարծես, յուրացրել է նախարարության շուրջ 20 ծառայողական մեքենա և պահում է դրանք իր տարածքում։ FIP-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց հակակոռուպցիոն կոմիտե։

Ըստ այդ հաղորդման՝ նկարագարված դեպքը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի վստահված գույքի հափշտակություն հանցակազմի հատկանիշներ։
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ հաղորդումից հետո օպերատիվ-ստուգողական գործողություններ են իրականացվել, սակայն այդ պահի դրությամբ քրեական վարույթ չի հարուցվել։
Այժմ համեմատենք, թե ինչպես են Հայաստանի իրավապահները վարվել Արցախի այլ պաշտոնյաների նկատմամբ։
2024-ի մայիսին Արցախի Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի քաղաքապետները ձերբակալվել էին փաստաթղթեր կեղծելու և իրենց անունով մեքենաներ գրանցելու համար։
Նրանց բոլորին ձերբակալել էին «Սրբազան պայքար» շարժման ցույցի նախօրեին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Դավիթ Սարգսյանին մեղադրել են Ստեփանակերտ համայնքին պատկանող 19 միլիոն դրամից ավելի արժողությամբ 4 ավտոմեքենաները կեղծ փաստաթղթերով օտարելու մեջ։ Ասկերանի քաղաքապետին մեղադրել են համայնքային «Նիվա» մեքենան հափշտակելու, իսկ Միշա Գյուրջիյանին՝ 1,9 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան կեղծ փաստաթղթերով յուրացնելու համար
2024-ի մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 20 օր ժամկետով, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Այնուհետև Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը: Սարգսյանի գործը գտնվում է դատաքննության փուլում։
Հետագայում Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջիյան արդարացվեց և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Իսկ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթերի կեղծման համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է անցած տարվա նոյեմբերին՝ արարքը չկատարելու հիմքով։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջիյանի փաստաբան Արսեն Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ արցախցիների տեղահանությունից հետո համայնքի ղեկավարները չեն հասկացել՝ ինչ իրավական հիմք ունեն իրենց հետ տեղափոխված մեքենաները, որոնք Արցախում համայնքային գույք էին։ «Նրանք դիմել են պետական մարմիններին, բայց հստակ պատասխան չեն ստացել։ Տեխզննում անցնելու համար պետք էր զրոյական տեղեկանք, որը Մարտակերտ համայնքը չէր կարող տալ, դրա համար էլ քաղաքապետին տուգանել էին։ Կառավարության հետ երկար քննարկումներից հետո որոշել են ժամանակավորապես մեքենաները դարձնել համայնքի ղեկավարների, այսպես ասենք՝ ամենալեգիտիմ մարդկանց անունով, որպեսզի կարողանան ապահովել շահագործման կանոնները»,– ասաց նա։
Արսեն Բաբայանի խոսքով՝ իշխանությունը հետագայում դա օգտագործել է որպես պատրվակ՝ հանրահավաքների օրերին նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար։
Այդ օրերին «անհասկանալի» պատմություն էր տեղի ունեցել Արցախի Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանի հետ։ 2024-ի հունիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանի ձերբակալության մասին ահազանգ է ստացվել, երբ նա մեքենայում միայնակ էր թողել իր փոքր երեխաներին։ Ըստ «Հետքի», ո՛չ Ներքին գործերի նախարարությունը, ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ Դատախազությունը չեն հայտնել՝ որ կառույցն է ձերբակալել Վարդան Գրիգորյանին։
Կարելի է ենթադրել, որ քաղաքապետներին ձերբակալել են խտրական եղանակով, քանի որ Կարեն Սարգսյանի պարագայում վարույթ չեն նախաձեռնել, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արցախի քաղաքապետների դեպքում քրեական գործեր են հարուցել, ձերբակալել և կալանավորել «Սրբազան պայքար» շարժման ցույցից առաջ։
Թարմ դեպքեր. Ալեն Սիմոնյան, Արթուր Հովհաննիսյան – Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան
Հոդված գրելու պահին՝ նոյեմբերի 13-ին, խուլիգանության մեղադրանքով ձերբակալեցին և հաջորդ օրը կալանավորեցին ընդդիմադիր «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Պատճառը նրանց նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Իսկ առիթը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր փոդքասթի հեղինակներին: Այդ հաղորդումից հետո խորհրդարանի խոսնակը նրանց անվանել էր «շան լակոտներ», Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն էլ, ի պատասխան, իրենց հաջորդ հաղորդման մեջ ավելի թունդ խոսքերով էին հակադարձել Սիմոնյանին: Հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել հենց Ալեն Սիմոնյանը։
Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունները ուղեկցվեցին տների ու գրասենյակի խուզարկություններով, մինչդեռ Ալեն Սիմոնյանի նմանատիպ արարքի համար մեղադրանք առաջադրելու մասին հայտնի չէ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, երկու տարի առաջ էլ էր խորհրդարանում նման վարքագիծ դրսևորել, երբ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ», «Ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»: Թեև Ղազարյանը դիմել էր իրավապահներին՝ գործ հարուցելու պահանջով, բայց քննիչը մերժել էր, դատախազն էլ համաձայնել էր քննիչի հետ, թե Փաշինյանի թիմակցի արարքում հանցագործություն չկա:
***
Ազգային ժողովում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների և դա խնդիր է։
Այս հոդվածով փորձել ենք համեմատել վերջին տարիներին նմանատիպ արարքների համար տարբեր անձանց նկատմամբ կիրառված տարբեր իրավական միջոցների որոշ օրինակներ։ Ավելի համապարփակ ուսումնասիրությունը և իրավական վերլուծությունը թողնում ենք մասնագետներին։
Civilnet










