Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի ՄԻՊ-ի՝ Բաքու այցի կազմակերպմանը․ Վարդանյան

Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի ՄԻՊ-ի՝ Բաքու այցի կազմակերպմանը․ Վարդանյան

Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձով դիմել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Վարդանյանն իր ուղերձում հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի օմբուդսմենի՝ Բաքու այցի կազմակերպմանը։

«Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»,- ուղերձում հայտնել է Վարդանյանը։

Վարդանյանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։

«Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների  մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև»,- հայտնել է Վարդանյանը։

Ուբեն Վարդանյանը նաև նշել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իր բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։

Վարդանյանը հարցեր է ուղղել, որոնց համար պատասխաններ է ակնկալում

«1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։

2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։

3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։ 

Ռուբեն Վարդանյան»,- ասված է Վարդանյանի ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում