Արդեն հինգերորդ տարին է, ինչ Ուկրաինան ապրում է պատերազմում: Պետությունն ամբողջությամբ տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա, իսկ հասարակությունը մոբիլիզացված է հանուն տոտալ դիմադրության: Սակայն երկրի ներսում տրամադրությունները միատարր չեն. դրանք փոխվում են քաղաքից քաղաք, մարզից մարզ՝ արտացոլելով յուրաքանչյուր համայնքի կրած ցավն ու հարմարվողականության աստիճանը:
Գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) կազմակերպած լրագրողական այցի շրջանակներում, Մոլդովայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած լրագրողների խմբի հետ, հինգ օր անցկացրինք Ուկրաինայում: Վերջին անգամ այստեղ եղել էի 2021-ի նոյեմբերին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից ամիսներ առաջ: Պատերազմող երկրի պայմաններում երթուղին կազմված էր բավականին ընդգրկուն՝ Օդեսայից Կիև և Լվով, պայմանական առաջնագծից դեպի խորը թիկունք: Ճանապարհին կանգառներ էին նախատեսված Բուչայում և Իրպինում՝ Կիևի այն արվարձաններում, որտեղ գրվել են այս հակամարտության ամենաողբերգական էջերը:

Օդային մեկուսացում և «Օդեսա-մամայի» թունելները
Ուկրաինայի երկնքի փակ լինելու պատճառով արտաքին աշխարհի հետ կապը հիմնականում ապահովում են Քիշնևի (Մոլդովա) և Վարշավայի (Լեհաստան) օդանավակայանները։ Քիշնև ժամանելուն պես ականատես ես լինում մի տեսարանի, որն արդեն չորս տարի է՝ սովորական է դարձել տարածաշրջանի համար. ուղևորների մի ստվար մասը շտապում է ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ փնտրում է տաքսիներ և միկրոավտոբուսներ, որոնք անդադար մարդկանց են տեղափոխում Օդեսա և Կիև:
Երկու ժամ անց մենք արդեն մոլդովա-ուկրաինական սահմանին էինք, իսկ անձնագրային ժամանակատար ստուգումներից հետո մուտք գործեցինք Օդեսայի արվարձաններ:
Քաղաքի արդյունաբերական գոտում մեր վարորդը՝ ծագումով օդեսացի, ռուսերենով (Օդեսայում շարունակում են խոսել ռուսերեն) սկսեց պատմել քաղաքի հարուստ քրեական անցյալի մասին: Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից բուռն տնտեսական աճն ու նավահանգստային կարգավիճակն Օդեսան վերածել էին ոչ միայն առևտրականների, այլև հանցագործ աշխարհի ձգողական կենտրոնի։ Այդպես ծնվեց «Օդեսա-մամա» լեգենդը՝ իր յուրահատուկ հումորով և գողական «պատվո կոդեքսով»:
Ըստ վարորդի՝ հենց այդ քրեական ժառանգության մի մասն են կազմում արդյունաբերական գոտու բնակելի տների ու շենքերի նկուղներից դեպի քաղաքի կենտրոն ձգվող ճյուղավորված թունելները (կատակոմբները), որոնցով ժամանակին իրականացվել է մաքսանենգությունը։ Այսօր դրանց մի մասը վերածվել է պարզապես տնային նկուղների՝ մուտքերը դեպի ընդհատակյա լաբիրինթոս փակված են:
Ուրվական-քաղաքը և պաշտպանված հիշողությունը
Կյանքով լեցուն և վառ կոլորիտով հայտնի Օդեսան այսօր, հատկապես երեկոյան ժամերին, վերածվում է ուրվական-քաղաքի: Մշակութային շենքերի պատուհանները ծածկված են նրբատախտակներով (ֆաներաներով). սա արվում է, որպեսզի հրթիռակոծությունների ժամանակ առաջացող հարվածային ալիքից չկոտրվեն պատմական արժեք ներկայացնող ապակիները։

Ավազի պարկերով և այլ կոնստրուկցիաներով պաշտպանված են նաև քաղաքի արձանները: Դրանց թվում է Օդեսայի խորհրդանիշ՝ Դյուկ դը Ռիշելյեի (Արման-Էմանուել դյու Պլեսի) բրոնզե արձանը, որը կանգնեցվել է 1828 թվականին: Ֆրանսիացի ազնվականը, որը 1803-1814 թվականներին եղել է քաղաքապետն ու նահանգապետը, ժամանակին Օդեսան վերածել էր միջազգային խոշոր նավահանգստի, իսկ այսօր նրա հուշարձանը լռելյայն սպասում է խաղաղության:

Դրան զուգահեռ Օդեսայի փողոցներում քայլելիս անհնար է չնկատել գրեթե ամեն քայլափոխի հանդիպող հսկայական գեներատորները, որոնց աղմուկն այժմ դարձել է քաղաքի առօրյայի անբաժան ուղեկիցը: Տեղի բնակիչներին և բիզնեսներին այլընտրանքային հոսանքով ապահովող այս սարքերը երկրում դեռևս չհաղթահարված էներգետիկ ճգնաժամի ամենախոսուն ցուցիչն են։ Դրանք ամենօրյա կենցաղային հիշեցում են այն ծանր հետևանքների մասին, որոնք թողել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական պարբերական ու կործանարար օդային հարվածները:

Լրագրությունը՝ թիրախի տակ. ադրենալին և «Չույկա»
Օտարերկրյա լրագրողների համար Ուկրաինայում աշխատելը մասնագիտական մարտահրավեր է՝ միախառնված պատմություններ գտնելու գայթակղությամբ, բնական վախով և տագնապով: Տեղացիների ընկալումն այլ է:
«Դրսից եկած լրագրողների համար այս սարսափը նկարելը ադրենալին է։ Մեզ համար ադրենալինն այն է, երբ կարողանում ենք պարզապես հանգիստ տեղ գնալ»,- երեկոյան ընթրիքի ժամանակ մեզ հետ անկեղծացավ տեղացի լրագրողներից մեկը Օդեսայի և Խերսոնի տարածաշրջանային «Մեդիաբազա» կենտրոնում:

Պատերազմն արմատապես փոխել է լրագրողների աշխատանքի կանոնները. փորձ, որն ուսանելի կարող է լինել նաև հայաստանյան մեդիայի համար, որը նույնպես գործում է կամ գոնե մինչև վերջերս աշխատել է էսկալացիայի սպառնալիքի տակ։ Այստեղ լրագրողները սկսել են կիրառել ԱԹՍ-ների հայտնաբերման անհատական միջոցներ: Դրանցից մեկը «Чуйка» կոչվող սարքն է:

Այն շարժական դետեկտոր է (ռադիոէլեկտրոնային հետախուզության սարք), որը նախատեսված է FPV-դրոնների և այլ անօդաչուների հայտնաբերման համար։ Սարքը նախազգուշացնում է վտանգի մասին մի քանի կիլոմետր հեռավորությունից՝ տալով թաքնվելու համար կենսականորեն անհրաժեշտ վայրկյաններ։
«Այժմ ուկրաինացի լրագրողները, վարորդներն ու զինվորականները, որոնք հատկապես աշխատում են առաջնագծում, առանց այս սարքի դուրս չեն գալիս»,- ցուցադրելով երկու ձեռքի ափում տեղավորվող, սև ալեհավաքներով հագեցած սարքը՝ նշեց կենտրոնի ներկայացուցիչը:
Լռող դրոններն ու զենքի արտահանման դիլեման
Նույն մեդիաբազայում ծավալված զրույցները բացահայտեցին հոգեբանական այն ծանր վիճակը, որին բախվում են տեղացիները: Ռուսական կողմից արձակվող արդեն շատերին լավ ծանոթ «Շահեդ» տիպի կամիկաձե-դրոնների հանդեպ վախն այստեղ փոխակերպվել է:
««Շահեդն» ինքնին այնքան էլ վախենալու չէ, վախենալու չէ անգամ նրա տհաճ ձայնը: Իսկական սարսափն այն է, երբ այդ ձայնն անջատվում է հենց քո գլխավերևում, ինչը նշանակում է, որ այն սկսել է գահավիժել ու հարվածելու է,- պատմում է ուկրաինացի գործընկերը՝ հավելելով: - Ես հաճախ չեմ էլ գնում լուսաբանելու հերթական հարվածը, իմաստ չեմ տեսնում այդ արյունն ու ողբերգությունը ցուցադրելու, այն անքան շատ է: 2022-23 թվականներին հեռացած և այժմ Ուկրաինա վերադարձող մարդկանց համար այս ամենը սարսափ է, իսկ մենք սովորել ենք…, թեև սրան անհնար է հարմարվել»:
Շարունակությունը՝ հաջորդիվ
Արշալույս Մղդեսյան











