Եվրամիությունն ու Հնդկաստանը վերանայում են միմյանց նկատմամբ մաքսային քաղաքականությունը՝ ազատ առևտրի համաձայնագրով ճանապարհ բացելով առևտրային խոչընդոտների նվազեցման և տնտեսական կապերի ընդլայնման համար։ ԵՄ-ի հնդկական քաղաքականության մասին գրում է Բեռլինի Գիտության և քաղաքականության գերմանական ինստիտուտի հետազոտող Թոբիաս Շոլցը։
2026 թվականի հունվարի 27-ին Եվրամիությունն ու Հնդկաստանը հայտարարեցին ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Նյու Դելի կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այն անվանեց «բոլոր գործարքների մայրը»՝ ընդգծելով համաձայնագրի քաղաքական նշանակությունը թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ միջազգային առևտրի համար։
Նոր տեսակի համաձայնագիր
Տնտեսական առումով ԵՄ–Հնդկաստան առևտրային համաձայնագիրը նշանակալի է․ նախատեսվում է նվազեցնել կամ վերացնել Հնդկաստան արտահանվող եվրոպական ապրանքների 97 տոկոսի մաքսատուրքերը։ Աշխարհի խոշորագույն տնտեսական կենտրոններից երկուսի միջև այս առաջին խոշոր երկկողմ առևտրային համաձայնագրի շնորհիվ ակնկալվում է մինչև 2032 թվականը կրկնապատկել ԵՄ արտահանումը Հնդկաստան։
Այնուամենայնիվ, սա ավելի շատ առևտրային, քան ազատ առևտրի համաձայնագիր է։ Գյուղատնտեսության նման զգայուն ոլորտներն ազատականացվում են միայն մասամբ, պետական գնումները ներառված չեն, իսկ ոչ սակագնային բազմաթիվ խոչընդոտներ պահպանվում են։ Որոշ ոլորտներում, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, մաքսատուրքերը կնվազեցվեն աստիճանաբար՝ տասը տարվա ընթացքում։ Սա հարցեր է առաջացնում, թե որքան արագ կդրսևորվեն համաձայնագրի տնտեսական որոշ արդյունքները։
Քաղաքական հավակնությունների և սահմանափակ ազատականացման միջև այս տարբերությունը չպետք է դիտարկել պարզապես որպես համաձայնագրի թերություն։ Այն արտացոլում է ԵՄ–Հնդկաստան ձևավորվող հարաբերությունների բնորոշ առանձնահատկությունը։
Ի տարբերություն Եվրոպայի ավանդական գործընկերություններից շատերի՝ Հնդկաստանի նկատմամբ ԵՄ մոտեցման հիմքում ընդհանուր արժեքները, նման ռազմավարական մտածողությունը կամ վաղուց ձևավորված վստահությունը չեն։ Սա ռազմավարական գործընկերություն է, որին երկու կողմերն ավելի ու ավելի են ձգտում անհրաժեշտությունից ելնելով։
Միջազգային խոշոր ցնցումները ճնշման տակ են դնում Եվրոպայի և Հնդկաստանի տնտեսական մոդելները։ Երկուսն էլ գիտակցում են առևտրային կապերը բազմազանեցնելու, աշխարհատնտեսական ռիսկերը նվազեցնելու և նոր գործընկերություններ զարգացնելու աճող անհրաժեշտությունը։
Համաշխարհային իրադարձությունները՝ համագործակցության խթան
Մինչև վերջերս Եվրոպան ապավինում էր Միացյալ Նահանգների հետ անվտանգության գործընկերությանը, Չինաստանի արտահանման շուկային և Ռուսաստանից ներմուծվող էժան հանածո վառելիքին։ Մի քանի տարվա ընթացքում այս երեք կախվածություններն էլ վերածվեցին խոցելիության աղբյուրների։
Չինաստանի նկատմամբ սպառնալիքի ընկալման ձևավորումն առաջին խթանը տվեց ԵՄ–Հնդկաստան մերձեցմանը։ Չինաստանի վերաբերյալ ԵՄ՝ 2019 թվականի համատեղ մեսիջը Պեկինը բնորոշեց որպես գործընկեր, մրցակից և հակառակորդ։ Դրան հաջորդած Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունն ընդգծեց Նյու Դելիի հետ հարաբերությունների կարևորությունը։
Հնդկաստանի ռազմավարական շրջանակներն իրենց հերթին ավելի հստակ սկսեցին տեսնել Եվրոպայի հետ շահերի համընկնումը այն բանից հետո, երբ Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցան վերջին տասնամյակների ընթացքում առաջին մահաբեր բախումները։ Միաժամանակ Հնդկաստանը տնտեսական հնարավորություն տեսավ՝ եվրոպական երկրների համար ներկայանալով որպես Չինաստանին լրացնող արտադրական և մատակարարման այլընտրանք՝ «Չինաստան գումարած մեկ» մոտեցման շրջանակում։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկիզբը ևս խթանեց Հնդկաստանի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ ջանքերը։ Այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ներխուժման մեկնարկից երկու ամիս անց հայտարարեցին ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին, ընդգծեց Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու քաղաքական մտադրությունը։
Թեև շատ փորձագետներ կասկածում էին, որ բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի, ի վերջո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքային պահանջները Բրյուսելում և Նյու Դելիում հրատապության զգացում առաջացրին։ Երկու մայրաքաղաքներում որոշում կայացնողները գիտակցեցին, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը կարևոր ազդակ կլինի այն պայմաններում, երբ տնտեսական փոխկախվածությունն ավելի հաճախ է օգտագործվում որպես ճնշման գործիք։
Առևտրային համաձայնագիրը՝ ավելի լայն մերձեցման հիմք
ԵՄ–Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն ու բովանդակությունն արտացոլում են առևտրային գործարքների նկատմամբ Բրյուսելի ձևավորվող քաղաքական մոտեցումը։
Ի տարբերություն նախկին բազմաթիվ համաձայնագրերի՝ այս գործարքը ռազմավարական մերձեցման արդյունք չէ։ Այն նախատեսված է ապագայում շահերի ավելի լայն համընկնում ձևավորելու համար։ Օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Եվրոպան ու Հնդկաստանը երկար ժամանակ տարաձայնություններ են ունեցել տարբեր հարցերի շուրջ՝ արտոնագրային իրավունքներից մինչև գյուղատնտեսական սուբսիդիաներ։
Տնտեսական անվտանգության ոլորտում Հնդկաստանը դիտարկվում է որպես ավելի ու ավելի կարևոր գործընկեր՝ մատակարարման շղթաների դիմակայունության, արհեստական բանականության կառավարման և կանաչ անցման շուրջ համագործակցության համար։ Այս հարցերը սերտորեն կապված են առևտրի և ներդրումների հետ, իսկ նոր համաձայնագիրը պետք է դառնա ընդհանուր մոտեցումներ գտնելու մեկնակետ։
Բրյուսելում նաև հույս ունեն, որ ԵՄ-ի և Հնդկաստանի միջև փոխզիջումները կարող են նպաստել ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը՝ ավելի լայն առումով համադրելով Գլոբալ հյուսիսի և Գլոբալ հարավի տնտեսական շահերը։
Առևտրային բանակցությունների ավարտը նշանակալի է նաև այն պատճառով, որ առանցքային ոլորտներում երկու գործընկերները շարունակում են տարբեր առաջնահերթություններ ունենալ։
Գերմանիան Հնդկաստանը դիտարկում է որպես մեքենաների, ավտոմեքենաների և այլ արդյունաբերական ապրանքների արտահանման համար գնալով ավելի կարևոր շուկա։ Հնդկաստանն իր հերթին ցանկանում է ավելի շատ եվրոպական ներդրումներ ներգրավել՝ զարգացնելու տեղական նորարարությունն ու արտադրությունը և ստեղծելու աշխատատեղեր։
Եվրոպայում և Հնդկաստանում համաձայնագրի շուրջ քննարկումները ևս ցույց են տալիս այս տարբերությունները։ Եվրոպական կողմը շարունակում է ընդգծել, որ Հնդկաստանը, ի տարբերություն ԵՄ-ի, բարձր մաքսատուրքեր ունեցող երկիր է, և կոչ է անում Նյու Դելիին դրանք նվազեցնել ավելի լայն շրջանակում։ Հնդկաստանի քաղաքական շրջանակներն էլ պարբերաբար քննադատում են ԵՄ կարգավորումները, որոնք, նրանց գնահատմամբ, ոչ սակագնային խոչընդոտներ են ստեղծում։
Նյու Դելիի պնդմամբ՝ ածխածնային սահմանային ճշգրտման մեխանիզմի՝ CBAM-ի նման միջոցները հնդկական ընկերությունների համար նոր խոչընդոտներ են առաջացնում եվրոպական շուկա մուտք գործելիս։ Երբ Հնդկաստանը բարձրացնում է այս հարցը, եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին մատնանշում են Հնդկաստանի որակի վերահսկման պարտադիր պահանջները՝ դրանք ևս համարելով հովանավորչական միջոցներ։
Այս տարաձայնությունները ցույց են տալիս այն խոչընդոտները, որոնք կողմերը ստիպված էին հաղթահարել առևտրի շուրջ ընդհանուր հայտարարի հասնելու համար։
Հնդկաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է՝ վերջինիս առջև ծառացած մի շարք կառուցվածքային խնդիրների լուծման տեսանկյունից։ Համաձայնագրին հասնելու համար եվրոպացի բանակցողներն ավելի պատրաստակամ են եղել փոխզիջումների և ազատ առևտրի բանակցություններում ԵՄ ավանդական մոտեցումից շեղվելու հարցում։
Այսպիսով, համաձայնագիրն իր ընդգրկմամբ և խորությամբ ավելի սահմանափակ է, քան ԵՄ նախորդ առևտրային համաձայնագրերը։ Միաժամանակ այն քաղաքական հավակնոտ նախագիծ է՝ ձևավորելու գործընկերություն, որը հավանաբար կզարգանա նաև անվտանգության, առևտրի և որակավորված աշխատուժի միգրացիայի ոլորտներում։
Այս պահին կողմերին միավորում է միջազգային կարգի խաթարումներից և կլիմայի փոփոխության նման համաշխարհային մարտահրավերներից բխող ռիսկերի համանման ընկալումը։ Երկու կողմերի քաղաքական առաջնորդները հույս ունեն, որ առևտրային համաձայնագիրը, որն ինքնին այդ մերձեցող գնահատականների արդյունքն է, ապագայում կնպաստի շահերի ավելի մեծ համընկնմանը։
Համաձայնագիրը կարևոր քաղաքական ազդակ է, որ Հնդկաստանը ԵՄ-ի համար առաջնահերթություն է։ Այն նախատեսված է դառնալու հետագա համագործակցության խթան։
Հոդվածը հրապարակվել է ft.lk
Հնդկաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է՝ վերջինիս առջև ծառացած մի շարք կառուցվածքային խնդիրների լուծման տեսանկյունից։ Համաձայնագրին հասնելու համար եվրոպացի բանակցողներն ավելի պատրաստակամ են եղել փոխզիջումների և ազատ առևտրի բանակցություններում ԵՄ ավանդական մոտեցումից շեղվելու հարցում։
Այսպիսով, համաձայնագիրն իր ընդգրկմամբ և խորությամբ ավելի սահմանափակ է, քան ԵՄ նախորդ առևտրային համաձայնագրերը։ Միաժամանակ այն քաղաքական հավակնոտ նախագիծ է՝ ձևավորելու գործընկերություն, որը հավանաբար կզարգանա նաև անվտանգության, առևտրի և որակավորված աշխատուժի միգրացիայի ոլորտներում։
Այս պահին կողմերին միավորում է միջազգային կարգի խաթարումներից և կլիմայի փոփոխության նման համաշխարհային մարտահրավերներից բխող ռիսկերի համանման ընկալումը։ Երկու կողմերի քաղաքական առաջնորդները հույս ունեն, որ առևտրային համաձայնագիրը, որն ինքնին այդ մերձեցող գնահատականների արդյունքն է, ապագայում կնպաստի շահերի ավելի մեծ համընկնմանը։
Համաձայնագիրը կարևոր քաղաքական ազդակ է, որ Հնդկաստանը ԵՄ-ի համար առաջնահերթություն է։ Այն նախատեսված է դառնալու հետագա համագործակցության խթան։
Հոդվածը հրապարակվել է ft.lk կայքում։












