Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էր շուրջ 150 իսրայելցի, արտակարգ ազդանշաններ արձակելուց հետո շեղել է ուղղությունն ու վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Reuters-ը։
Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ ազդանշանների պատճառն օդաչուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել, թեև ուղևորների վկայություններով՝ ինքնաթիռում դանակով զինված տղամարդ է եղել։
Flightradar24-ի տվյալներով՝ Boeing 737 օդանավը Հորդանանի երկնքում 30 վայրկյանից էլ պակաս ժամանակում կտրուկ իջել է շուրջ 14,000 ֆուտով։ Դրանից հետո այն փոխանցել է արտակարգ իրավիճակի և ապօրինի միջամտության ազդանշաններ, ապա վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։
Իսրայելցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ արտակարգ ազդանշանները տրվել են օդաչուների ֆիզիկական բախումից հետո։ Իսրայելի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Դորոն Սպիլմանը նշել է, որ տեղի ունեցածը ինքնաթիռի առևանգում չէ։ «Flydubai»-ն իր հերթին հաստատել է թռիչքի ընթացքում գրանցված միջադեպը՝ ընդգծելով, որ բոլոր ուղևորներն անվնաս են։
Ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է դանակով տղամարդը օդաչուներից մեկին գետնին տապալել։ Տեղի ունեցածը անվտանգային լուրջ արձագանք է առաջացրել Իսրայելում, որը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։












