Գլխավոր Լրահոս

Հանրահավաք. արցախցիները շեշտում են վերադարձի իրավունքը, պահանջում սոցաջակցության պահպանում 

Հանրահավաք. արցախցիները շեշտում են վերադարձի իրավունքը, պահանջում սոցաջակցության պահպանում 

Ժաննա Ավագյան

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքի ճանաչում և իրացում, Հայաստանի կառավարության՝ բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության շարունակում, Բաքվում պահվող հայ գերիների հարցով Հայաստանի կառավարության ավելի մեծ պատասխանատավություն, Արցախի մշակութային ժառանգության պահպանություն, Ադրբեջանի դեմ միջազգային հայցերի հետապնդում. Երևանի Ազատության հրապարակում մարտի 29-ին հրավիրված հանրահավաքին այս և այլ պահանջներ ներկայացրին տեղահանված արցախցիները և նրանց միացած մյուս քաղաքացիները։ Հանրահավաքը կազմակերպել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ նախաձեռնությունը։

«Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքը ինչ-որ հեքիաթային պատում չէ, այն իրավունք է, իրավունք, որ ամրագրված է և որը պետք է պաշտպանել և առաջ մղել»,- իր ելույթում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Էկրանակադրում՝ Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանն ընդգծեց, որ իրենց պայքարը իրավունքների պահանջ է, ոչ թե սոցիալական աջակցության։ «Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ սպիտակավորումներ տալ, թե իբր սա սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից»,- ասաց նա՝ նշելով, որ բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցությունը այն պարզ նվազագույնն է, որ անհրաժեշտ է արցախցիներին Հայաստանում պահելու, նվազագույն կարիքները հոգալու համար։ 

«Այդ աջակցության դադարը աղետալի հետևանքներ է ունենալու, հազարավոր ընտանիքների մատնելով անօթևանության և չքավորության և դրդելով արտագաղթի»,- զգուշացրեց նա։ 

Երևանը և Բաքուն այս ամսվա սկզբին հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 կետերից վերջին երկուսը, որոնք վերաբերում են Ղարաբաղյան կարգավորման միջնորդական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը լուծարելուն և Հայաստանի՝ Ադրբեջանի սահմանների երկայնքով երրորդ ուժերին (ԵՄ դիտորդներ) հեռացնելուն։ Փաստաթուղթը չի անդրադառնում արցախցիների վերադարձի իրավունքին և Լեռնային Ղարաբաղին ընդհանրապես, որը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս տասնամյակների հակամարտության առանցքը։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է նաև Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով հրաժարվել իրար դեմ ներկայացված միջազգային դատական հայցերից։

«Մեր գլխավոր ուղերձը և՛ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, և՛ միջազգային բոլոր դերակատարներին՝ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց մեր կարծիքը հաշվի առնելու»,- ասաց Ստեփանյանը։

Նա կարևորեց, որ միջազգային ատյաններում շարունակվեն Ադրբեջանի դեմ դատական հայցերը, նաև՝ Բաքվում պահվող հայ պատանդներին վերդարձնելու նպատակով։ 

Ադրբեջանում առնվազն 23 հայ պատանդ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, որոնց նկատմամբ շինծու դատավարություն է ընթանում։

«Մենք պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չհրաժարվեն այդ գանգատներից և Մինսկի խմբի ձևաչափից»։

Հանրահավաքի նախաձեռնողները 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրին Հայաստանի կառավարությանը։ Պահանջների թվում են՝ Ադրբեջանի հետ բանակցություններում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի հետապնդումը՝ 2023-ի նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն; մինչև վերադարձի իրավունքի իրացումը արցախցիների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծումը; արցախցիների խնդրով միջազգային դոնորական համաժողովի կազմակերպումը; Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության շահերի հետապնդումը; Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և այլն։ 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ մնում է Ազատության հրապարակում և երկուշաբթի կեսօրին ասուլիս է տալու։ 

Հանրահավաքի ուղիղ հեռարձակումը՝ ստորև.

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում