Գլխավոր Լրահոս

«Կալաշնիկովի» արտադրություն՝ տեղում. Հնդկաստանը նվազեցնում է կախվածությունը ռուսական սպառազինությունից

«Կալաշնիկովի» արտադրություն՝ տեղում. Հնդկաստանը նվազեցնում է կախվածությունը ռուսական սպառազինությունից

Հնդկաստանն առաջին անգամ արտադրել և հաջողությամբ փորձարկել է AK-203 «Sher» ինքնաձիգ, որի բոլոր բաղադրիչներն ու արտադրության համար անհրաժեշտ նյութերը հնդկական ծագում ունեն, գրում է South China Morning Post-ը։ Նյու Դելին սա ներկայացնում է որպես երկրի պաշտպանական արդյունաբերության ինքնաբավությանն ուղղված կարևոր քայլ՝ հատկապես ռուսական սպառազինությունից կախվածությունը նվազեցնելու համատեքստում։ 

AK-203-ը ռուսական «Կալաշնիկով» ընտանիքի ժամանակակից տարբերակներից է։ Հնդկաստանում այն արտադրվում է Uttar Pradesh նահանգի Ամեթի քաղաքում՝ հնդկա-ռուսական Indo-Russian Rifles Private Limited (IRRPL) համատեղ ձեռնարկությունում։ Ընկերությունը ստեղծվել է 2019-ին՝ ռուսական տեխնոլոգիաների փոխանցման հիման վրա Հնդկաստանում ինքնաձիգների արտադրություն կազմակերպելու համար։

Օգոստոսի 23-ին գործարանում փորձարկված նոր տարբերակը ստացել է «Sher»՝ «Վագր» անվանումը։ Նախկինում Հնդկաստանում հավաքվող AK-203-ների մի շարք բաղադրիչներ ներմուծվում էին, մինչդեռ նոր նմուշի դեպքում, արտադրողի պնդմամբ, ամբողջ մատակարարման շղթան տեղայնացվել է։

«Մենք հաջողությամբ արտադրել և կրակային փորձարկման ենք ենթարկել առաջին AK-203-ը՝ պատրաստված 100 տոկոսով հնդկական բաղադրիչներից և նյութերից»,- հայտարարել է IRRPL-ի գլխավոր գործադիր տնօրեն, գեներալ-մայոր Սուդհիշ Կումար Շարման։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե առանձին դետալների տեղայնացման, այլ արտադրության ամբողջական՝ սկզբից մինչև վերջ տեղայնացման մասին է։

Ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ տեղայնացված ինքնաձիգների նոր խմբաքանակ պատրաստել և սեպտեմբերին տրամադրել Հնդկաստանի բանակին՝ փորձարկումների համար։ Հետագայում արտադրության արագությունը նախատեսվում է հասցնել մոտավորապես մեկ ինքնաձիգի յուրաքանչյուր 100 վայրկյանում։

Հին INSAS-ի փոխարեն՝ «Կալաշնիկով»

AK-203-ը պետք է աստիճանաբար փոխարինի Հնդկաստանի զինված ուժերում օգտագործվող INSAS ինքնաձիգներին, որոնց հուսալիության վերաբերյալ դժգոհություններն ի հայտ էին եկել դեռ 1990-ականներին։

Խնդիրները հատկապես ակնհայտ էին դարձել 1999-ի Կարգիլի պատերազմի ժամանակ, երբ հնդիկ զինվորականները Պակիստանի աջակցությունը վայելող ուժերի դեմ կռվում էին Հիմալայների բարձրադիր և ցուրտ պայմաններում։ Զինվորականները բողոքում էին, որ INSAS-ը երբեմն խափանվում էր, իսկ պլաստիկ պահունակները ցածր ջերմաստիճանի պայմաններում կարող էին ճաքել։

AK-203-ը կիրառում է 7.62×39 մմ փամփուշտ, ունի 30 փամփուշտանոց պահունակ և հիմնված է «Կալաշնիկովի» հայտնի կառուցվածքի վրա։ Հնդկական աղբյուրների համաձայն՝ այն կարող է րոպեում արձակել մոտ 700 կրակոց։

Հնդկաստանի համար, սակայն, ծրագրի նշանակությունը միայն բանակի հին ինքնաձիգները փոխարինելը չէ։ Այն «Make in India» և «Atmanirbhar Bharat»՝ «Ինքնաբավ Հնդկաստան» քաղաքականությունների մի մասն է, որոնց միջոցով Նյու Դելին փորձում է սեփական տարածքում ձևավորել սպառազինության ամբողջական արտադրական շղթաներ։

IRRPL-ը պարտավորվել է Հնդկաստանի զինված ուժերի համար արտադրել ավելի քան 600,000 AK-203։ Ընկերությունը հայտարարել է, որ արտադրության ընդլայնման շնորհիվ ամբողջ պատվերի մատակարարումը կարող է ավարտել նախատեսված ժամկետից շուտ։

Ռուսաստանից կախվածության նվազեցում

Այս գործընթացն ավելի լայն նշանակություն ունի Հնդկաստանի համար։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը եղել է երկրի զինված ուժերի սպառազինության հիմնական աղբյուրներից մեկը։ Հնդկական բանակում և ռազմաօդային ուժերում ռուսական ծագման բազմաթիվ համակարգեր կան՝ Su-30MKI կործանիչներից մինչև նավեր ու սուզանավեր։

Սակայն վերջին տարիներին Նյու Դելին աստիճանաբար փորձում է դիվերսիֆիկացնել մատակարարումները՝ սպառազինություն ձեռք բերելով նաև Ֆրանսիայից, Իսրայելից և Միացյալ Նահանգներից, միաժամանակ մեծացնելով սեփական արտադրությունը։ Այս միտումը լրացուցիչ նշանակություն է ստացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պայմաններում, երբ Մոսկվայի պաշտպանական արդյունաբերության առաջնահերթություններից մեկը դարձել է սեփական զինված ուժերի պահանջարկի ապահովումը։

AK-203-ի նախագիծն այս առումով հետաքրքիր հակասություն է պարունակում․ Հնդկաստանը ռուսական զենքից կախվածությունը նվազեցնում է՝ ռուսական տեխնոլոգիան յուրացնելով և դրա արտադրությունն իր տարածքում ամբողջությամբ տեղայնացնելով։

Այսինքն՝ Նյու Դելիի նպատակը պարտադիր չէ հրաժարվել ռուսական տեխնոլոգիաներից։ Ավելի շուտ այն փորձում է հրաժարվել պատրաստի զենքի և բաղադրիչների ներմուծումից՝ տեխնոլոգիան, արտադրական գիտելիքն ու մատակարարման շղթան տեղափոխելով Հնդկաստան։

Արտադրական ծրագիրն արդեն նաև արտահանման հեռանկար ունի։ IRRPL-ը դիտարկում է Հնդկաստանում արտադրված AK-203-ների վաճառքը արտաքին շուկաներում, այդ թվում՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում