Գլխավոր Լրահոս

Արտաքին միջամտություն, հունիսյան ընտրություններ․ հրապարակվել է ԵԽ բանաձևի տեքստը

Արտաքին միջամտություն, հունիսյան ընտրություններ․ հրապարակվել է ԵԽ բանաձևի տեքստը

European Parliament

Լուսինե Վարդանյան

Ըստ Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեն նաև Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության համար։ Խորհդարանն ապրիլի 30-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական դիմակայության աջակցման բանաձև (կողմ՝ 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48), որում շեշտում է նաև արտաքին՝ մասնավորապես Ռուսաստանի միջամտությունը և տնտեսական ճնշումը, ապատեղեկատվական արշավները ներքին դերակատարների միջոցով՝  «ինչպես որոշ հոգևորականներ և օլիգարխիկ ցանցեր՝ կրկնելով Մոլդովայում և Վրաստանում վերջին ընտրություններում դիտարկված օրինակները»։

Այս համատեքստում հիշատակվում է նաև 2026-ի ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ «Պուտինը ճնշում է գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի կալանքի տակ գտնվող ռուս-հայ գործարար Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին»։

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը վիճակագրական տվյալներով ցույց էր տվել, թե որքան է Հայաստանի տնտեսությունը կախված Ռուսաստանից, օրինակ՝ 2025-ին շրջանառությունը 6,4 միլիարդ դոլար էր, ինչը պակաս էր հարևան Ադրբեջանից, որտեղ այդ թիվը 4,9 էր։ Նա նաև հիշեցրել էր, թե որքան էժան է գազի գինը Հայաստանի համար, և ինչքան թանկ է այն Եվրոպայում՝ 177,5 և 600:

«Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,- ասել էր նա։

Շատերը զրույցի այս կետերը համարեցին ճնշում։

«ԵՄ-Հայաստան հարաբերությունները առանցքային, շրջադարձային փուլում են։ Վերջին տարիներին Հայաստանը ցույց է տվել իր նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Հայաստանը հստակ ցույց է տվել իր ընտրած ուղին։ Խաղաղության, հաշտեցման և իր քաղաքացիների բարօրության ուղին։ Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության ուղին։

Հայաստանը մնում է տարածաշրջանի միակ ժողովրդավարական երկիրը։ Մենք պետք է անենք առավելագույնը՝ աջակցելու և պաշտպանելու առաջիկա ընտրությունները և Հայաստանի կենսունակ ժողովրդավարական համակարգը», - Ստրասբուրգում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի մասին զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

ԵԽ բանաձևը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել ընդդիմության իրավունքների լիարժեք հարգում, դատական անկախություն և խոսքի ազատություն։

Նշվում է, որ հունիսի խորհրդարանական ընտրությունները պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը, ընդգծում հավասար քարոզարշավային պայմանները և մեդիայի բազմակարծությունը։ 

«ԵՄ-ն Հայաստանում հաղթողներ չի ընտրում, հայ ընտրողն է որոշելու իր ճակատագիրը»

Եվրոպական խորհրդարանը ողջունում է 2026-ի ապրիլի 21-ին Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ստեղծումը, որը Հայաստան կուղարկվի երկու տարով և կաջակցի բազմաշերտ սպառնալիքներին դիմակայելու գործում։ Կարևորվում է նաև Եվրամիության առաջին առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այն Հայաստան էր ուղարկվել 2023-ին, իսկ 2025-ին երկարաձգվել էր ևս երկու տարով։

Ի՞նչ է անելու ԵՄ հիբրիդային արագ արձագանքման թիմը Հայաստանում

«Առաքելությունը շարունակում է կենսական դեր խաղալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման, համակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման գործում»,- նշում են պատգամավորները։

ԵԽ-ն մայիսի 4 և 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի հաջորդական անցկացումը Երևանում համարում է հստակ քաղաքական ազդանշան, կոչ է անում ԵՄ-ին մեծացնել Հայաստանի նկատմամբ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ այդ թվում նվազեցնելով կառուցվածքային կախվածությունները կարևոր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ և ենթակառուցվածքներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում