Սեպտեմբերի 30-ին FlyDubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող օդանավի հրամանատար Սմիթ Մաչհարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է հայտնել երկրորդ օդաչուի հարձակման և օդանավն ու 174 ուղևորներին ու անձնակազմի 6 անդամներին աղետից փրկելու ընթացքի մասին։ Զրույցի ձայնագրությունը հրապարակել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։
Մաչհարի պատմելով՝ հարձակումը սկսվել է այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն խնդրել է թույլատրել աղոթել խցիկում, ինչը սովորական է թվացել, և օդանավի հրամանատարը հարգանքից ելնելով հետ չի շրջվել։ Մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը ուժգին հարված է զգացել և սկզբում կարծել է, թե ինքնաթիռին բան է պատահել, սակայն հաջորդ հարվածից հետո հասկացել է, որ իր վրա հարձակվում է երկրորդ օդաչուն։
Օդանավի հրամանատարը մեկ անգամ բացել է խցիկի դուռը, սակայն երկրորդ օդաչուն այն փակել է, ինչից հետո Մաչհարը ընկել է հատակին։ Հարվածներից նրա տեսողությունը խիստ մշուշվել է, և նա զգացել է, որ ինքնաթիռը կտրուկ գահավիժում է։ Նա փորձել է նորից բացել խցիկի դուռը, մինչդեռ դրսից ուղևորները փորձում էին ներս մտնել մուտքի կոդի միջոցով, սակայն երկրորդ օդաչուն ներսից շարունակում էր փակել այն։
Նեթանյահուի հարցին ի պատասխան՝ օդանավի հրամանատարը պարզաբանել է, որ խցիկի դուռը ներսից փակվում է պտտվող բռնակով, իսկ դրսից հնարավոր է բացել հատուկ կոդով։
Մաչհարը հիշել է, որ ինքնաթիռի անկման ընթացքում լսվում էր օդի շվոցը և ուղևորների ճիչերը։ Ծանր վիճակում գտնվող օդանավի հրամանատարը, հասկանալով, որ դա իր վերջին փորձն է, կրկին ձգվել է դեպի դուռը՝ կանխելով աղետը և փրկելով 174 ուղևորի ու անձնակազմի 6 անդամի կյանք։
Իսրայելի վարչապետը օդանավի հրամանատարին անվանել է «անհավանական քաջությամբ» հերոս և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին հրավիրել է նրան վառելու Իսրայելի Անկախության օրվա տոնական ջահը․ սա բարձրագույն պատիվ է, որը սովորաբար վերապահվում է միայն երկրի քաղաքացիներին։ «Դուք Հնդկաստանի ու Իսրայելի արի ժողովուրդների իսկական հերոսն եք և ամբողջ աշխարհի հերոսը։ Մաղթում եմ Ձեզ շատ շուտափույթ և լիարժեք ապաքինում»,- ասել է Նեթանյահուն Սմիթ Մաչհարին։












