Հայաստանը ամենաուշը երկու տարուց կունենա Եվրամիության հետ վիզաների ազատականացում։ Այս մասին մայիսի 24-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ 2018-2025 թվականներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մեկնողների թիվն աճել է 500 տոկոսով, ինչն ազդել է գործընթացի վրա։
«Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև 2018-2025-ին ՀՀ-ից ԵՄ մեկնողների թիվը 500 տոկոսով աճել է»,- ասել է Փաշինյանը։
Վստահեցրել է, որ ամենաուշը երկու տարում կլուծվի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը։
«Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք՝ երկու եվրո է»,- հավելել է Փաշինյանը։












