Գլխավոր Լրահոս

Վրաստանը տուգանել է ընդդիմադիր հեռուստաալիքին՝ հեռարձակման չափանիշները խախտելու մեղադրանքով

Վրաստանը տուգանել է ընդդիմադիր հեռուստաալիքին՝ հեռարձակման չափանիշները խախտելու մեղադրանքով

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովը ընդդիմադիր Formula հեռուստաալիքին տուգանել է 2500 լարիով (940 դոլար)։ Պատժամիջոցը կիրառվել է իշխող կուսակցության՝ 2025-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա։ Դրանք վերաբերում են հեռարձակողների լուսաբանման չափանիշների կարգավորմանը։

Հաղորդակցությունների հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ապրիլին իրականացված մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ «Formula-ի լրատվական ծրագրերում արձանագրվել են անկողմնակալության և հավասարակշռության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտման դեպքեր, այդ թվում՝ հաղորդավարների և լրագրողների անձնական կարծիքների տարածում»։

Հանձնաժողովի խոսքով՝ քանի որ հեռուստաալիքը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ստացել էր գրավոր նախազգուշացում «նմանատիպ խախտումների» համար, որոշվել է կիրառել «նվազագույն տուգանք»։

Media Checker-ը հայտնել է, որ հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել Formula-ի լրատվական թողարկումների նկատմամբ ապրիլի 21-23-ը։

Կիրառած արտահայտություններից, որոնք կարգավորող մարմինը համարել է խախտում, եղել են «Վրացական երազանքի կառավարության ղեկավար», «Բիձինա Իվանիշվիլիի կառավարություն», «ռեժիմի դատական համակարգ» և «իշխանամետ Rustavi 2 [հեռուստաընկերություն]» ձևակերպումները։ Հանձնաժողովը դրանք գնահատել է որպես հեռարձակման մասին օրենքում ամրագրված արդարության և անկողմնակալության սկզբունքի խախտում։

Այս արտահայտությունները հաճախ օգտագործվում են կառավարության քննադատների կողմից, հատկապես 2024-ի հոկտեմբերի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ բազմաթիվ քննադատներ և ընդդիմախոսներ հրաժարվեցին ճանաչել կամ առնվազն կասկածի տակ դրեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա կառավարության լեգիտիմությունը։

Կարգավորող մարմինը նաև մեղադրել է Formula-ին հավասարակշռության սկզբունքը խախտելու մեջ՝ ապրիլի 22-ի լրատվական թողարկման ընթացքում՝ Դյուշենի մկանային դիստրոֆիա (DMD) ունեցող հիվանդների ծնողների՝ դեղորայքի հասանելիության պահանջի վերաբերյալ ռեպորտաժում։ Հանձնաժողովի համաձայն՝ Formula-ն ներկայացրել է «միայն ծնողների դիրքորոշումը, մինչդեռ Առողջապահության նախարարության այլընտրանքային բացատրությունը կամ մեկնաբանությունը չի ներառվել ռեպորտաժում»։

Formula-ն OC Media-ին հայտնել է, որ որոշումը պաշտոնապես ստանալուց հետո այն կբողոքարկի։

Մինչ տուգանքի կիրառումը հանձնաժողովը նախազգուշացրել էր Formula-ին, ինչպես նաև ընդդիմադիր Pirveli հեռուստաալիքին և իշխանամետ Imedi ու POSTV ալիքներին՝ հայտարարելով, որ դրանք խախտել են հեռարձակման մասին օրենքի որոշ հոդվածներ։ Այդ ժամանակ մարմինը Imedi-ի դեպքում արձանագրել էր ընդամենը չորս խախտում, POSTV-ի դեպքում՝ յոթ, մինչդեռ Formula-ի մոտ արձանագրվել էր 20, իսկ Pirveli-ի մոտ՝ 18 խախտում։

Ավելի վաղ՝ 2025-ի հունիսին, հանձնաժողովը Formula-ին և Pirveli-ին նույնպես ճանաչել էր օրենքը խախտող՝ «Վրացական երազանքի» բողոքներից հետո, որոնք հեռուստաալիքներին մեղադրում էին հակակառավարական լեզու օգտագործելու մեջ։

Իշխող կուսակցությունը 2025-ի գարնանը փոփոխել էր հեռարձակման մասին օրենքը՝ կարգավորելով հեռարձակողների լուսաբանման չափանիշները թե՛ եթերում, թե՛ նրանց սոցիալական ցանցերում։

Նախկին օրենսդրությամբ հեռարձակման չափանիշների խախտումների արձագանքման իրավասությունը պատկանում էր հենց հեռարձակողների ներսում գործող ինքնակարգավորվող մարմիններին։ Սակայն 2025-ի փոփոխություններով նույն իրավասությունը տրվել է նաև պետական մարմնի՝ Հաղորդակցությունների հանձնաժողովին։

2026-ի հունվարին հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Գոգա Գուլորդավան։ Նա նախկինում նույնպես հանձնաժողովի անդամ էր։

Մարտին, երբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց վրացական երկու իշխանամետ հեռուստաալիքների՝ POSTV-ի և Imedi-ի դեմ, ինչին հետևեց իշխանությունների կոշտ արձագանքը, հանձնաժողովը հայտարարեց, որ եթե նախկինում արձագանքում էր միայն բողոքներին, ապա այսուհետ պրոակտիվ կհետևի հեռարձակման մասին դրույթների կիրառմանը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում