Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հոկտեմբերի 11-ին շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը․ մասնակիցները պահանջում են ընտրությունների գլխավոր հանձնակատար Գյանեշ Կումարի հրաժարականը։
Ցուցարարների դժգոհության պատճառը ընտրողների ցուցակների վերանայումն է, որը, քննադատների պնդմամբ, առավելություն է տալիս վարչապետ Նարենդրա Մոդիի իշխող «Բհարաթիա Ջանատա» կուսակցությանը։
Ընտրողների ցուցակների ստուգման ընթացքում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալները վկայակոչող BJP-ի, ցուցակներից հեռացվել է շուրջ 130 միլիոն անուն։ Նրանցից 63 միլիոնը տեղափոխվել է այլ բնակավայրեր, իսկ 30 միլիոնի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել։
Ընտրական հանձնաժողովը և իշխող կուսակցությունը հերքում են ընտրական գործընթացը մանիպուլացնելու մեղադրանքները։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ցուցակներից անունների հեռացումը անհամաչափորեն ազդում է մահմեդական ընտրողների և այլ փոքրամասնությունների վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի առաջին օրը ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2000 մարդու և շրջափակել մայրաքաղաքի կենտրոնը։
Կիրակի քաղաքում շարունակում են ծառայություն իրականացնել ոստիկանության հազարավոր աշխատակիցներ։ Կիրակի վաղ առավոտյան դատարանի որոշմամբ ազատ են արձակվել «Cockroach Janta Party» կուսակցության հիմնադիր Աբհիջիթ Դիպկեն և շարժման ևս երկու առաջնորդ։ Նրանք ձերբակալվել էին շաբաթ օրը՝ Դելի ժամանելուց հետո։
«Cockroach Janta Party»-ն սկզբնապես ձևավորվել էր որպես առցանց երգիծական նախագիծ, սակայն հետագայում վերածվել է իշխանությունների վրա ճնշում գործադրող շարժման։ Կուսակցությունը հայտարարել է, որ շարունակելու է ցույցերը մինչև Հնդկաստանի ընտրական համակարգի բարեփոխումը։
Հնդկաստանում 2027 թվականի սկզբին մի շարք նահանգային ընտրություններ են սպասվում։












