Հնդկաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև խորացող համագործակցությունը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում Պարսից ծոցի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Թեև Նյու Դելին ձգտում է ամրապնդել իր դիրքերը Միջին Արևելքում՝ էներգետիկ անվտանգության և տնտեսական շահերի շրջանակում, այդ գործընթացը նաև հարցեր է առաջացնում տարածաշրջանային անվտանգության, գոյություն ունեցող դաշինքների և իսլամական աշխարհի ներսում ձևավորվող նոր հարաբերակցությունների վերաբերյալ։ Moderndiplomacy.eu կայքում հրապարակված հոդվածը նշում է, որ Հնդկաստան-ԱՄԷ-Իսրայել մերձեցման արագությունն ու խորությունը անհարմար հարցեր են առաջացրել այն մասին, թե որտեղ են ավարտվում առևտրային շահերը և որտեղ է սկսվում աշխարհաքաղաքական վերադասավորումը։
Երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 15-ին ժամանեց Աբու Դաբի՝ սկսելով հինգ երկրներով իր շրջագայությունը, այցը ներկայացվեց էներգետիկ անվտանգության և տնտեսական համագործակցության համատեքստում։ Հնդկաստանն ու ԱՄԷ-ն ստորագրեցին համաձայնագրեր, որոնք վերաբերում են ռազմավարական նավթային պաշարներին, հեղուկացված նավթային գազի (LPG) մատակարարումներին, պաշտպանական համագործակցությանը և շուրջ 5 մլրդ դոլարի նոր ներդրումային պարտավորություններին։ Երկկողմ առևտրաշրջանառությունն արդեն երկրորդ անընդմեջ տարին գերազանցել է 101 մլրդ դոլարը, և կողմերը նպատակ են դրել այն հասցնել 200 մլրդ դոլարի մինչև 2032-ը։ Գործընկերության տնտեսական տրամաբանությունը ակնհայտ է։
Սակայն, երբ Հնդկաստանի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում ընդլայնվում է, հատկապես ԱՄԷ-ի միջոցով, հարց է ծագում, թե ինչ է նշանակում այս խորացող հարաբերությունը մի տարածաշրջանի համար, որն արդեն իսկ բացառիկ լարվածության պայմաններում է։ Այս գործընկերությունը ռազմավարական հետևանքներ ունի, որոնք շատ ավելի լայն են, քան պարզապես առևտուրը, և շոշափում է Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) ներսում առկա լարվածությունները, Ծոցի անվտանգության ճարտարապետության փոփոխվող համակարգը և երկարամյա տարածաշրջանային գործընկերությունների դերը, որոնք հեշտությամբ հնարավոր չէ փոխարինել։
Հարաբերություններ, որոնք հարցեր են առաջացնում
Հնդկաստանի ներգրավվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում գնալով ավելի է հատվում Իսրայելի հետ նրա ռազմավարական հարաբերությունների հետ: Շահերի այս համընկնում վաշիգնտոնյան Միջին Արևելքի ինստիտուտը (Middle East Institute) բնութագրել է որպես ձևավորվող «հնդկա-աբրահամյան դաշինք», որը հիմնված է ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի վրա։ Թեև նման համախմբումները կարող են ծառայել ներգրավված կողմերի ազգային շահերին, դրանք նաև լարվածություն են առաջացնում ավելի լայն իսլամական աշխարհում։ Քննադատները պնդում են, որ Պարսից ծոցի այն երկրները, որոնք ավելի են մերձենում թե՛ Հնդկաստանին, թե՛ Իսրայելին, վտանգում են թուլացնելու այնպիսի կառույցների միասնականությունը, ինչպիսին է Իսլամական համագործակցության կազմակերպությունը (OIC)՝ մի ժամանակ, երբ Պաղեստինի նման հարցերում համերաշխությունն արդեն իսկ լուրջ խնդիր է։
Սա չի նշանակում, թե Պարսից ծոցի երկրները պետք է խուսափեն իրենց գործընկերությունների դիվերսիֆիկացիայից։ Տնտեսական պրագմատիզմը արտաքին քաղաքականության լիովին օրինաչափ շարժիչ ուժ է։ Սակայն Հնդկաստան-ԱՄԷ-Իսրայել մերձեցման արագությունն ու խորությունը անհարմար հարցեր են առաջացրել այն մասին, թե որտեղ են ավարտվում առևտրային շահերը և որտեղ է սկսվում աշխարհաքաղաքական վերադասավորումը․ հարցեր, որոնք կարևոր են ոչ միայն տարածաշրջանային մեկնաբանների, այլև ամբողջ իսլամական աշխարհի այն հասարակությունների համար։
Անկայուն հիմք
Հնդկաստանի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄԷ-ի՝ որպես հիմնական գործընկերոջ դիտարկումը տեղի է ունենում նաև այն պահին, երբ Ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) զգալի ներքին լարվածություն է ապրում։ ԱՄԷ-ի՝ 2026-ի ապրիլի վերջին ՕՊԵԿ-ից դուրս գալը՝ տարիներ շարունակ Սաուդյան Արաբիայի հետ արդյունահանման քվոտաների շուրջ տարաձայնություններից հետո, ընդգծում է Ծոցի երկու ամենահզոր պետությունների միջև աճող տարանջատումը։ Լարվածությունը միայն նավթով չի սահմանափակվում։ 2025-ի վերջին և 2026-ի սկզբին Սաուդյան Արաբիան ուժեղացրեց ճնշումը Եմենում ԱՄԷ-ի աջակցությունը վայելող Հարավային անցումային խորհրդի նկատմամբ, մինչդեռ Սուդանում և Սոմալիում մրցակցող շահերը ավելի են սրել հարաբերությունները։
Սրանցից ոչ մեկը չի նշանակում, թե ԱՄԷ-ն անվստահելի գործընկեր է։ Սակայն դա նշանակում է, որ Հնդկաստանն իր տարածաշրջանային շահերը կապում է մի պետության հետ, որի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի՝ Ծոցի տարածաշրջանի էներգետիկ քաղաքականության, անվտանգության համակարգման և կրոնական հեղինակության առանցքային դերակատարի հետ, փոփոխական փուլում են։ Նյու Դելիի համար հարցն այն է, թե արդյոք հիմնականում Աբու Դաբիի վրա կառուցված ռազմավարությունն ապահովում է բավարար ռազմավարական խորություն մի տարածաշրջանում, որտեղ Ռիադի կենտրոնական դերը շարունակում է դժվար շրջանցելի մնալ։
Անվտանգության կապերի կշիռը
Հնդկաստան-ԱՄԷ տնտեսական միջանցքը տպավորիչ է, սակայն միայն տնտեսական ներգրավվածությունը չի կարող վերարտադրել անվտանգային այնպիսի ճարտարապետություն, որը տասնամյակներ շարունակ ձևավորել է Պարսից ծոցի տարածաշրջանը։ Այդ համակարգում Պակիստանի դերը շարունակում է էական մնալ։ 2025-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրեցին Ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագիր՝ պաշտոնական պաշտպանական դաշինք, որը երկու երկրներին պարտավորեցնում է ապահովել հավաքական անվտանգություն։ 2026-ի սկզբին Պակիստանը, ըստ հաղորդումների, Սաուդյան Արաբիայում տեղակայել էր մոտ 8,000 զինծառայող, JF-17 կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ հարաբերությունների գործնական խորության շոշափելի ցուցադրություն։
Պակիստանի պաշտպանական կապերը Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) երկրների հետ լայնածավալ և ինստիտուցիոնալ բնույթ ունեն՝ կառուցված տասնամյակների համատեղ զորավարժությունների, ուսումնական համագործակցության և տարածաշրջանային ճգնաժամերի ժամանակ ռազմական տեղակայումների վրա։ Աշխարհագրական մոտիկության, ինչպես նաև Ծոցի հասարակությունների հետ խոր մշակութային և կրոնական կապերի հետ միասին, այս հարաբերությունները տարածաշրջանային կարգի կառուցվածքային բաղադրիչ են, այլ ոչ թե պարզապես գործարքային պայմանավորվածություն։ Ենթադրությունը, թե աճող առևտրաշրջանառությունը կարող է փոխարինել նման արմատավորված գործընկերությանը, կարող է խաթարել ըմբռնումը, թե իրականում ինչպես է գործում Ծոցի անվտանգության համակարգը։
Սփյուռքի գործոնը
ԱՄԷ-ում բնակվող Հնդկաստանի 4,3 միլիոնանոց սփյուռքը, որը երկրի բնակչության 38 տոկոսն է, հաճախ ներկայացվում է որպես ռազմավարական առավելություն։ Համայնքի տնտեսական ներդրումը նշանակալի է և ընդունված։ Սակայն մեծ սփյուռք ունեցող համայնքները նաև բարդություններ են առաջացնում։ Միջազգային զեկույցները փաստագրել են Պարսից ծոցի տարածաշրջանում աշխատանքային պայմանների և աշխատողների կեցության հետ կապված շարունակական խնդիրներ, իսկ «էմիրաթականացման» քաղաքականությունը, որ ուղղված է ազգային աշխատուժի մասնակցության մեծացմանը, կարող է նոր ճնշումներ ստեղծել արտագնա աշխատուժի այն մոդելի վրա, որի վրա հիմնվել են այս հարաբերությունները։
Այլ կերպ ասած՝ ժողովրդագրական ներկայությունը երկսայրի սուր է, որը կարող է միաժամանակ ստեղծել թե՛ ազդեցության լծակներ, թե՛ խոցելիություններ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային աշխատաշուկաներն ու քաղաքական տրամադրությունները։
Նայելով ապագային
Հնդկաստանի քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանում տրամաբանական է՝ հաշվի առնելով երկրի մեծ բնակչությունն ու տնտեսական ուժը։ Սակայն Նյու Դելին տարածաշրջանում իր ներկայությունը մեծացնում է բարդ պայմաններում․ այն ավելի է մերձենում Իսրայելին, հենվում է ԱՄԷ-ի վրա, որը խնդիրներ ունի որոշ հարևանների հետ, և փորձում է իր տեղը գտնել մի համակարգում, որտեղ անվտանգության հին գործընկերությունները դեռ ուժեղ են։ Այդ պատճառով այս քաղաքականությունը ավելի մանրամասն քննարկման կարիք ունի։
Միջին Արևելքում տարածաշրջանային կայունությունը պահանջում է զգույշ հավասարակշռում, այլ ոչ թե նոր մրցակցային դինամիկայի ներմուծում արդեն իսկ գերծանրաբեռնված միջավայր։ Հնդկաստանի աճող ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում կարճաժամկետ հեռանկարում կարող է ծառայել Նյու Դելիի շահերին, սակայն դրա երկարաժամկետ ազդեցությունը տարածաշրջանային համախմբվածության վրա շարունակում է մնալ բաց և կարևոր հարց։












