«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահ է, որ գերիների հարցը միայն իր ուժը կարող է լուծել: Մայիսի 17-ին Լոռու մարզի բնակիչների հետ իր առանձնատանը հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ ամեն բան անելու են, որ շատ արագ լուծեն այդ հարցը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ամենակարճ ժամանակահատվածում այդ հարցերին լուծում տանք, մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարևան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ է մենակ մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չի: Դրա համար ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ, ինչ հնարավոր է, մեր միջազգային կապերը օգտագործելով, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով, որ եթե կա մեկ հայ իրենց մոտ, իրենք պետք է վերադառնան իրենց տուն։ Մարդիկ պայքարել են մեր պետության համար, ի՞նչ անենք, որ այս թույլ իշխանությունը ջնջեց մեր բոլոր հաջողությունները»,- ասել է Կարապետյանը:
Կարապետյանը հավաստիացրել է, որ հատուկ խումբ է ձևավորվելու, որ զբաղվելու է միայն գերիների հարցերով՝ ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ բոլոր միջազգային կառույցներում։
***
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 19 հայ գերիների առկայությունը։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։












