Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու մասին։ Ի պատասխան՝ Թևանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրել է ադրբեջանական շահերը սպասարկելու և պետությունը կործանման տանելու մեջ։
Հայաստանում առանց այն էլ լարված նախընտրական քարոզարշավն այս փոխադարձ հայտարարություններից հետո թևակոխել է կոշտ հռետորաբանության և սուր մեղադրանքների նոր փուլ։
Կոշտ մեղադրանքներ ընդդիմության հասցեին
Վանաձրում մայիսի 20-ի երեկոյան նախընտրական հավաքի ժամանակ ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայությունն արդեն այսօր` մայիսի 21-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ակնկալելով գործ հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության» հոդվածով:
Այս հայտարարությունը հաջորդում է այլ քաղաքական գործիչներին ուղղված կոշտ քննարդատություններին, երբ Փաշինյանն ավելի վաղ օտարերկրյա գործակալ լինելու մեջ մեղադրել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին: Ինչպես նաև հայտարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի պետականացման մասին` նեշելով, որ շուտով գործարանը կանցնի պետության կառավարման տակ:
Առանց այդ էլ լարված Հայաստանի նախընտրական կյանքում մեղադրնքներն ավելի ակտիվացան ռուսական The Insider-ի հրապարակմանից հետո, ըստ որի՝ 1999-ին Կալուգայում ստացած արտասահմանյան անձնագրի տվյալների բազայում աշխատանքի վայրը նշված է՝ ИЦ ФСБ («Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»)։
Հայաստանում ռուսական գործակալական ցանցի բացահայտմանը նվիրված այս հոդվածում, որը ՌԴ ԱԳՆ-ն արդեն որակել է որպես «կեղծիք» և «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մեղելու ևս մեկ փորձ», շրջանառվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը և անձնագրի պատճեն:
Ընդդիմության հակադարձումը
Արձագանքելով այս զարգացումներին՝ ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում խիստ գնահատական է տվել Փաշինյանի ութամյա կառավարմանը՝ նշելով, որ իրավական կամայականությունների և «ապօրինությունների համար գործող» ղեկավարն ի վերջո անձամբ է պատասխան տալու Ադրբեջանին յուրաքանչյուր զիջման դիմաց։
Թևանյանը հակադարձել է հնչած հայտարարություններին՝ «պետական դավաճան» անվանելով Նիկոլ Փաշինյանին և պնդելով, որ կառավարությունը հետևողականորեն օտարում է հայկական տարածքները և Հայաստանը վերածում օտարի «վտանգավոր ներկայացումների հարթակի»։
Ամփոփելով իր ելույթը՝ նա վերահաստատել է ընդդիմության վճռականությունն իշխանության «դեօկուպացիայի գործընթացը» մինչև վերջ հասցնելու հարցում՝ հորդորելով հասարակությանը համախմբվել ազգային ուժերի շուրջ՝ «պետականության վերջնական կործանումը կանխելու և արդարությունը վերականգնելու համար»։












