Գլխավոր Լրահոս

Քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու անհանդուրժողականությունը․ Անահիտ Մանասյան

Քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու անհանդուրժողականությունը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող վիրավորական, անհանդուրժողական և բռնություն քարոզող խոսույթը։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Մայիսի 18-ի առավոտյան համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ արձագանքել էր այս տեսանյութին։ Փաշինյանն իր հերթին սպառնացել է գտնել տեսանյութում պատկերված անձանց ու, իր խոսքով, «չոքեցնելու է» նրանց։

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ։ Նման խոսույթը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։

Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ հանրային և քաղաքական գործիչները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցությունն ու տարածման լայն շրջանակը, պետք է առավել բարձր պատասխանատվություն դրսևորեն իրենց հանրային խոսույթի նկատմամբ, սեփական խոսքով և վարքագծով նպաստեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և իրավունքի գերակայության վրա հիմնված հանրային միջավայրի ձևավորմանը՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք կոնկրետ իրավիճակում խոսքի առանձին տեսակը կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության կառուցակարգերի գործադրման, թե ոչ։

Մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում ՄԻՊ հաստատությունն անընդհատ է շեշտում խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի դրսևորումների վտանգավորությունը իրավունքների խթանման և պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, մինչդեռ քաղաքական դերակատարների՝ հակառակ տրամաբանության վրա կառուցված վարքագիծը խաթարում է համապատասխան արժեքների վրա հիմնված մարդու իրավունքների համակարգի կայացումը։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորական, անհանդուրժողական և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում