Գլխավոր Լրահոս

Ինչպես ես տեսա Ուկրաինան պատերազմի հինգերորդ տարում. Մաս 2

Ինչպես ես տեսա Ուկրաինան պատերազմի հինգերորդ տարում. Մաս 2

Հոդվածի առաջին մասը կարդացեք այստեղ

Խաբուսիկ լռություն Օդեսայում և կիևյան ռմբապաստարանները

Գիշերն Օդեսայում՝ այս պատերազմի պայմանական առաջնագծում (քանի որ հրթիռներն ու անօդաչուները հաճախ արձակվում են անմիջապես Սև ծովից), անսովոր հանգիստ անցավ։ Ենթադրաբար սա մայիսի 9-ի կապակցությամբ ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված եռօրյա հրադադարի արձագանքն էր, թեև մենք քաղաքում էինք մայիսի 11-12-ին։ Լռությունը, սակայն, խաբուսիկ էր, իսկ հակադրությունը սպասում էր մեզ երկրի սրտում:

Հաջորդ երկու օրերին Կիևում գիշերներն անցկացնում էինք Ռուսաստանի մասշտաբային օդային հարձակման պայմաններում: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ մայիսի 13-ի օրվա ընթացքում և գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ու հատկապես մայրաքաղաք Կևի ուղղությամբ իրականացրել է պատերազմի ողջ ընթացքում ամենախոշոր օդային գրոհներից մեկը՝ արձակելով մոտ 730-750 ԱԹՍ և հրթիռ։

Ամբողջ գիշեր չէին լռում օդային տագնապի շչակները՝ հորդորելով մարդկանց անհապաղ իջնել ռմբապաստարաններ: Այդ գիշեր մենք նույնպես հյուրանոցի ռմբապաստարանում էինք, որտեղ տեղադրված էին աթոռներ, սեղաններ, բազմոցներ և նույնիսկ մահճակալներ: Կար նույնիսկ WiFi: 

Կիևի հյուրանոցներից մեկի ավոտակայանատեղիում, որը ծառայում է նաև որպես ռմբապաստարան, էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից 
Կիևի հյուրանոցներից մեկի ավոտակայանատեղիում, որը ծառայում է նաև որպես ռմբապաստարան, էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից 

Թեպետ ուկրաինական ՀՕՊ-ն ակտիվորեն հակազդում էր օդային հարձակմանը, Կիևի վրա այդ հարձակումը երկու տասնյակից ավել քաղաքացիական անձանց կյանք խլեց։ Օդային հարվածից Կիևի բնակելի շենքերից մեկի մի ամբողջ շթամուտքի փլուզման հետևանքով 24 մարդ զոհվեց: 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, լուսանկարը` ՍիվիլՆեթի
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, լուսանկարը` ՍիվիլՆեթի

Սակայն այս լարված ֆոնին մեր աչքից չվրիպեց զուտ կիևյան մեկ այլ՝ զարմանալի իրականություն: Քաղաքը համառորեն շարունակում է ապրել իր բնականոն առօրյայով: Ինչպես տեղացիներն են խոստովանում, անցած տարիների ընթացքում իրենք սովորել և հարմարվել են անգամ այս ծայրահեղ պայմաններին: Առավոտյան մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաներին տանում մանկապարտեզ ու դպրոց, ուսանողները հաճախում են բուհեր՝ համառորեն թույլ չտալով, որ պատերազմը խժռի իրենց կյանքը:

«Մենք նշում ենք տոները, գնում ենք հյուր, խնջույքներ ենք կազմակերպում: Ռուսաստանը խլել է մեր խաղաղությունը, բայց չի կարող մեզնից խլել նորմալ կյանք ունենալու մեր անկոտրում ձգտումը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Կիևի բնակիչներից մեկը:

Կիևի Անդրեևսկի զառիվայրն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի տեսանյութից
Կիևի Անդրեևսկի զառիվայրն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի տեսանյութից

Կա ևս մի ուշագրավ մանրուք, որն աչքի էր զարնում այդ օրերին Կիևի փողոցներում շրջելիս. պատերազմող երկրի մայրաքաղաքում գրեթե չենք հանդիպել իրավապահների կամ զինվորականների։ Ոստիկանների այս սակավությունը խոսում է ոչ թե պետական վերահսկողության թուլացման, այլ, ինչպես մեզ հայտնեցին, հասարակության բարձր ինքնակազմակերպման ու ներքին կարգապահության մասին։

Կիևի Միխայլովյան հրապարակում խոցված ռուսական զինտեխնիկայի ցուցադրություն, տեսանյութը` ՍիվիլՆեթի

Դրա ամենավառ դրսևորումը պարետային ժամն է։ Երկրում կեսգիշերից մինչև առավոտյան 05։00-ն հայտարարված է պարետային ժամ, և այդ կանոնը հիմնականում պահպանվում է, թեև դրա խախտման համար օրենքով անգամ տուգանք սահմանված չէ։

Լուսանկարում ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի
Լուսանկարում ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի

Ինչո՞վ է բացատրվում ինքնակարգավորման այս ֆենոմենը։ Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը մեզ հետ զրույցում տվեց այս երևույթի բացատրությունը. «Ուկրաինան, որպես պետություն և հասարակություն, լեգիտիմության մասին է, ոչ թե պարզապես լեգալության (օրինականության)։ Եթե ուկրաինացիները զգում են, որ օրենքը կամ սահմանված կարգն արդար է ու լեգիտիմ, նրանք անվերապահորեն կպահպանեն այն։ Եթե ոչ՝ որքան էլ այն լեգալ ու թղթով ամրագրված լինի, չեն հետևի դրան։ Այսօր հայտարարված պարետային ժամը հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում է որպես լեգիտիմ և արդարացված, ուստի մարդիկ ինքնակամ և առանց հարկադրանքի հետևում են դրան»։

Համազգային լռությունն ու կյանքեր փրկող Տելեգրամը

Հասարակական կազմակերպվածության ու համերաշխության մեկ այլ, շատ ավելի խորհրդանշական դրսևորում էլ կա։ Ամեն առավոտ՝ Կիևի ժամանակով 09:00-ին, ամբողջ Ուկրաինայում հայտարարվում է համազգային լռության րոպե՝ ի հիշատակ Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով զոհվածների: Ուշագրավ է, որ այս արարողակարգին առանձնահատուկ խստությամբ ու ակնածանքով են հետևում հատկապես հարաբերականորեն խաղաղ Լվովում, որն այս պատերազմում ընկալվում է որպես երկրի ամենախորը թիկունք: Այնտեղ, հեռու առաջնագծից, ժամը 09։00-ին կյանքը մեկ րոպեով կանգ է առնում: 

Լվովում առավոտյան ժամը 09:00-ին, մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգում են պատերազմում զոհվածների հիշատակը, էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից 
Լվովում առավոտյան ժամը 09:00-ին, մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգում են պատերազմում զոհվածների հիշատակը, էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից 

Սակայն օրվա մյուս ժամերին կյանքն անհամեմատ ավելի ակտիվ է այս քաղաքում, որտեղ ավելի հանգիստ են արձագանքում անգամ օդային տագնապին: 

Պատկեր Լվովի կենտորնից, լուսանկարը` ՍիվիլՆեթի
Պատկեր Լվովի կենտորնից, լուսանկարը` ՍիվիլՆեթի

Հասարակության մոբիլիզացիայի մասին է վկայում նաև քաղաքացիական պաշտպանության թվայնացումը: Հրթիռային կամ անօդաչուների հարվածների մասին մարդկանց զգուշացնում են նախօրոք՝ հատուկ բջջային հավելվածների և տելեգրամյան ալիքների միջոցով: Սա կենսական ժամանակ է տալիս, որպեսզի բնակիչները հասցնեն պատսպարվել ռմբապաստարաններում:

Ուկրաինական հակաօդային պաշտպանության և օդային հետախուզության աշխատանքն այս հարցում հասել է բավականին բարձր օպերատիվության: Այստեղ, անկասկած, վճռորոշ դեր ունի Արևմուտքի հետ հետախուզական տվյալների ակտիվ փոխանակումը: Այդ համագործակցության արդյունքում համակարգն այնքան է կատարելագործվել, որ հենց Ռուսաստանի տարածքում ռազմական օդանավն օդ է բարձրանում, տելեգրամյան ալիքներն ակնթարթորեն ահազանգում են հանրությանը՝ նշելով ոչ միայն օդանավի տեսակը կամ թռիչքի ուղղությունը, այլև հստակեցնելով, թե կոնկրետ ինչ տեսակի հրթիռներով է այն զինված: Սա պատերազմ է, որտեղ տեղեկատվությունը բառի բուն իմաստով դարձել է կյանքեր փրկող միջոց:

Լեզուն՝ որպես զենք և ինքնություն. Կիևի և Լվովի հակադրությունը

Այս ներքին կարգապահությունը, սակայն, ունի նաև մեկ այլ, շատ ավելի խորքային դրսևորում՝ լեզվական տրանսֆորմացիան։ Եթե Օդեսայի փողոցներում և սրճարաններում մարդիկ դեռևս հանգիստ և բնականոն կերպով շփվում են ռուսերեն, ապա Կիևում պատկերն արմատապես փոխվել է։

Մինչև 2014 թվականը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Կիևն ընդգծված ռուսախոս կամ, լավագույն դեպքում, հարմարավետ երկլեզու քաղաք էր, որտեղ անխոչընդոտ կարելի էր կիրառել ռուսերենը որպես կենցաղային շփման միջոց։ Այսօր ուկրաիներեն խոսքը գերիշխող է ամենուր։ Սա պարզապես լեզվական նախապատվություն չէ, սա ինքնության արմատական կերպարանափոխություն է: Շատ փորձագետների այն պնդումը, թե հենց Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ու արտաքին գոյաբանական վտանգն արագացրին և վերջնականապես ձևավորեցին հստակ ուկրաինական ազգային պետություն, Կիևի փողոցներում հաստատվում է ամեն քայլափոխի: Լեզուն այստեղ դարձել է և՛ վահան, և՛ ընդգծված քաղաքական դիրքորոշում:

Երկաթե կոնստրուկցիաներով պաշտպանված պատմամշակությաին արժեք ունեցող շենք Լվովում, լուսանկարը` ՍիվիլՆեթի
Երկաթե կոնստրուկցիաներով պաշտպանված պատմամշակությաին արժեք ունեցող շենք Լվովում, լուսանկարը` ՍիվիլՆեթի

Սրա ֆոնին հետաքրքիր փոփոխություն է նկատվում երկրի արևմուտքում` ավանդաբար և արմատապես ուկրաինախոս Լվովում։ Քաղաքում, որտեղ պատմականորեն ռուսերենով հաղորդակցվելն անգամ կենցաղային մակարդակում համարվում էր խիստ անցանկալի և չընդունված, այսօր փողոցներում անսպասելիորեն կարելի է լսել ռուսերեն խոսք: Բացատրությունը պարզ է. Ուկրաինայի արևելյան և հարավային առավելապես ռուսախոս մարզերից հազարավոր ներքին տեղահանվածներ պատերազմի պատճառով ապաստան են գտել հենց Լվովում: 

Արդյունքում, ճնշող մեծամասնությամբ ուկրաինախոս այս քաղաքն այժմ դարձել է նաև մի փոքր ռուսախոս: Լվովը, կարծես, պարզապես մի կողմ է դրել իր նախկին լեզվական խստությունը՝ համերաշխություն ցուցաբերելով և ապաստան տալով պատերազմից տուժած իր հայրենակիցներին:

Ի՞նչ է հաղթանակն ուկրաինացիների համար

Անօդաչուների անտեսանելի սպառնալիքի և ազգային ինքնության այս խորքային տեղաշարժերի ֆոնին Ուկրաինայում ամենասուր քննարկվող թեման մնում է պատերազմի ավարտը: 

Ի՞նչ է հաղթանակը այսօրվա Ուկրաինայի համար: Պարզվում է՝ այս հարցի պատասխանը նույնքան բազմաշերտ է, որքան երկրի ներքին տրամադրությունները և տարբերվում է՝ կախված նրանից, թե ում ես հարցնում՝ քաղաքական էլիտային, փորձագետներին, թե պատերազմն իր աչքերով տեսած ու վերապրած շարքային քաղաքացուն:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նշում է, որ ռազմավարական առումով իրենց մոտեցումները չեն փոխվել. «Գլոբալ առմամբ, անխոս, դա Ուկրաինայի տարածքների ամբողջական վերադարձն է»: Սակայն պաշտոնական Կիևն այսօր շատ ավելի պրագմատիկ է գնահատում մարտի դաշտի իրողությունները: Ըստ Պոդոլյակի՝ իշխանություններն իրատեսորեն են մոտենում այն փաստին, թե ում դեմ և ինչպես են կռվում, հատկապես հաշվի առնելով, որ այսօրվա Ուկրաինան էապես տարբերվում է պատերազմի սկզբի Ուկրաինայից:

«Մենք հասկանում ենք, որ պատերազմի ինչ-որ փուլում, ակտիվ ռազմական գործողություններին վերջ դնելու համար, անհրաժեշտ կլինի պարզապես սառեցնել իրավիճակը ճակատային գծով, իսկ հետո սկսել ծանր, բայց, չեմ կարծում՝ երկարատև բանակցային գործընթաց, որպեսզի Ռուսաստանը վերջնականապես դուրս գա մեր տարածքներից»,- նշում է նա։

Բայց եթե Կիևի քաղաքական միջանցքներում «ճակատի սառեցումը» կարող է դիտարկվել որպես մարտավարական քայլ, ապա փորձագիտական շրջանակներում դրան զգուշավորությամբ, երբեմն էլ մերժողաբար են վերաբերվում:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Հաննա Շելեստը, Օդեսայում ՍիվիլՆեթի հետ զրույցում, պատերազմի ավարտի մի քանի հավանական սցենար նկարագրեց։

Հաննա Շելեստը «Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի անվտանգության ուսումնասիրությունների և գլոբալ կապերի ծրագրերի տնօրենն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի
Հաննա Շելեստը «Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի անվտանգության ուսումնասիրությունների և գլոբալ կապերի ծրագրերի տնօրենն է, լուսանկարը` ՍիվիլՆեթի

«Հակամարտության սառեցումը» նա համարում է ամենավտանգավոր ծուղակներից մեկը: «Դա ոչ մի խնդիր չի լուծի, այլ պարզապես կձգձգի պատերազմը: Նման դադարն առաջին հերթին կենսականորեն ձեռնտու է Ռուսաստանին՝ ուժեր կուտակելու և տնտեսությունը վերականգնելու համար, քանի որ Մոսկվայի ռեժիմն ու նրա նպատակները չեն փոխվելու»,- նշում է նա: 

Էլ ավելի վատ տարբերակ է նա հանարում արևմտյան որոշ ԶԼՄ-ներում քննարկվող «կորեական սցենարը»: Փորձագետը պատմում է, որ երբ այս գաղափարի շուրջ զրուցել է հենց կորեացի վերլուծաբանների հետ, վերջիններս ապշել են. «Դուք իսկապե՞ս ուզում եք երկրորդ Հյուսիսային Կորեա ունենալ Եվրոպայի կենտրոնում»:

Այս կիսալուծումների փոխարեն, ըստ Շելեստի, Ուկրաինային անհրաժեշտ է պատերազմի հստակ և վերջնական ավարտ, որի միակ երաշխիքը ռուսական զորքերի 100 տոկոսանոց դուրսբերումն է ողջ տարածքից՝ ներառյալ Դոնբասն ու Ղրիմը։ 

«Այն սկսվել է Ղրիմում և պետք է ավարտվի Ղրիմում»,- մեջբերում է նա ուկրաինացիների շրջանում արմատավորված համոզմունքը՝ հավելելով մի ուշագրավ նրբերանգ. զուտ լոգիստիկ տեսանկյունից ռուսների համար Ղրիմից հեռանալը նույնիսկ ավելի հեշտ կլինի, քան Դոնբասից։

Սակայն այս դիրքորոշումը միայն աշխարհագրության մասին չէ: Շելեստն ընդգծում է, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների համար պայքարը ոչ թե քառակուսի կիլոմետրերի կամ հողակտորի, այլ առաջին հերթին մարդկանց համար է: «Ի տարբերություն հետխորհրդային այլ, չլուծված հակամարտությունների, որտեղ գոնե մասամբ պահպանվել են մշակութային տարրեր, Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանն իրականացնում է ինքնության տոտալ ջնջման քաղաքականություն»,- եզրափակում է փորձագետը՝ ցույց տալով, որ ժամանակի ձգձգումն ուղղակիորեն նշանակում է ուկրաինական ինքնության կորուստ այդ տարածքներում:

Մինչդեռ հաղթանակի վերաբերյալ հասարակական ընկալումները խորը տրանսֆորմացիայի են ենթարկվել այն վայրերում, որտեղ մարդիկ իրենց աչքերով են տեսել պատերազմի ամենադաժան օրերը: Կիևի արվարձան Բուչայում, որի փողոցներում 2022-ի գարնանը գրվեց այս պատերազմի ամենաողբերգական էջերից մեկը, հաղթանակի չափորոշիչներն այլ են:

Բուչայի զոհերի հիշատակի հուշահամալիրը (Կիևի մարզ)։ Բացվել է 2023թ. հուլիսին՝ քաղաքային զբոսայգու մուտքի մոտ։ Հուշապատին փորագրված է 2022թ. գարնանը ռուսական օկուպացիայի ընթացքում զոհված 501 խաղաղ բնակչի անուն: Լուսանկարը` ՍիվիլՆեթի
Բուչայի զոհերի հիշատակի հուշահամալիրը (Կիևի մարզ)։ Բացվել է 2023թ. հուլիսին՝ քաղաքային զբոսայգու մուտքի մոտ։ Հուշապատին փորագրված է 2022թ. գարնանը ռուսական օկուպացիայի ընթացքում զոհված 501 խաղաղ բնակչի անուն: Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Բուչայի բնակիչ Լեոնիդ Չերկասսկին, որը վերապրել է ռուսական օկուպացիան, ՍիվիլՆեթի այն հարցին, թե որն է իր համար հաղթանակը, տալիս է մի պատասխան, որտեղ գերակշռում է գոյատևման գործոնը. «Հաղթանակը մեր պետականությունն է: Թե ինչ սահմաններում կլինի այն, արդեն երկրորդական հարց է: Մենք պետք է պահպանենք մեր ինքնությունը, մեր լեզուն և ինքներս մեզ՝ անկախ նրանից, թե որքան կլինեն սահմանները: Մենք գործ ունենք մի հորդայի հետ, որի համար որևէ սուրբ բան գոյություն չունի»:

Բուչայի բնակիչ Լեոնիդ Չերկասսկին է, որը վերապրել է բանակավայրի ռուսական օկուպացիան և ինչպես ինքն է պնդում՝ «հրաշքով փրկվել», էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից
Բուչայի բնակիչ Լեոնիդ Չերկասսկին է, որը վերապրել է բանակավայրի ռուսական օկուպացիան և ինչպես ինքն է պնդում՝ «հրաշքով փրկվել», էկրանապատկերը` ՍիվիլՆեթի տեսանյութից

Այս երեք տարբեր՝ մարտավարական, անզիջում և գոյաբանական մոտեցումները ի ցույց են դնում այն բարդ ճանապարհը, որով այսօր անցնում է Ուկրաինան: Որքան էլ փորձես օբյեկտիվորեն լուսաբանել Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ընթացող այս հակամարտությունը, որի աշխարհաքաղաքական ցնցումներն ու ազդեցությունը Հարավային Կովկասի վրա չեն թուլանում, միևնույն է՝ լիովին ընկալել դրա իրական ծանրությունը գրեթե անհնար է։ Ուկրաինան շարունակում է ապրել նշանառության տակ՝ նույնիսկ, երբ կարճ ժամանակով տագնապի շչակները լռում են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում