Վրաստանի նախկին նախագահ, բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի՝ Երևանում անցկացվելուն՝ այն անվանելով «պատմական թյուրըմբռնում և անարդարություն»։ Նա և ընդդիմության այլ ներկայացուցիչներ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել են, որ գագաթնաժողովը չի անցկացվում Թբիլիսիում, և կրկին պնդել, թե իշխանությունները հեռացնում են Վրաստանը արևմտյան գործընկերներից։
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Սաակաշվիլին, որի իշխանության տարիներին՝ 2003-2012-ին, խորացել էին հարաբերությունները Արևմուտքի հետ, Թբիլիսին անվանել է «Կովկասի պատմական կենտրոն»։
Նա նաև նշել է, որ «ԵՄ ինտեգրումը սկսել է Վրաստանը», իսկ ինքը՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և այն ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ միասին, եղել է «Արևելյան գործընկերության նախաձեռնողը»։ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի և դրա անդամ պետությունների համատեղ քաղաքական նախաձեռնությունն է՝ ուղղված վեց արևելաեվրոպական հարևանների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի հետ համագործակցությանը։
«Եվ պատմության մեջ առաջին անգամ ամբողջ Եվրոպան գալիս է Կովկաս՝ Թբիլիսին շրջանցելով և ևս 40 րոպե շարունակելով ճանապարհը դեպի Երևան։ Ասեք՝ եթե իմ քաղաքական ուղին շարունակվեր, 50 առաջնորդները ո՞ւր կգային՝ Թբիլիսի՞, թե՞ Երևան»,- գրել է նա։
Հայաստանը Կովկասում առաջին երկիրն է, որը հյուրընկալում է ԵՔՀ գագաթնաժողովը՝ դրա ստեղծումից ի վեր՝ 2022-ի հետո։ Գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 50 համաշխարհային առաջնորդներ և մի շարք միջազգային կազմակերպություններ։ Մասնակիցների թվում են եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
Սաակաշվիլու խոսքով՝ սա այն «գինն» է, որ Վրաստանը վճարում է 2012-ի ընտրությունների համար՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունները, որոնք ավարտեցին իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իննամյա իշխանությունը և իշխանության բերեցին «Վրացական երազանքին»։ Քննադատները վերջինիս մեղադրում են Վրաստանի ավանդական արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները լարելու մեջ, ինչը «Վրացական երազանքը» հերքում է՝ դրա փոխարեն Արևմուտքին և ներքին ընդդիմությանը մեղադրելով հարաբերությունների վատթարացման համար։
Սաակաշվիլին հիշեցրել է նաև «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի 2013-ի հայտարարությունը, որով նա գովաբանել էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Երևանն այդ ժամանակ հիանալի հարաբերություններ ուներ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ։
«Իվանիշվիլին 2013-ին ասում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր համար օրինակելի է։ Իսկ հիմա Վրաստանը հայտնվել է այն դիրքում, որտեղ Հայաստանը 2013-ին էր, մինչդեռ Հայաստանը հասել է այնտեղ, որտեղ Վրաստանը գտնվում էր մինչև 2012-ը», - նշել է Սաակաշվիլին։
Նա նաև պնդել է, որ իր նախագահության տարիներին ֆրանսիական Areva ընկերության հետ սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել Վրաստանում ատոմակայան կառուցելու շուրջ։ Նրա խոսքով՝ «այժմ Հայաստանը վերցրել է նաև այդ նախագիծը, ինչպես նաև եվրոպական այլ առավելություններ»։
«Իվանիշվիլին սկզբունքորեն եվրոպական փող չի ուզում, որովհետև դա կհարստացնի ողջ բնակչությանը։ Նրա համար ռուսական փողը սեփական և իր մերձավոր շրջապատի հետագա հարստացման երաշխիք է»,- հավելել է նա։
Areva-ն 2018-ին դադարել է գոյություն ունենալ՝ վերանվանվելով Orano։ Թեև Հայաստանի կառավարությունը ծրագրում է կառուցել նոր ատոմակայան և քննարկել է Ֆրանսիայի հետ հնարավոր համագործակցությունը՝ այլ գործընկերների հետ միասին, վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։
Սաակաշվիլիից բացի, ընդդիմության որոշ այլ ներկայացուցիչներ ևս ԵՔՀ գագաթնաժողովի՝ Երևանում անցկացվելը դիտարկել են իշխող «Վրացական երազանքի» քաղաքականության համատեքստում։
«Ախալի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան նշել է, որ «պատմության մեջ առաջին անգամ հայերը շատ ավելի մոտ են Եվրամիությանը և շատ ավելի հեռու Ռուսաստանից»։
«Շատ ավելի, քան մենք՝ վրացիներս, որոնք ոչ միայն Կովկասի, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի առաջատարն էինք այս հարցում»,- հավելել է նա երկուշաբթի Facebook-ում հրապարակած գրառման մեջ։
«Այժմ ակնհայտ է դառնում նաև, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, այն դեպքում, երբ Հայաստանը շուտով կարող է ստանալ այդ իրավունքը»,- ասել է Գվարամիան՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի հեռանկարը անվանելով մի բան, որի մասին «մեր հարևանները դեռ ոչ վաղ անցյալում նույնիսկ չէին կարող երազել»։
Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Գեգելիան, Կոբախիձեի մասնակցությունը գագաթնաժողովին անվանել է «դեկորացիա»՝ հավելելով, որ «ոչ ոք նրան այնտեղ չի սպասում»։
«Մենք ականատես ենք խորհրդանշական, դեկորատիվ մասնակցությանը մի հանդիպման, որը այսօր առաջին հերթին պետք է անցկացվեր Թբիլիսիում, ոչ թե մեկ այլ վայրում», - երկուշաբթի հայտարարել է Գեգելիան։ Նրա խոսքով՝ փոխանակ «Թբիլիսին լիներ տարածաշրջանային դինամիկայի կենտրոնը», այդ կենտրոնը «տեղափոխվել է այլ վայր», իսկ կառավարությունն ամեն ինչ արեց երկիրը «մեկուսացված ճահիճ» դարձնելու համար։
Իր հերթին Կոբախիձեն Երևանում լրագրողներին ասել է, որ վրացական կառավարությունը պետք է «պրագմատիկ քաղաքականություն» վարի բոլոր ուղղություններով՝ նշելով, որ «մենք փոքր երկիր ենք»։
«Անկախ նրանից, թե որքան խիստ կարող են շահերը հակասել Վրաստանի շահերին, նույնիսկ այդ դեպքում մենք պետք է հնարավորինս պաշտպանենք մեր դիրքերը։ Միշտ պետք է փորձել համագործակցել բոլորի հետ։ Սա է մեր քաղաքականության էությունը», - ասել է նա։
Կոբախիձեն երեքշաբթի ևս խոսել է մամուլի հետ՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի ընթացքում «տարբեր թեմաների շուրջ» զրուցել է ներկա առաջնորդների մոտ կեսի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի։ Վարչապետի խոսքով՝ երկուսն էլ իրենք են խնդրել հանդիպումը։
Լրագրողների հետ զրույցում Բոճորիշվիլին ասել է, որ «պանելային քննարկումներից մեկը նվիրված էր կապակցվածությանը, որին վարչապետը մասնակցել է»։
«Այստեղ ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, թե որքան կարևոր է տարածաշրջանի և մեր երկրի դերը կապակցվածության և տնտեսական անվտանգության ապահովման համատեքստում», - հավելել է նա։
Վերջին տարիներին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» ընդունեց մի շարք սահմանափակող օրենքներ, բռնություն կիրառվեց հակակառավարական ցուցարարների նկատմամբ, և անցկացվեցին 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրությունները, Վրաստանի հարաբերությունները իր ավանդական միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, կտրուկ վատթարացել են։
Այս գործընթացն ուղեկցվում է իշխող կուսակցության և նրա համախոհների պնդումներով, թե «գլոբալ պատերազմի կուսակցությունը» կամ «խորը պետությունը» վերահսկողության տակ են վերցրել Արևմուտքը, այդ թվում՝ Եվրոպան, և փորձում են խաթարել Վրաստանի ինքնիշխանությունը։
ԵՄ-ն դադարեցնում է վիզայի ազատ ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար
Այս ֆոնին 2024-ի նոյեմբերին «Վրացական երազանքի» կառավարությունը հայտարարեց երկրի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների «հետաձգման» մասին մինչև 2028-ը, ինչը լայնածավալ բողոքի ցույցեր առաջացրեց Թբիլիսիում և այլ քաղաքներում։
Իշխանությունները արձագանքեցին թե՛ ոստիկանական բռնությամբ, թե՛ փողոցային բողոքների, մեդիայի, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության դեմ ուղղված նոր սահմանափակող օրենքներով։ Միևնույն ժամանակ, տարբեր մեղադրանքներով բանտարկվեցին տասնյակ ցուցարարներ, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ և մեդիա հարթակի հիմնադիր։
Այս զարգացումները էլ ավելի սրեցին հարաբերությունները ԵՄ-ի հետ, որը 2025-ին խիստ քննադատական զեկույցում Վրաստանը բնութագրեց որպես «միայն կոչումով թեկնածու երկիր»՝ ընդգծելով 2023-ին ստացած թեկնածուի կարգավիճակի արժեզրկումը։
Այս իրադարձությունները նաև վտանգի տակ են դրել Վրաստանի՝ ԵՄ-ի հետ 2017ից գործող առանց վիզայի ռեժիմը՝ բարձրացնելով դրա կասեցման հավանականությունը։
Ի պատասխան ԵՄ քննադատության՝ իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստի, «արմատականության և ապատեղեկատվության ֆինանսավորման», ինչպես նաև եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։












