Հայկ Խանումյան
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումից և ողջ բնակչության բռնի տեղահանությունից հետո Հայաստանում արցախցի փախստականների ինտեգրման գործընթացում շարունակում են բազմաթիվ մարտահրավերներ գոյություն ունենալ։ Միջազգային ու հայաստանյան դերակատարների մեծամասնությունը վերջին երկուսուկես տարվա ընթացքում կենտրոնացած են փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը առնչվող մարտահրավերների հասցեագրման վրա։ Մինչդեռ, արցախցիների ինտեգրմանը խոչընդոտող կարևորագույն գործոններ են նաև փախստականների դեմ գեներացվող ատելության խոսքը և նրանց քաղաքացիական ներգրավման խնդիրը։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) հայաստանյան և միջազգային այն եզակի կազմակերպություններից է, որը վերջին տարիներին աշխատում է հատկապես այդ խնդիրների և մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ։ Հիմնվելով նախորդ շրջանում իրականացրած մեր հետազոտական աշխատանքի ու այս թեմայով ունեցած փորձի վրա՝ մենք արձանագրել էինք, որ ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում փախստականներին թիրախավորող խոսույթներն ու ատելության խոսքը շեշտակիորեն աճում են։ Այդ առումով հունիսին կայանալիք խոհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախընտրական և հետընտրական շրջանները առանձնակի ուշադրության են արժանի փախստականներին թիրախավորող ատելության խոսքի մշտադիտարկման, փաստագրման և առաջարկությունների մշակման համար։ ԺԱՏԿ-ն մոտակա ամիսների ընթացքում այս թեմային նվիրված չորս կարճ զեկույց է պատրաստելու, որոնք ամփոփվելու են արցախցի փախստականներին թիրախավորող ատելության խոսքին նվիրված ավելի խոշոր զեկույցում։
Առաջին զեկույցը նվիրված է մարտ ամսվա իրադարձություններին։
2026 թվականի մարտը աչքի ընկավ ինչպես նախընտրական ակտիվությամբ, այնպես էլ փախստականների թիրախավորման բազմաթիվ դեպքերով։ Ատելության խոսքի նոր ալիքը սկիզբ առավ Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեզվակռվի մեջ մտավ արցախցի կնոջ հետ՝ իր և արցախցիների նկատմամբ օգտագործելով ատելության խոսք պարունակող պատումներ։ Միջադեպին հաջոդեց իշխանամետ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածումը՝ ուղղված ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ ընդհանրապես արցախցի փախստականների դեմ։
Զեկույցը առանձնացնում է երկու հիմնական վնասակար պատում, որոնք օգտագործվում են փախստականներին թիրախավորելու համար․ «դասալիք ղարաբաղցիների» և «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումները։
Այս պատումների տարածումը տեղի է ունենում ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, այնպես էլ նրանց հետ փոխկապակցված լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով։ Զեկույցը փաստում է, որ իշխանամետ տեղեկատվական դաշտում հաճախ կիրառվում են համակարգված մեխանիզմներ՝ նույն օգտատերերի գրառումների բազմակի տարածմամբ, ինչպես նաև ապատեղեկատվության օգտագործմամբ՝ հանրային ընկալումները ձևավորելու նպատակով։
Միևնույն ժամանակ, փախստականների թիրախավորումը միայն իշխանական դաշտով չի սահմանափակվում։ Որոշ ընդդիմադիր գործիչներ ևս օգտագործում են ծայրահեղ համեմատություններ՝ թիրախավորելով այն արցախցիներին, որոնք աջակցություն են հայտնում գործող իշխանություններին։ Զեկույցը արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, թե փախստականները որ քաղաքական ուժին են աջակցում, մշտապես ի հայտ են գալիս տարբեր բևեռներ ներկայացնող քաղաքական դերակատարներ, որոնք թիրախավորում են նրանց՝ քաղաքական նախապատվությունների պատճառով։ Սա լրջագույն խոչընդոտ է Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքում փախստականների ինտեգրման գործընթացում։ Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ իշխանական և ընդդիմադիր խմբերի կողմից փախստականներին թիրախավորող ատելության խոսքի ծավալներն ու բնույթը անհամեմատելի են։ Իշխող կուսակցության պարագայում փախստականների թիրախավորումը հասնում է շատ ավելի մեծ ծավալների, ունի համակարգված բնույթ և ներառում է նաև մեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցների օգտագործում։
2026թ․ մարտ ամսին արցախցիներին թիրախավորողներն են թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, մեծ լսարան ունեցող իշխանամետ օգտատեր Ռոման Բաղդասարյանը, այլ իշխանամետ օգտատերեր, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Արցախցիներին թիրախավորող գրառումներ արտատպելու և տարածելու, փախստականների վերաբերյալ ապատեղեկատվություն գեներացնելու գործում աչքի են ընկել իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ասոցացվող Medianews.site և AraratNews․am կայքերը, ինչպես նաև իշխող ուժին պատկանող Civic.am լարտվամիջոցը։
Զեկույցը եզրակացնում է, որ արցախցիների դեմ ուղղված պատումների գործիքայնացումը քաղաքական դերակատարների կողմից նպաստում է փախստականների դեմ ատելության խոսքի աճին կենցաղային մակարդակում՝ ամրապնդելով այս խոցելի խմբի նկատմամբ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Իրավապահ համակարգի անգործությունը ևս նպաստում է այս վնասակար խոսույթների և խտրական վերաբերմունքի տարածմանը։
Հայկ Խանումյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ է։
Զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
Հայկ Խանումյան











